«1915 թվականի կանայք». Ամեն վայրագություն, ի վերջո, պարտվում է մարդասիրության առաջ…

«1915 թվականի կանայք» (Women of 1915), ամերիկահայ ռեժիսոր Պարետ Մարոնյանի նկարահանած ֆիլմը Հայոց ցեղասպանության մասին։ Ցեղասպանություն տեսած հայ կնոջը ֆիլմ նվիրելու գաղափարն առաջ է եկել Ցեղասպանության որբերը ֆիլմից հետո:

 

 

«1915 թվականի կանայք» վավերագրական ֆիլմը տարբեր ենթավերնագրերից բաղկացած վավերագրական կինոպատում է՝ փաստագրական արժեքավոր հետազոտություն, որը ներկայացնում է Հայոց ցեղասպանության տարիներին ( և դրանից հետո) հայ որբերի և կանանց փրկության գործում հսկայական դեր ունեցած հայ և օտարազգի կանանց պատմությունները: Ներկայացնելով ցեղասպանության տարիներին հայ կնոջ ոդիսականը ֆիլմը բացահայտում է մահվան ճանապարհը հաղթահարած, զավակներին կորստից փրկած և օտար ափերում օջախը վառ պահած կնոջ կերպարը, ինչպես նաև օտարազգի կանանց դերակատարումը հայ որբահավաքի գործում:

 

 

Ռեժիսոր, պրոդյուսեր Պարետ Մարոնյանը  Հայաստանի հանդիսատեսին ծանոթ է մասնավորապես իր «Ցեղասպանության որբերը»  վավերագրական ֆիլմով, որը  2014 թ. ցուցադրվել է  «Ոսկե ծիրան» կինոփառատոնում:

 

«Երբ աշխատում  էի  «Ցեղասպանության որբերը»  ֆիլմի վրա, նկատեցի, որ ամեն փրկված որբուկի հետևում մի կին է կանգնած: Կա´մ  հայ կին, կա´մ  օտար:  Ես խուսափում  եմ  իրականում  օտար բառն օգտագործելուց:  Ավելի լավ է ասեմ՝ ոչ հայ: Նրանք հարազատից էլ հարազատ էին մեզ:  ԱՄՆ-ից, Եվրոպայից, Սկանդինավյան երկրներից երիտասարդ կանայք, իրենց հանգիստ, հանդարտ կյանքը թողնելով,  պատերազմի ու սարսափի մեջ  հայ կանանց ու երեխաների  էին փրկում: Նրանցից շատերն իրենց ամբողջ կյանքը նվիրեցին մեր ժողովրդին նույնիսկ  Ցեղասպանությունից հետո: Վերջիններս անգամ  հայացած էին,  որովհետև հայերի հետ էին ապրում, յուրացրել էին հայերի կենցաղը, հայկական ճաշեր էին ուտում,  հայկական երգեր լսում, լեզու սովորում, հայկական սովորություններ էին որդեգրել:  Այս ֆիլմով ուզում էի ցույց տալ նաև, թե որքան մեծ էր նրանց սերը մեր ժողովրդի հանդեպ: Այս բացառիկ կանանց մասին պատմությունները ես հակադրել եմ վայրագությունների մղձավանջին: Ամեն վայրագություն, ի վերջո, պարտվում է մարդասիրության առաջ », – պատմում է   ռեժիսոր Պարետ Մարոնյանը:

 

 Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել անցյալ տարի Նյու Ջերսիում, ապա ցուցադրվել  է Սիդնեյում, Մելբուռնում, Լոս Անջելեսում, Տորոնտոյում և այս տարի  ցուցադրությունները շարունակվել են  աշխարհի այլ քաղաքներում: Այս կարճ ժամանակահատվածում  Ֆիլմը մի շարք մրցանակների է արժանացել:  Լոս Անջելեսում կայացած  «Արփա» կինոփառատոնում ստացել է  «Արմին Վեգներ» մարդասիրական մրցանակը, դրանից առաջ այն ստացել էր Ամերիկայի հեռուստատեսային արվեստների և գիտության ազգային ակադեմիայի  (NATAS) տարածաշրջանային ամենամյա «Էմմի» մրցանակաբաշխության մրցանակը  լավագույն ռեժիսուրայի համար:   Տորոնտոյում կայացած «Նուռ» փառատոնում ֆիլմը ստացավ միանգամից երեք մրցանակ՝ փառատոնի պատվավոր «Ոսկե նուռ» , «Լավագույն վավերագրական» և «Հանդիսատեսի համակրանք» մրցանակները:

 

 

Դիտումների քանակը` 2297

Գլխավոր էջ