“Կանանցից ավելի շատ օգուտ կլինի, քան այդ հորանջող պատգամավորներից”.

Սոցիոլոգը վերլուծում է ընտրություններին կանանց մասնակցությունը

Թեպետ կուսակցությունների համամասնական ցուցակներով մանդատ ստացած բոլոր կանանց անուններն առայժմ հայտնի չեն, բայց արդեն գիտենք,  որ մեծամասնական ընտրակարգով մասնակցած 11 կին թեկնածուներից հաղթանակ տոնեցին երկուսը ` ՀՀԿ-ական Կարինե Պողոսյանը /թիվ 17 ընտրատարածք, Արտաշատի թիվ 1 դպրոցի տնօրեն/ եւ Մարինե Մարաբյանը /թիվ 40 ընտրատարածք, “Ինտերնեյշնլ Մասիս Տոբակո” ՍՊԸ գործադիր տնօրեն, անկուսակցական /, որին նույնպես սատարում էր ՀՀԿ-ն:  

«Մեծամասնականով երկու կանանց հաղթանակը մեծ ձեռքբերում է»,  – այսպիսի կարծիք հայտնեց «Սոցիոմետր» սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի ղեկավար  Ահարոն Ադիբեկյանի WomenNet.am- ի  հետ զրույցում՝   վերլուծելով ընտրություններին կանանց մասնակցության արդյունքները:  

 

–         Մեր նախորդ հարցումները ցույց են տալիս, որ  կանայք շատ մեծ ցանկություն չունեն կին ընտրելու, իրենց մոտ  հայրական սինդրոմ կա, որ տղամարդն ավելի է արժանի պաշտոնի: Այդ պատճառով էլ հավասար մասնագիտական պայմաններում տղամարդը շարունակում է մնալ առավել նախընտրելի: Նախկինում մենք գիտեինք միայն Հրանուշ Հակոբյանին, որը միշտ կարողանում էր հազթահարել  մեծամասնականի պատնեշը: Այս անգամ  մեծամամասնականով  խորհրդարան անցած կանայք փայլուն հաղթանակ տարան` հավաքելով 70 եւ բարձր տոկոս ձայներ: Սա լուրջ հաջողություն է: Մյուս տեղամասերում եւս կանայք բավականին բարձր ռեյտինգ ունեցան:  Հեղինե Բիշարյանը եւ Վիոլետ Պետրոսյանը հավաքեցին ձայների 1/3-ը, ուղղակի նրանց դեմ առաջադրվել էին օլիգարխները, որոնց կազմակերպչական կարողությունները ավելի բարձր են եղել: Կանանց մյուս խումբը հավաքեց ձայների 1/5-ը, օրնակ, Զարուհի Փոստանջյանն իր ընտրատարածքում հավաքեց 20 % ձայն, այն դեպում, երբ ՀՀՇ նախագահ Արամ Մանուկյանը հավաքեց ընդամենը 16.7 %: Սաթիկ Սեյրանյանը հավաքեց 11%, Գայանե Առուստամյանը` 15%  տոկոս, Անահիտ Բախշյանը` 12.7 % տոկոս: Սրանք բավականին լավ ցուցանիշներ են: Մենք տեսնում ենք, որ շատերը երկրորդն էին եւ ոչ թե երրորդը կամ չորրրոդը, այսինքն,   եթե բարենպաստ պայմաններ լինեն, նրանք հաղթելու հանարվորությունը միշտ  ունեն:

 

 

Սոցիոլոգը, սակայն ընդգծել է, որ թե հաղթանակած կանայք, թե թվարկվածների մեծ մասը, ունեցել են  այս կամ այն կուսակցության աջակցությունը, իսկ ինքնաառաջադրված կին թեկնածուները բավականին համեստ արդյունք են ունեցել, օրինակ, Գոհար Վեզիրյանը ընդամենը հազարին մոտ  ձայն է հավաքել:

 

 

Ինչ վերաբերվում է համամասնական ցուցակներում կանանց ներգրավվածությանը, ապա, Ադիբեկյանի կարծիքով,  չնայած կուսակցությունների ցուցակներում կանանց 20-25% տոկոսով էին ներկայցված,  ընդհանուր առմամբ խորհրդարանում 7-8 կին կլինի:  Կանայք ամենաշատը ներկայացված կլինեն ՀՀԿ եւ ԲՀԿ խմբակցություններում` պայմանավորված խորհրդարանում ստացված մանդատների քանակով:

 

 

–         Իմ  դիտարկմամբ , այն կուսակցությունները, որոնց համամասնական ցուցակներում կանայք առաջին հորիզոնականներում են, կանանց ձայները մի քիչ ավելի են ստացել. օրինակ, ԲՀԿ-ի եւ ՕԵԿ-ի ձայների զգալի մասը կանայք են կազմել, ՀՀԿ-ին` ընդհակառակը, տղամարդիկ են ձայն տվել,  որովհետեւ ՀՀԿ-ի քարոզարշավին մենք կին գրեթե չտեսանք, իսկ ՕԵԿ-ի եւ  ԲՀԿ-ի հետ հանդես էին գալիս: “Ժառանգությունում” եւս կանանց բաղադրիչն ավելի բարձր է:  Այստեղ առաջընթաց  կարելի է համարել   այն  հանգամանքը, որ կանայք արդեն ունեն նախընտրելի քաղաքական ուժեր` մեկում ավելի մեծ դերակատարությամբ մյուսում, ավելի քիչ:

 

 

Քարոզարշավի ընթացքում կին թեկնածուների կողմից թույլ տրված սխալներին եւ բացթողումներին անդրադառնալով, սոցիոլոգն ընդգծել է, որ նրանք դիմում էին աբստրակտ  ընտրողին.

