Գյուղաբնակ կանայք. անարդարությունն աշխարհում եւ Հայաստանում

Այսօր  Գյուղաբնակ կանանց միջազգային օրն է: ՄԱԿի պաշտոնական օրացույցում այն ամրագրվել է  2008-ից՝ հաշվի առնելով գյուղի  կանանց դերը աղքատության և սովի դեմ պայքարում

 

 

Ըստ միջազգային գնահատականների՝ ողջ աշխարհում կանայք կազմում են գյուղատնտեսության աշխատուժի 43 %-ը: Զարգացող երկրներում, որտեղ գյուղատնտեսությունը կազմում է ՀՆԱ-ի  32 %-ը, մոտ 80 %  տնտեսապես ակտիվ կանայք զբաղվում են գյուղատնտեսությամբ, սննդի արտադրությամբ: Դրա հետ մեկտեղ կանայք կազմում են աշխարհում սովից տառապող մարդկանց 70 %-ը:

 

Կանայք հաճախ աշխատում են այնպիսի պայմաններում, որոնք անդառնալի վնաս են հասցնում նրանց առողջությանը, կատարում են ծանր ֆիզիկական աշխատանք, որն ըստ արժանավույն չի գնահատվում:  Մինչդեռ, ՄԱԿ-ի գնահատականներով, եթե գյուղաբնակ կանանց համար ապահովված լիներ ռեսուրսների հավասար հասանելիությունը, ապա բերքատվությունն այնքան կաճեր, որ հնարավորություն կտար կերակրելու առնվազն 150 մլն քաղցած մարդկանց:

 

 

Գյուղի կանանց նկատմամբ գենդերային անարդարության դրսևորումները  անշուշտ  կախված են կոնկրետ իրավիճակներից, երկրներից, տարածաշրջաններից, սակայն  նկատվում են  կայուն  օրինաչափություններ: Գյուղաբնակ կանայք կարևոր դեր են խաղում գյուղատնտեսական արտադրությունում, բայց միևնույն ժամանակ այնպիսի արտադրական ռեսուրսները, ինչպիսիք են հողը, աշխատուժը, վարկերը, կապիտալը,  ինչպես նաև այդ ռեսուրսների վերահսկումը  քիչ հասանելի են նրանց   համար:

 

Նշված  օրինաչափությունները նկատվում են և Հայաստանում:  Գյուղատնտեսության ոլորտում  կանանց իրավիճակի վերլուծությունը ցույց է տալիս, որ այստեղ   առկա բոլոր հիմնախնդիրները,  հատկապես  ծանր են անդրադառնում գյուղատնտեսության հիմնական աշխատուժը հանդիսացող  կանանց վրա:

 

Հայաստանի համախառն ներքին արդյունքի մեջ գյուղատնտեսության մասնաբաժինը կազմում  է  19,2 %( 2013) :  Գյուղատնտեսական ոլորտում զբաղված  են հանրապետության աշխատանքային  ռեսուրսների շուրջ 45%-ը, այսինքն շուրջ 500 հազ. մարդ, որոնցից  60 %-ը կանայք են, ինչը  դարձնում է կանանց գյուղատնտեսության զարգացման առավել  կարևոր մասնակից:  Ընդ որում տղմարդկանց զբաղվածության կառուցվածքում գյուղատնտեսությանը բաժին է ընկնում 31%-ը, իսկ կանանց զբաղվածության կառուցվածքում  45%:  Բացի այդ կանանց  ոչ ֆորմալ զբաղվածության կառուցվածքում    գյուղատնտեսությամբ զբաղվողների թիվը  86 տոկոս է: Ըստ էության,  գյուղատնտեսական արտադրանքի մեծ մասը ստեղծվում է կանանց կողմից, և նրանք համարվում են սննդամթերքի  մատակարարման և գյուղական վայրերում տնային տնտեսությունների գոյատևման հիմնական երաշխավորները:

 

Դրա հետ մեկտեղ այն փաստը, որ գյուղատնտեսությունում աշխատող կանայք հիմնականում տնտեսության ոչ ֆորմալ հատվածի աշխատողներ են հանդիսանում, դարձնում է  նրանց առավել խոցելի: Ոչ ֆորմալ տնտեսությունում աշխատող  կանայք, որպես կանոն,  ունեն սահմանափակ հնարավորություններ իրենց ձայնը հասանելի դարձնել քաղաքականություն մշակողներին, գործատուներին, միջազգային կառույցներին եվ այլոց, ովքեր կարող են ազդել նրանց կյանքի վրա:  Այս աշխատողները բազմաթիվ հավելյալ դժվարությունների են հանդիպում, ինչպիսիք են ցածր եվ ոչ վստահելի եկամուտները, բարձր ծախսերը, վատ աշխատանքային պայմանները, երկար աշխատանքային օրը, իրավական ցածր  պաշտպանվածությունը եւ այլն:

 

