«Աղջկա ուզողը, որ գալիս ա՝ պտի տաս». հումորն ու իրականությունը

Աղջիկների եւ կարտոֆիլի համեմատության թեման կարծես թե պետք է մարեր գյուղնախարարի ներողությունից հետո, սակայն պարզվում է սոցիալական ցանցերում քննարկումները շարունակվել են, այս անգամ  երիտասարդ ակտիվիստների կողմից  կազմակերպված ակցիայի  եւ դրա նպատակահարմարության շուրջ:  Թեմային է անդրադառնում «Հայկակական ժամանակ» թերթի խմբագիր Աննա Հակոբյանը՝ փորձելով  բացատրել  թե ինչու նախարարի  անմեղ համեմատության դեմ մի խումբ   երիտասարդների  ընդվզումն այդպես սրերով ընդունվեց հասարակության ավելի մեծ հատվածի կողմից…

 

… Այս ակցիան մարդկային էր, զուտ մարդկային: Այն նրա մասին էր, որ եթե կարտոֆիլը բանջարեղեն է, ցանողի եւ աճեցնողի սեփականությունը, եւ այն որպես ապրանք պետք է ինչ-ինչ հանգամանքներում տալ ուրիշներին, ապա աղջիկը մարդ է: Այնպիսի մարդ, ինչպես տղան: Նա ունի հոգի, գիտակցություն, ճաշակ, նախասիրություններ, երազանքներ, ձգտումներ, ցանկություններ, պատիվ, ինքնասիրություն, աշխարհի եւ մարդկանց մասին պատկերացումներ: Այսինքն՝ աղջիկը իր ծնողի ապրանքը չէ, որին կարելի է որոշակի հանգամանքներ հաշվի առնելով տալ սրան-նրան:

 

Ահա սա էր ակցիայի  մեսիջը…  Բայց   ակցիայի ասելիքը շատ լուրջ դիմադրության հանդիպեց: Երեկ՝ ակցիան ավարտվելուց հետո, մինչեւ ուշ գիշեր, ֆեյսբուքում քննարկվում էր ակցիայի նպատակահարմարությունն առհասարակ: Հասարակության կորիզը հանդիսացող որոշակի խավի ներկայացուցիչներ խիստ մտահոգ հարց էին բարձրացնում, թե մի՞թե մեր երկրում ավելի լուրջ բան չկար ակցիա անելու համար: Նրանք պնդում էին, որ գյուղնախարարը հումորով է ասել, ինչ ասել է, եւ բացի այդ՝ դա դարերից եկած ժողովրդական ասացվածք է:

Թերեւս կարիք չկա ասելու, որ այս պնդումների հեղինակները բացառապես տղամարդիկ էին: Ընդ որում, կարծես թե  բոլորը բարձրագույն կրթությամբ, զարգացած, սեփական գործի գիտակ, համոզված ենք՝ երաժշտության, գրականության, արվեստի մեջ՝ բարձրաճաշակ, եւ այլն:

 

Հարց է առաջանում՝ ինչո՞ւ են նրանք այդպես սրերով ընդունում մի քանի երիտասարդի խորհրդանշական քայլը եւ մեսիջը, որ աղջիկն ու ապրանքը նույն բանը չեն:

 

Այս հարցի պատասխանը շատ խորն է թաքնված, բազմաշերտ է, թերեւս գիտական ուսումնասիրությունների թեմա, բայց ունի խիստ մատչելի եւ պրիմիտիվ տարբերակ եւս: Այն է՝ որովհետեւ նրանք, ինչպես մենք բոլորս, ծնվել, մեծացել եւ դաստիարակվել են ժողովդրական այդ ասացվածքի ներքո: Եւ նախարարի հիշատակածը միակը չէ, դա ընդամենը դարեր շարունակ հասարակության մտածողությունը ձեւավորած ասացվածքների ամբողջական փաթեթի մի փոքրիկ մասն է: Փորձեմ վերհիշել նույն փաթեթի մյուս կտորները: Եվ այսպես՝

 

–         Աղջկա ուզողը որ գալիս ա, պտի տաս:

–         Ոչինչ քո մարդն ա, ցերեկը կծեծի, գիշերը կսիրի:

–         Տղամարդը, որ տուն ա մտնում, կինը պետք ա զգաստանա:

–         Սարթ մարդ ա, ոչ տղերքը, ոչ հարսները, ոչ էլ կնիկը իրավունք չունեն առաջը ծըպըտան:

–         Լավ կինը ամուսնու խոսքին չի հակառակվի:

–         Տղամարդն ինչ ա, տուն եկավ՝ տները մաքուր լինեն, ճաշը պատրաստ լինի, մյուս օրվա մաքուր շոր ունենա, գիշերն էլ իր ուզածը ստանա (խրատ մեծ կանանցից երիտասարդ հարսներին)…

–         Կնոջը շատ լավա պահում, հագցնում ա ըստ պահանջի, մանա տալիս ըստ պահանջի, բայց հետն էլ խիստ ա, առանց իրա թույլտվության իրավունք չունի մի քայլ անի:

–         Տղամարդը ձեռքը պետք ա կնգա գլխին բամփած պահի:

–         Բա դա տղամարդ ա, փալաս ա, կնգա փեշի տակ մտած, տղամարդը, որ ձեռքը չխփի սեղանին ու տանն ամեն ինչ իրա ասածով չլինի, էլ ինչ տղամարդ:

