“Ես պայքարից հրաժարվելու և հետ գնալու ճանապարհ չունեմ”…

Մեր զրուցակիցն է ԱԺ “Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, որը մեծամասնական ընտրակարգով առաջադրվել է Երևանի Արաբկիր համայնքն ընդգրկող թիվ 4 ընտրատարածքում: Նա նաև Ժառանգությանհամամասնական ցուցակի  3-րդ հորիզոնականն  է զբաղեցնում: Մեր առաջին հարցը նրան –  Ինչո՞ւ որոշեցիք երկու ճակատով պայքարել:

 

-Առաջին անգամ քաղաքականություն իմ մուտքն ապահովեց “Ժառանգություն” կուսակցությունն` ի դեմս Րաֆֆի  Հովհանիսյանի: Հենց իր հեղինակության շնորհիվ առաջին անգամ 5 տարի առաջ “Ժառանգությունը” մուտք գործեց խորհրդարան: Այսօր  եկել է պահը, որ ես ինքնուրույն հանձնեմ քննություն և այն, իմ կարծիքով, ես պետք է հանձնեմ հենց մեծամասնական պայքարին մասնակցելով: Այդ պատճառով էլ ես նման որոշում կայացրեցի, որը ողջունվեց կուսակցության  կողմից և ես առաջադրվեցի թիվ 4 ընտրատարածքում: Այդ քննությունը, որը պետք է ունենա հաջողություն և այդ հաջողությունը պետք է գումարվի “Ժառանգության” գործունեությանը` միտված ապագային, միտված որոշումների  կայացման գործընթացին լիարժեք  մասնակցությանը:

 

Մեծամասնական ընտրապայքարը Հայաստանում բավականին կոշտ մեթոդներով , տարբեր  ապօրինություններով է ընթանումերբեմն, անգամ` բախումնային սցենարներով:  Կդիմանա՞ք այդ կոշտ պայքարին:

Առաջաին անգամը չէ, որ ես կոշտ պայքարին մասնակցություն ունեմ: Շուրջ 9 տարի ես փաստաբան եմ եղել  և մասնակցել եմ բիրտ,կոշտ ուժի դիմադրությանը, ընդվզել եմ այդ ամենի դեմ և ունեցել հաջողություն: Բիրտ ուժը  մենք հաղթահարաել ենք: Այս  5 տարիների ընթացքում ամեն օր մենք  բախվել ենք դրան: Հիմա ժամանակն է եկել, որ մենք  բազմապատկենք մեր ուժերը խորհրդարանում և լիարժեք մասնակցենք որոշումների կայացմանը, որոնք պետք է բխեն մեր ծրագրերից և ժողովրդի շահերից:

 

Թիվ 4 ընտրատարածքում, 6 թեկնածու է առաջադրվել, որոնցից երեքը  ընդդիմադիր դիրքերից են հանդես գալիս: Արդյո՞ք  այս հանգամանքը չի ավելացնի իշխանության կողմից թեկնածուի հաղթանակի հնարավորությունը:

-Չեմ կարծում, որովհետև նույն  ընդդիմադիր դաշտում կան տարբեր մոտեցումներ և ընկալումներ: Ես նույնիսկ շատ դրական եմ գնահատում, որ մրցակիցները շատ են: Խոսքը շատ է լինելու,  բազմակարծությունն իրապես լինելու է, և այդ խոսքի մեջ մեր քաղաքացիները կկարողանան կատարել իրենց ընտրությունը: Սա լավ հնարավորություն է, որպեսզի քաղաքացին ճիշտ կողմնորոշվի, ընդգրկված լինի այս քաղաքական պրոցեսների մեջ, որովհետև հենց քաղաքացուն է պատկանում իշխանությունը ՀՀ-ում, ուղղակի, երբեմն մեր քաղաքացիներն իրենց օտարված են զգում իշխանությունից:

 

-Զարուհի, Ձեր մրցակիցների շարքում կա մեկ այլ կին թեկնածու` «168 ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը, որը նույնպես ընդդիմության շահերն է փորձում ներկայացնել: Հաշվի առնելով, որ Դուք “Ժառանգության” համամասնական ցուցակով, ամենայն հավանականությամբ, կրկին մանդատ կստանաք, հնարավո՞ր է, որ վերջինիս օգտին հրաժարվեք ընտրապայքարից `դրսևորելով կանացի սոլիդարություն:

