«Ներկիր աշխարհը նարնջագույն. #ԻնձԷլԼսիր»
Մեկնարկել է Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակը
Նոյեմբերի 25-ից՝ Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրվանից մեկնարկում է Ընդդեմ գենդերային բռնության դեմ պայքարի ակտիվության 16-օրյակը, որը տևում է մինչև դեկտեմբերի10-ը՝ Մարդու իրավունքների միջազգային օրը:
Ինչպես նախորդ տարիներին, նարնջագույնը կլինի բոլոր գործողությունները միավորող առանցքային գույնը՝ հանրային ուշադրությունը սևեռելով կանանց եւ աղջիկների նկատմամբ բռնության հիմնախնդրի վրա: Այս տարի 16-օրյակն անցնելու է «Ներկիր աշխարհը նարնջագույն. #ԻնձԷլԼսիր ( #HearMeToo ) կարգախոսի ներքո: Այն համահունչ է սեռական ոտնձգությունների դեմ միջազգային արշավը խորհրդանիշ հանդիսացող #MeToo հեշթեգին:
Պատահական չէ նաև , որ 16 օրյակի հիմնական թեման Կանանց գլոբալ առաջնորդության կենտրոնի (The Center for Women’s Global Leadership (CWGL) կողմից ձևակերպված է որպես «Վերջ գենդերային բռնությանը աշխատանքի ոլորտում» ( “End Gender-Based Violence in the World of Work” ):
«Կանանց և աղջիկների հանդեպ բռնությունը բոլոր հասարակությունների ամոթն է»
16 օրյակի առաջին օրվա՝ «Կանանց հանդեպ բռնությունների վերացման միջազգային օրվա» առթիվ ուղերձ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը:
Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Կանանց և աղջիկների հանդեպ բռնությունը գլոբալ համավարակ է։ Այն բարոյական ոտնձգություն է կանանց և աղջիկների նկատմամբ, ամոթի դրոշմ՝ բոլոր հասարակությունների վրա և լուրջ խոչընդոտ ներառական, հավասարական և կայուն զարգացման համար։ Իր հիմքում, կանանց և աղջիկների հանդեպ բռնությունը հարգանքի խորը բացակայության դրսևորում է․ տղամարդկանց չգիտակցումը կանանց ներհատուկ հավասարության և արժանապատվության մասին։ Սա մարդու հիմնարար իրավունքների հարց է։
Բռնությունը կարող է ունենալ տարբեր դրսևորումներ՝ ընտանեկան բռնությունից մինչև թրաֆիքինգ, կոնֆլիկտի ժամանակ սեռական բնույթի բռնությունից մինչև երեխաների ամուսնություն, սեռական օրգանների խեղում ու կնասպանություն։ Այն վնասում է անհատներին և հեռահաս հետևանքներ է թողնում ընտանիքների և հասարակության վրա։ Սա նաև խորը քաղաքական խնդիր է։ Կանանց հանդեպ բռնությունը կապված է մեր հասարակություններում իշխանության և կառավարման ավելի լայն խնդիրների հետ։ Մենք ապրում ենք տղամարդկային գերակշիռ հասարակության մեջ։ Կանայք զոհ են դառնում բռնությանը նրանց բազմաթիվ անհավասար պայմանների մեջ պահելու հետևանքով։
Անցյալ տարի բռնության դրսևորումներից մեկի հանդեպ աճել է ուշադրությունը։ Կանանց մեծամասնությունը սեռական ոտնձգության է ենթարկվում իրենց կյանքի որևիցե պահին։ Տարբեր տարածաշրջաններից և տարբեր զբաղմունքի տեր կանանց կողմից հանրայնացված բացահայտումների աճող թիվը ի հայտ է բերում խնդրի լրջությունը՝ ցույց տալով կանանց շարժումների ապշեցուցիչ ուժը՝ ուղղված ամենուր ոտնձգությունների ու բռնություների վերացման համար գործողություններին և իրազեկության բարձրացմանը։
Այս տարի Կանանց և աղջիկների հանդեպ բռնության դեմ ուղղված ՄԱԿ-ի «ՄԻԱՆԱՆՔ» գլոբալ քարոզարշավը նշանավորում է մեր աջակցությունը բռնությունից տուժածներին ու ջատագովներին և կրում է «Ներկիր աշխարհը նարնջագույն. #ԻնձԷլԼսիր» խորագիրը։ Նարնջագույնը՝ միասնականություն խորհրդանշող գույնն է, իսկ «ԻնձԷլԼսիր» հեշթեգը՝ հստակ ուղերձ. կանանց և աղջիկների հանդեպ բռնությունը պետք է վերանա հիմա, և մենք բոլորս պետք է մեր դերն ունենանք այդ հարցում։
Նույն ուղերձն ընկած է ԵՄ-ՄԱԿ «Spotlight Initiative»-ի հիմքում։ 500 մլն եվրո արժողությամբ ծրագրով նախատեսված է զարգացնել բռնությունից տուժած անձանց կարողությունները և խրախուսել նրանց դառնալու փոփոխության կրողն իրենց տանը, հասարակության մեջ և երկրում։ Մինչդեռ այս նախնական ներդրումը վճռորոշ է, այն քիչ է եղած կարիքի հետ համեմատ։ Այս ներդրումը պետք է համարել որպես սկզբնային ֆինանսավորում գլոբալ շարժման համար։ Քանի դեռ մեր հասարակության կեսը կազմող կանայք և աղջիկները չեն ապրում առանց վախի, բռնության և ամենօրյա վտանգի, չենք կարող իրապես ասել, որ ապրում ենք արդար և հավասար աշխարհում»։
Դիտումների քանակը` 2723