–         Էշի բեռը ինչքան ծանր ա լինում, էնքան արագ ա վազում (համեմատությունն արվում է երիտասարդ հարսների «պատվին», ովքեր իրար ետեւից երեխա են ծննդաբերել, պետք է նրանց մասին հոգ տանեն, տները մաքուր պահեն, ճաշը եփած, ամուսնու շորերը արդուկած…)

–         Քո մարդն ա, ուր էլ գնա, որտեղ էլ գիշերն անցկացնի, վերջում տուն ա գալու, սուս արած տեղդ նստի, սկանդալ մի սարքի, վրադ ավելորդ խոսակցություն մի բեր:

–         Ման եկող մարդ ա, բայց կնգան գլխին դրած ա պահել, նրա կնիկը շուկայի տեղը չգիտի, խանութ գնացած չկա:

–         Տղամարդը կնգան երես չպիտի տա:

–         Կոշտ (իսկական) տղամարդ ա, երեք երեխա են մեծացրել, մի անգամ բարուր գրկած չկա:

–         Կնգան բռի մեջ ա պահում:

 

Այս բոլոր խոսքերը մենք մեր կյանքի առաջին իսկ օրվանից  լսել ենք տարբեր հանգամանքներում, սրանցից ոմանք՝ մեր ընտանիքիներում, մյուսները մայրիկների ու հարեւանուհիների խոսակցությունների ժամանակ, բարեկամների տներում, տատիկների զրույցներում, հարսանիքների, թաղումների՝ կանանց սեկցիաներում:  Վերը բերվածները իհարկե էլի ամբողջական չեն, համոզված եմ՝ յուրաքանչյուրը կարող է հարստացնել այս ցանկը սեփական հիշողությունը լարելով:

 

Ահա թե ինչու նախարարի  անմեղ համեմատության դեմ թեկուզ մի քանի երիտասարդի ընդվզումն այդպես սրերով ընդունվեց հասարակության ավելի մեծ հատվածի կողմից:

 

Որովհետեւ ժողովրդկան մեկ այլ խոսք էլ կա. «Կաթի հետ մտածը, հոգու հետ դուրս կգա»: Վերոնշյալ ժողովրդական ասացվածքները գրեթե կաթի հետ են մտել մեր մեջ ու իրենց հաստատուն տեղը գրավել՝ անսասան մնալով կարդացած հարյուրավոր գրքերի, արվեստի գործերից ստացած ներշնչանքի, ավարտած ինստիտուտների, մագիստրատուրաների առաջ:

 

Եւ եթե մենք՝ այդ թվում երեկվա ակցիայից դիսկոմֆորտի զգացողություն ունեցած մարդիկ, չեն ցանկանում իրենց չքնաղ աղջնակին տալ առաջին իսկ ուզողին, որ հանկարծ տանը չմնա, չեն ցանկանում, որ իրենց գեղեցկուհուն ամուսինը ցերեկը ծեծի, գիշերը սիրի, հետո իշու նման բարձի, կամ՝ ձեռքը գլխին բամփած պահի, եւ կամ՝ որեւէ բույսի նման գլխին դրած պահի, ապա պետք է ջանք գարծադրենք:

 

Մենք իսկապես չենք ցանկանում, որ մեր աղջիկների հետ այդպես վարվեն, ու դրա համար ընտրել ենք ամենակարճ ու հեշտ ճանապարհը՝ աբորտ ենք անում աղջիկ երեխաներին եւ շպրտում աղբանոցը՝ կեր դարձնելով ագռավների համար:

 

Բայց դա անաստված ճանապարհ է, ոչ մի տեղ չտանող, եւ վայել չէ հինավուրց եւ իմաստուն այնպիսի ժողովրդի, ինչպիսին մենք ենք:

 

Ինչ-որ մի պահից, եւ գուցե երիտասարդների ակցիան հենց այդ պահն են ազդարարում, պետք  է սկսենք խոսել այս խնդրի մասին, ըստ որում՝ այն կարողանալով տարբերել «եվրոպաներից ներմուծվող այլասերությունից, ֆեմինիզմից, գենդերային հավասարությունից»:

 

Բոլոր նրանք, ովքեր վախենում են, որ երիտասարդների կարտոֆիլային ակցիան իր ետեւց կբերի եվրոպական այդ արատավոր երեւույթները, պետք է հանգիստ լինեն: Հասարակությունը, քննարկելու համար տղամարդու եւ կնոջ հավասարության հարցերը, դեռ պետք է ընդունի, որ կինը մարդ է այնքան, որքան տղամարդը: Իսկ մենք, ինչպես մեր ժողովրդական հարյուրավոր խոսքերը, մեր նախարարի լեզվի սայթաքումն են փաստում, դեռ շատ հեռու ենք այդ գիտակցությունից:

 

Այնպես որ, հավասարության մասին բարդագույն բանավեճը պետք է սիրահոժար թողնենք հեռու սերունդներին, իսկ մենք պետք է մտածենք ընդամենը մեր աղջիկներին մարդավայել, արժանապատիվ կյանքով ապրելու հնարավորություն տալու մասին:

 

Հոդվածը ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ.

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքւմ.

 

Նախարարը ներողություն խնդրեց անհաջող համեմատության համար

 

 

Դիտումների քանակը` 4547

Գլխավոր էջ