Ֆրիտյոֆ Նանսեն՝ աշխարհի խիղճը/ ֆիլմ

Այսօր նորվեգացի բևեռախույզ,  գիտնական, դիվանագետ և ականավոր հումանիստ Ֆրիտյոֆ Նանսենի  ծննդյան օրն է: Նա առաջիններից էր, որ անձնվիրաբար օգնության հասավ Ցեղասպանությունից մազապուրծ եղած հարյուր հազարավոր հայերին, ովքեր   բռնի տեղահանվեցին  իրենց  բնօրրանից ու  քշվեցին Սիրիայի Դեյր Էզ-Զոր անապատ, Ռաքքա, Ռաս ուլ-Այն, Մեսքենե  և այլ  բնակավայրերի  ճամբարներ: Առնվազն   320 հազար  հայ տարագիր փրկվեց մեծ մարդասեր Նանսենի շնորհիվ,  մի  մարդու, ով Աստծո կողմից իրեն տրված անսահման սիրուց բաժին հանեց հատկապես հայերին: Նրան հաջողվեց հուսահատ մի ժողովրդի հոգում  ապագայի հանդեպ վառ պահել հույսն ու հավատը: Նրա շնորհիվ  հայ գաղթականները  ստացան անձը հաստատող այն վկայականը, որ հետագայում  կոչվեց «Նանսենյան անձնագիր»:

 

Որպես  նորաստեղծ Ազգերի լիգայի Փախստականների հարցով առաջին գերագույն հանձնակատար   Նանսենը   մտահոգություն էր հայտնում  և հետամուտ  լինում  մի  շարք երկրներում հայ տարագիրներին իրավական  կարգավիճակ  տալու հարցին: Իր կրակոտ  ելույթներով  նա փորձում էր  հորդորել Եվրոպայի  երկրներին հայերին  տրվող դատարկ  խոստումներից  անցնել  գործնական քայլերի,  և դա  կատարում էր ոչ  խնդրողի, այլ  պահանջատերի իրավունքով, փորձում էր արթնացնել  նրանց  քնած խիղճը, բայց ոչ  երբեք  խղճահարությունը դեպի փոքր,  արնաքամ ,  բայց  և  շնորհալի մի  ժողովուրդ, որ չունի  նավթ ու  ոսկու հանքավայրեր,  սակայն  չի կորցնում  հույսը, և սպասում, անվերջ  սպասում է: Ի  վերջո, մեծ  տերությունների քաղաքական  խաղերից  հոգնած ու հիասթափված  Նանսենը  մարտահրավեր է նետում  հզոր  տերություններին  և որոշում  սեփական  ուժերով  իրագործել  հայ  գաղթականներին  օգնելու իր  ծրագիրը: 1922 թվականի  հունիսին Նանսենի  նախաձեռնությամբ  Ժնևում  հրավիրված կոնֆերանսում ընդունվում է հայ  տարագիրներին «Նանսենյան անձնագրեր» տալու որոշում: 1923- սեպտեմբերի 3-ից Նանսենն անձամբ է  զբաղվում այդ  գործընթացով:

 

Նանսենյան  անձնագիրը՝  ժամանակավոր վկայական էր, որը տրվում էր Առաջին  համաշխարհային  պատերազմից  հետո  փախստականներին և  քաղաքացիություն  չունեցող  մարդկանց: Զինանշանի փոխարեն  անձնագրում  ամրացված էր Ֆ.Նանսենի դիմանկարով  նամականիշ` «Societe des Nations» /Ազգերի լիգա/ գրությամբ: Այն  տրվում էր երկու լեզուներով`  ֆրանսերեն  և տվյալ  երկրի  լեզվով: Այդ անձնագիրը ստացած անձինք  օգտվում էին կոնֆերանսի մասնակից  երկրներում  բնակվելու, ազատ  տեղաշարժվելու իրավունքից,  նրանց  նկատմամբ  դադարում էին  գործել քաղաքացիություն  չունեցողների համար գործող  սահմանափակումները: Անձնագիրը  կարելի էր  ձեռք  բերել 5 ֆրանկով: Դրանից  ստացված եկամուտը Նանսենն  օգտագործում էր կարիքավոր գաղթականների համար: Այսպիսով  ցեղասպանությունից  փրկված շուրջ  320 հազար  հայ  տարագիրների Ազգերի  լիգայի անդամ  52  երկրներում տրվում են «Նանսենյան  անձնագրեր»: Մեծ Եղեռնից  մազապուրծ եղած տարագիր հայերի համար այդ անձնագրերը սոսկ ինքնությունը  հաստատող  վկայագրեր չէին, այլ  մարդկային արժանապատիվ  կեցվածքը  չկորցնելու,  կորսված  օջախը  վերականգնելու և  կրկին բարին ու գեղեցիկը արարելու անբարբառ  խորհուրդ  և  պատգամ, որոնք  հայերը սրբությամբ  իրագործում էին  դեգերումներից  հետո իրենց  համար  հանգրվան  դարձած  աշխարհի  ցանկացած անկյունում:

