100 Lives. կարեւորենք մարդկային արժեքները

 

Մեկ դար առաջ շատերը ոտքի կանգնեցին հանուն մարդկայնության։ Նրանց կարեկցանքը, մեծահոգությունն ու անձնազոհությունը մարդկության լավագույն որակների արտահայտումն էին։  100 LIVES  նախագիծը  կներկայացնի նրանց պատմությունները։ Կայքը պատմելու է 1915թ.  ցեղասպանության ընթացքում մարդկայնության և գոյապայքարի մասին՝ ուսումնասիրությունների, անհատական փնտրտուքի եւ վերապրողների փրկության ակնարկ-պատումների միջոցով։ Դրանով իսկ մեր հարգանքն ու երախտագիտությունն ենք հայտնելու այն անհատներին և հաստատություններին, որոնք իրենց անձնվեր քայլերով բազում հայերի կյանքեր են փրկել։

 

Այս տարվա մարտին մեկնարկած 100 LIVES նախագիծը  նախաձեռնել են Վարդան Գրիգորյանը, Ռուբեն Վարդանյանը, Նուբար Աֆեյանը և այլ հայորդիներ, որոնց այսօրվա ձեռքբերումները հնարավոր են դարձել նաև հարյուր տարի առաջ այլոց ցուցաբերած խիզախումի արդյունքում:   «Բազմաթիվ հայերի կյանքը  փրկած այս մարդկանց ցուցաբերած մարդասիրությունը, մեծահոգությունը, ուժը և զոհաբերությունը ստիպում են մեզ պատմել այս պատմությունները: Իմ պապը փրկվել է միսիոներների կողմից », – ասել է Ռուսաստանում մեծացած բարերար Ռուբեն Վարդանյանը՝ անդրադառնալով նախաձեռնության շարժառիթներին:

 

Նախաձեռնությունն ունի երկու նպատակ. երախտագիտություն հայտնել նրանց, ովքեր օգնեցին հայերին դժվարության պահին՝ 100 տարի առաջ, և նույն ոգով շարունակել գործը՝ աջակցելով նման մարդկանց ու կազմակերպություններին:

 

Նախաձեռնությունը սահմանել է նաեւ հատուկ մրցանակ. «Ավրորա» մրցանակը շնորհվելու է այն անհատներին, որոնք լրջագույն վտանգներ հաղթահարելով՝ օգնել են ուրիշներին վերածնվել։ Մրցանակակիրներ կճանաչվեն նրանք, ովքեր բացառիկ ազդեցություն են ունեցել մարդկային կյանքի փրկության և մարդասիրական նպատակների առաջխաղացման գործում՝ ի հեճուկս սեփական կյանքի մարտահրավերների։ Մրցանակը  երախտագիտության և աջակցության դրսևորում է վաղվա օրն ավելի լուսավոր դարձնողների եւ հանուն մարդասիրության եռանդ չխնայողների հանդեպ: Մրցանակակրի կամքով 1 միլիոն ԱՄՆ դոլարի դրամաշնորհ է հատկացվելու այն մարդկանց կամ կազմակերպությանը, որոնք ոգեշնչել են հաղթողին կատարելու անցած ճանապարհի առաջին քայլը։

Ի դեպ,  մրցանակն անվանակոչվել է Հայոց ցեղասպանությունը վերապրած Ավրորա Մարդիգանյանի պատվին, ով ստիպված է եղել ականատես լինել իր ընտանիքի անդամների սպանությանը: Նա նվիրել է իր կյանքը Ցեղասպանության մասին իրազեկվածության բարձրացմանը և 1919 թվականին նկարահանվել է «Հոշոտված Հայաստան» ֆիլմում, որը  Հայոց ցեղասպանության մասին պատմող աշխարհում նկարահանված թերևս առաջին կինոնկարն էր:

 

«Ավրորա» մրցանակաբաշխության կազմակերպման  հարցում Ռուբեն Վարդանյանին աջակցել է Not On Our Watch ամերիկյան մարդասիրական կազմակերպությունը, որը հիմնադրվել է հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունիի և այլ հայտնի անձանց, այդ թվում՝ Դոն Չիդլի, Մեթ Դեյմոնի և Բրեդ Փիթի կողմից:  Այս կազմակերպությունը վերջին տարիներին ակտիվորեն էր զբաղված Աֆրիկայում, մասնավորապես, Դարֆուրում արձանագրված զանգվածային սպանությունների փաստերը վեր հանելով:  Քլունին ասել է, որ իր խումբը ընդհանուր նպատակ է կիսում հայ հովանավորների հետ՝ «միջազգային հանրության ուշադրությունը սևեռել ցեղասպանության հետևանքների վրա, ինչպես նաև միջոցներ ձեռնարկել ողջ աշխարհում զանգվածային վայրագություններին վերջ տալու համար»:

«Ավրորա» մրցանակաբաշխության հաղթողներին որոշելու է հեղինակավոր ժյուրին, որի կազմն արդեն իսկ հայտնի է: Ջորջ Քլունիից բացի դրանում ընդգրկված են լինելու Նոբելյան մրցանակի դափնեկիրներ Էլի Վիզելն ու Օսկար Արիասը, ՄԱԿ-ի մարդու իրավունքների գծով նախկին բարձրագույն հանձնակատար, Իռլանդիայի առաջին կին նախագահ (1990-97թ.թ.) Մերի Ռոբինսոնը, Ցեղասպանությունների կանխման գծով ՄԱԿ-ի խորհրդական Գարեթ Էվանսը, ինչպես նաև Նյու Յորքում գործող Կարնեգի կորպորացիայի նախագահ, իրանահայ Վարդան Գրիգորյանը:

 

Առաջին «Ավրորա» մրցանակը Քլունին , ով նաեւ ընտրող հանձնաժողովի համանախագահն է,  շնորհելու է Երևանում 2016 թվականի ապրիլի 24-ին կայանալիք արարողության ժամանակ:

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

«Զոհի հոգեբանությունը սարսափելի է», ասել է Ռուբեն Վարդանյանը

 

 

Ցեղասպանությունից հայ որբերին փրկած օտարազգի կանայք

 

 

Պատմի՛ր քո պատմությունը Armeniangenocide100.org վեբ կայքում

 

Դառնալով մեկ ուրիշը …

 

Սաբիհա թե՞ Խաթուն. հայ որբերի խեղված ճակատագրերը

 

Հայոց ցեղասպանությունն ու հայ կանանց կրկնակի ցավը…

 

Սեռական բռնությունը որպես ցեղասպանության իրականացման միջոց

 

Դաջված կանայք, դաջված ճակատագրեր…

 

 

«Մեծ մամիս հուշերը» գիրքը՝ Հայոց ցեղասպանությունը փաստող ևս մեկ պատմություն

 

«Դու պետք է քո պատմությունը պատմես»…/ վիդեո

 

«1915 թվականի կնոջ դեմքը»

 

«Ցեղասպանության որբերը» ֆիլմի պրեմիերան` ամերիկյան PBS հեռուստաալիքով/ վիդեո

 

 

Անտոնիա Արսլանի «Արտույտների ագարակը» վերահրատարակվել է Երևանում

 

Լեսկոն նրա անունը չէր…

 

Հայոց ցեղասպանությունը վերապրածների մեծամասնությունը Հայաստանում կանայք են

 

 

Դիտումների քանակը` 4233

Գլխավոր էջ