“Կին պատգամավոր է, ասել է էլի…”
– գործընկերները կրկին Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը մեկնաբանեցին`սեռային պատկանելիությունից ելնելով
Այս անգամ Զարուհի Փոստանջյանի` կին պատգամավոր լինելը հիշեց և շեշտեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: ԱԺ վերջին քառօրյային հաջորդած ճեպազրույցների ժամին լրագրողները խնդրեցին նրան մեկնաբանել տիկին Փոստանջյանի հայտարարությունը առ այն , որ “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Արևմտյան Հայաստանի, Արևելյան Հայաստանի, Արցախի և Ջավախքի հավաքական թեկնածուն է…
Ի պատասխան Գալուստ Սահակյանը ասաց. ”Կին պատգամավոր է, ասել ասել է, լավ է հարևան երկրների մասին բան չի ասել”…
Հիշեցնենք, որ Զարուհի Փոստանջյանի սեռային պատկանելիությունը առաջին անգամ չէ, որ հակափաստարկի դեր է խաղում տղամարդ գործընկերների մեկնաբանություններում: Բոլորրովին վերջերս, ԲՀԿ խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանն իր հասցեին արված հայտարարությանն արձագանքելիս ՝ որոշեց հորդորել Զարուհի Փոստանջյանին. ’’չդրսևորել հայ կնոջն ու պատգամավորին անվայել պահվածք’’:
Նշենք, որ առաջիկայում, երբ երկրորդ ընթերցման փուլում գտնվող “Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին” օրինագիծը վերջապես ընդունվի, նմանօրինակ հայտարարությունները գուցե և իրավական հետևանք ունենան:
Մինչ այդ, խորհրդի կարգով հիշեցնենք հարգելի տղամարդ պատգամավորներին, որ Զարուհի Փոստանջյանը, ինչպես նաև այլ կին քաղաքական գործիչները, պատասխանատու են միայն իրենց կողմից արված հայտարարությունների, և ոչ թե իրենց սեռային պատկանելիության համար:
Մարիաննա Ղահրամանյան
Թեմայի շուրջ կարդացեք նաև մեր կայքում.
Տիգրան Ուրիխանյանի որոշ խորհուրդները շուտով կարգելվեն օրենքով:
Սեքսիզմը՝ անպատժելի չէ, ինչպես ոմանց թվում է…
ԵԽԽՎ. «Սեքսիստական կարծրատիպերը խտրականության գործիք են»…
Դիտումների քանակը` 3862