 

 

–         Իրենց շուրթերից գենդերային բաղադրիչն ավելի հաճախ չի հնչել: Քանի որ նրանք հիմնականում ներկայացնում էին քաղաքական կուսակցություններ կամ  հանդես էին գալիս կուսակցական ցուցակներով, հիմնականում ներկայացան կուսակցական ծրագրերի ենթատեքստում: Իմ դիտարկմամբ, կին թեկնածուներն իրենց ելույթներում հատուկ չէին ընդգծում կանանց խնդիրները կամ խոսում էին ընդհանաուր փաթեթով` երիտասարդություն, ծերեր, կանայք: Իմ կարծիքով, նախ պետք է շեշտվեր վերարտադրողական առողջությունը, որ մենք կրճատվող ազգերի թվում ենք: Դա ոչ ոքի  շուրթերից չհնչեց որպես ազգային խնդիր: Եթե դրա մասին կարողանային խոսել, ինքնաբերաբար պետք է շոշափվեր կանանց դերը առողջապահության , ընտրանիքի ամրացման գործում: Այդ հարցերից բոլորը խոսափեցին, որովհետեւ ոչ ոք պատասխան չունի, թե ինչ անենք, որ հայերը դադարեն լինել կրճատվող ազգ:

 

 

Ահարոն Ադիբեկյանի խոսքով, քարոզարշավի ընթացքում կին թեկնածուները  հանդես եկան մենախոսությամբ կամ հեռակա երկխոսությամբ, սակայն  դեմ առ դեմ հանդիպումներ եւ լուրջ քննարկումներ գրեթե չկայացան, ինչը լայն  լսարանին ցույց կտար, որ կանայք կարողանում են խնդիրներից խոսել ոչ պակաս, քան տղամարդիկ:

 

 

–         Բացթողում էր նաեւ մեծամասնականով միեւնույն ընտրատարածքում մեկից ավելի կին թեկնածուների առաջադրումը: Այս դեպքում, կանանց ընտրվելու շանսերը  բաժանվեցին:  Բացի այդ  մեծամասնականով առաջադրված կանայք հաղթելու համար պետք է տվյալ համայնքում լուրջ նախապատրաստական  աշխատանք տանեին: Մարինե  Մարաբյանը հաղթեց, որովհետեւ իրեն սատարող ֆիրման այնտեղ շատ աշխատանք էր տարել դեռ նախորդ ընտրություններից սկսած` սոցիալական, գործազրկության հետ կապված, եւ ընտրողներին հավաստացիացրել էին, որ  նրան ընտրելով էլ այդպես կշարունակվի:

 

 

Ահարոն Ադիբեկյանը նորընտիր խորհրդարանում կանանց արդյունավետ աշխատանքն ապահովելու նպատակով խորհուրդ է տալիս կին պատգամավորներին, անկախ կուսակցական պատկանելությունից, միավորվել:

 

 

–         Քանի որ կանայք բաժանված են խմբակցությունների,  ասել , որ նրանք կարող են համաձայնության գալ, մի քիչ դժվար է: Լավ կլինի ստեղծել կանանց ակումբ, որտեղ անկախ իրենց կուսկացական պատկանելությունից, կանայք կկարողանան բոլոր օրենսդրական  նախաձեռնությունները քննարկել գենդերային տեսանկյունից, կանանց իրավունքների պաշտպանության, մոր եւ  մանկան, կնոջ առողջապահության, կանանց գործազրկության առումով: Այս դեպքում նրանք կարող էին լուրջ հիմնախնդիր բարձրաձայնել ,  որովհետեւ մեզ մոտ կանայք դեռ շարունակում են մնալ խոցելի խմբում  …

 

 

Բոլոր դեպքերում, սոցիոլոգի  համոզմամբ, պետք է  օրենսդրորեն ապահովել կանանց ներկայացվածության ավելի բարձր մակարդակ.

 

 

–         Պետք է այնպես անել,  որ ցուցակների  առաջին տասնյակում գոնե երկու կին թեկնածու լինի եւ կանայք խորհրդարանում ներկայացված լինեն գոնե 25-30%-ով: Կանայք ավելի աշխատունակ են, ավելի կարգապահ,  նրանցից ավելի շատ օգուտ կլինի, քան այդ հորանջող պատգամավորներից, որ ընտրվում  են միայն կեղծ հեղինակություն ունենալու համար: Այս առումով օրենքը պետք է աջակցի կանանց…

 

 

 

Մարիաննա Ղահրամանյան

 

 

Դիտումների քանակը` 3166

Գլխավոր էջ