Կին գլխավորով տնտեսությունները  տնային տնտեսությունների մոտ մեկ երրորդն են կազմում, ինչը զգալի չափով բացատրվում է տղամարդկանց արտագաղթով՝ արտագնա աշխատանքի մեկնած ամուսինները միշտ չէ որ պահապանում են կապը Հայաստանում մնացած ընտանիքների հետ: Գյուղական վայրերում տնային տնտեսությունների 26 տոկոսն են գլխավորում կանայք, ընդ որում այդ տնտեսությունները  ոչ միայն իրենց  եկամուտներով (19 980 դրամ/ ամսական)  զգալի զիջում են տղամարդկանց կողմից ղեկավարվող տնտեսությունների եկամուտներին (33 685դրամ /ամսական), այլ ընդհանրապես ավելի ցածր են նրանցից իրենց կենսամակարդակով:

 

Եկամուտները գյուղատնտեսության ոլորտում ամենացածրն են տնտեսական գործունեության այլ տեսակների հետ համեմատ: Գենդերային սեգրեգացիայի առումով, տնտեսական շուկայում այն ոլորտները, որտեղ կանանց զբաղվածությունը բարձր է, իսկ գյուղատնտեսությունը այդպիսի ոլորտ է, աչքի են ընկնում ցածր եկամուտներով: Դրա հետ մեկտեղ  գյուղատնտեսությունում զգալի է կանանց ծանր ֆիզիկական աշխատանքի տեսակարար կշիռը:

 

ՀՀ ԱՎԾ տվյալներով միջին մսական զուտ եկամուտը  տնտեսության մեջ կազմում է 91 664 դրամ, իսկ գյուղատնտեսությունում ընդամենը 74  043 դրամ, ընդ որում, կանանց ու տղամարդկանց եկամուտների անհավասարությունը այս ոլորտում ավելի խորն է արտահայտված քան միջին ցուցանիշը տնտեսության մեջ: Այսպես, գյուղատնտեսությունում  կանանց  եկամուտները կազմում են տղամարդկանց եկամուտների 56 տոկոսը այն դեպքում, երբ  ողջ տնտեսության կտրվածքով այդ ցուցանիշը  61 տոկոս է:

 

Ընդհանուր առմամբ,  Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում  կանանց վերաբերող վիճագրական տվյալների եւ  մինչ այժմ  կատարված հետազոտությունների արդյունքների հիման վրա կատարված վերլուծությունները  ի հայտ են  բերում այս ոլորտում  առկա գենդերային անհավասարությունը, որն  արտահայտվում է կանանց աշխատանքի և կենցաղի անբարենպաստ  պայմաններով,  նրանց կրկնակի ծանրաբեռնվածությամբ, հողի սեփականության նկատմամբ փաստացի սահմանափակմամբ, վարկերի և ռեսուրսների սահմանափակ մատչելիությամբ, աշխատանքային իրավունքների մասին ցածր իրազեկությամբ և ցածր վարձատրությամբ,  առողջապահական ծառայությունների ոչ բավարար մատչելիությամբ,  սոցիալական  պաշտպանվածության  ցածր մակարդակով, կանանց ոչ բավարար մասնակցությամբ իրենց իսկ վերաբերող համայնքային որոշումների գործընթացում:

 

2013-ի տվյալներով  Հայաստանի տասը մարզերի ավագանիների  կազմում կանայք 8,2 տոկոս են կազմում: Հանրապետության համայնքների մոտ 42% -ում ավագանիների կազմում կանայք  ընդհանրապես ընդգրկված չեն: Հանրապետության  866  գյուղական համայնքներից  միայն 21-ն են ղեկավարում կանայք (2.6%), այն դեպքում, որ ՀԶՆ-շրջանակներում Հայստանը պարտավորություն է ստանձնել՝ մինչեւ  2015-ը հասցնել այդ թիվը 10տոկոսի:

 

Այս  հիմնախնդիրներից շատերի հիմքում ընկած են սոցիալ-մշկույթային բնույթի խտրական նորմերը եւ պրակտիկաները, որոնք առավել ուժեղ են արտահայտված  հատկապես գյուղական միջավայրում  եւ   որոնք  հավելյալ խոչընդոտներ են ստեղծում գյուղի   կանանց համար:

 

Ակնհայտ է, որ նշված  բոլոր հիմնախնդիրներ ,  դարձնում են գյուղի կանանց  առավել խոցելի խումբ, ապացուցում այն փաստը, որ նրանց   իրավունքները  լրացուցիչ պաշտպանության  կարիք ունեն և նրանց հնարավորությունների ընդլայնման ու ներուժի արդյունավետ օգտագործման  ուղղությամբ անհրաժեշտ է ձեռնարկել հատուկ  միջոցներ:

 

Ըստ «Գենդերային ուղղորդման բարելավումը գյուղատնտեսական ռազմավարության մեջ»

 փաստաթուղթի,

Օքսֆամի հայաստանյան գրասենյակ 2014

Դիտումների քանակը` 4243

Գլխավոր էջ