-Նախ,  մենք որպես  կին չենք մասնակցում ընտրապայքարին, մենք մասնակցում ենք որպես քաղաքացիներ: Իհարկե,  մեր սեռը տարբերվում է մյուս թեկնածուներից, բայց մենք մեր ծրագրերն ունենք: Ես այսօր հանդես եմ գալիս որպես “Ժառանգություն” կուսակցության անդամ, որի հետեում կանգնած է լուրջ քաղաքական ուժ և այդ ուժն այսօր խնդիր ունի ԱԺ-ում ավելի բազմանդամ  կազմով ներկայանալու: Հետևաբար, ես իհարկե,  ընտրապայքարից հրաժարվելու բացարձակ ցանկություն չունեմ և բացարձակ ցանկություն չունեմ հրաժարվելու այն պայքարից, որը ոչ միայն ուղղակի ԱԺ-ում քաղաքական ամբիոն ունենալու պայքար է, այլ պայքար է  մեր հայրենիքի, մեր ազատությունների և մեր երեխաների ապագայի համար: Ես պայքարից հրաժարվելու  և հետ գնալու ճանապարհ չունեմ:

 

Իսկ ի՞նչ եք առաջարկելու Ձեր ընտրողին: Հասարակության ո՞ր հատվածի քվեն եք ակնկալում ստանալ:

Իմ ուղերձը հետևյալն է` այնպես անել, որ մեր սերունդը որևէ կերպ չկասկածի, որ չի ապրելու ՀՀ-ում: Մեր երեխաները պետք է ունենան հայրենիք: Դա լինելու է Հայկական բարձրավանդակի` այսօրվա դրությամբ 42 քառակուսի կիլոմետրը, բայց ապագային  միտված` ազատագրված մեր հայրենիքը: Մենք ցանկանում ենք, որ մեր երկրում տեղի ունենա իրական ազգահավաքը և  բոլոր այն մարդիկ, ովքեր այս շրջանում հնարավորություն չեն ունեցել ապրելու հայրենիքում, հետ վերադառնան: Իսկ մեր հայրենիքում պակասում է ամենակարևորը` արդարությունը: Մեր քաղաքացիներն այսօր իրավազրկված են, երբ դիմում են դատական պաշտպանության, հասկանում են, որ արդարություն չկա, հասկանում են, որ  անարդարության հետևանքով չունեն աշխատանք:  Այս ամենի համար եմ ես ցանկանում պայքարել, որը արել եմ այս 5 տարիների ընթացքում: Հասարակության բոլոր շերտերն էլ այսօր բախվում են այդ անարդարության հետ և, հետևաբար, բոլոր շերտերն էլ մեր դաշնակիցներն են և բոլոր շերտերի համար մենք պատրաստ ենք ծառայել:

 

-Դուք այն կին թեկնածուներից եք, որն արդեն պատգամավորական աշխատանքի փորձ ունի, ի՞ նչ խնդիր կարող է լուծել  կին պատգամավորը ԱԺ-ում, որը հակառակ սեռի իր գործընկերներին գուցե դժվարությամբ կհաջողվի:

-Իհարկե, տարբեր հարցերի շուրջ կանանց մոտեցումները տարբեր  են լինում տղամարդկանց մոտեցումներից, բայց  որոշումների կայացման փուլում կա նաև կարգադրանքի  պարտադրման ներքո հարցը լուծելու խնդիրը և այս դեպքում կապ չունի, որոշում կայացնողը կին է, թե տղամարդ: Եթե կինը  գտնվում է այդ ռեժիմի ներքո գործող միավորի մեջ, նա նույն կերպ է վարվում: Կարևոր է, որ ԱԺ-ում ներկայացված լինի այն քաղաքական ուժը, որը  հնարավորություն կունենա իրականացնել իր ծրագիրը, որը  իրապես պետք է համապատասխանի խոսքին և գործին: Իրականում մենք տեսնում ենք, որ հռչակվում է մի ծրագիր, բայց գործունեությունն այդ ծրագրից  բացարձակ չի բխում: Վերջերս ընդունվեց  արտակարգ դրությանը  և այդ գործընթացին ՀՀ ԶՈՒ ներգրավմանը վերաբերող օրինագիծը: Շատ ցավալի է, որ իշխանության ներկայացուցիչ կին պատգամավորները քաջ գիտակցելով, որ իրենք վաղը գուցե այլևս չլինեն իշխանություն, բայց իրենց երեխան պարտադիր  զինվորական ծառայության մեջ գտնվելով, հնարավոր է մասնակցի այդ գործողություններին և հանրավոր է տեղի ունենա ողբերգություն, որի ականատեսը եղանք 2008 թվականին, կողմ քվեարկեցին: Զոհվեց մի ժամկետային զինծառայող, որը այդ օրը չպետք է լիներ Երևանի կենտրոնական փողոցում, այլ պետք է լիներ իր զորամասում: Այս ամենը գիտակցելով, այդ կանայք գալիս և կողմ են քվեարկում, հետևաբար, կին լինելը որոշիչ չէ:

 

Զրուցեց` Մարիաննա Ղահրամանյանը

Դիտումների քանակը` 3719

Գլխավոր էջ