 

Իհարկե, Նանսենը շարունակում էր տեսադաշտում  պահել նաև  հայ գաղթականներին  նյութական օժանդակություն  ցույց  տալու խնդիրը: Նրանց աջակցելու նպատակով  մի  շարք երկրներում ստեղծվեցին  Նանսենյան  գրասենյակներ: Սիրիայի, Լիբանանի, Եգիպտոսի տարածքներում  գործող Նանսենյան  գրասենյակի և Հայ  բարեգործական  ընդհանուր միության  մասնաճյուղերի  սերտ  համագործակցությունը արդեն  տալիս էր  իր դրական  արդյունքը: Նանսենը Հայ  Բարեգործական  ընդհանուր միության  նախագահ Պողոս Նուբար փաշայի  հետ  ստեղծեց Միացյալ  հայկական  կոմիտե, որն աջակիցներ գտավ  աշխարհի  շատ երկրներում, ծավալվեց  հայանպաստ  գործունեության  հզոր ալիք:

 

1927 թվականի  գարնանը Նանսենյան  գրասենյակը Բեյրութում գնեց  երկու մեծ  հողակտոր,  որոնց  վրա  նախատեսվում էր բնակեցնել  մի քանի  տասնյակ  հազար  գաղթական: 1928 թվականին էլ ավելի մեծ  տարածքներ գնվեցին Հալեպի, ապա  նաև Ալեքսանդրեթի, Դամասկոսի մեջ: Երբեմն  Նանսենյան  գրասենյակը  ստիպված էր լինում  հաղթահարել տեղական  կառավարությունների  դիմադրությունը  լավ  հողատարածքներ ձեռք  բերելու հարցում:

 

Թեև 30-ական  թվականների  համաշխարհային  տնտեսական  ճգնաժամը մասամբ  նվազեցրեց աշխատանքի  ծավալը,  սակայն Նանսենյան  գրասենյակը Սիրիայում  և Լիբանանում շարունակեց  հայ  գաղթականներին  փոքրիկ  համայնքներում  տեղավորելու և  նյութական  ապահով  պայմաններ ստեղծելու գործը: Բեյրութում  ձևավորվեց  Պուրչ Համուտի  հայկական  թաղամասը, Հալեպում`  Նոր  Գյուղի  համայնքը,  նմանատիպ վարչական  տարածքներ  ձևավորվեցին  նաև Ալեքսանդրեթում  և Դամասկոսում: Նանսենյան  գրասենյակի  գործունեության  շնորհիվ Սիրիայում  և Լիբանանում  կառուցվեց 6283 տուն, որոնցում  տեղավորվեցին 46313 հայ  գաղթականներ:

1925 թ. 64-ամյա  Նանսենը Ազգերի լիգայի որոշմամբ ստեղծված և իր  ղեկավարած  հանձնախմբով  հայ  գաղթականներին հայրենիքում  վերաբնակեցնելու հարցի լուծման  նպատակով գալիս է Հայաստան, որտեղ  ծանոթանում է  հինավուրց  ու  տաղանդավոր  ժողովրդի  ստեղծած  համամարդկային  արժեքներին, Գյումրիի որբանոցներում ճաշակում է որբերի ապուրից, մասնակցում   նրանց ուսումնական  պարապմունքներին: Ճանաչում ու հավատում է հայ  ժողովրդի ապագային: Վերադառնալով Եվրոպա, նա Ազգերի լիգայում հայտարարում է «միակ տեղը, որտեղ կարելի է տեղավորել հայ փախստականներին, դա Սովետական Հայաստանն է։ Իր այցելությունը Հայաստան նա նկարագրում է 1927-ին լույս տեսած իր գրքում։ Այն   նորվեգերենից  թարգմանվել է անգլերեն ու ֆրանսերեն` «Հայաստանը և Մերձավոր Արևելքը», գերմաներեն` «Խաբված ժողովուրդ» վերնագրերով: Ընդ որում, գրքի վրա կարմիր տառերով գրված է. «Մեղադրանք Անտանտի ու Ազգերի լիգայի դեմ»:  Հայ ժողովրդի նկատմամբ  իր մարդասիրական առաքելությունը   Նանսենը չի թողնում մինչև մահ։ Նա մահացել է 1930 թ. մայիսի 13-ին:

1935 թ.  վերջերին Նանսենյան  գրասենյակը հազարավոր փախստականների կացարաններով ապահովում է  նաև Հայաստանում  և Թուրքիայում:

 

Մարդասիրական գործունեության համար 1922 թ-ին Նանսենին շնորհվել է Նոբելյան մրցանակ:  1938 թ-ին նրա՝ Գաղթականների միջազգային գրասենյակը նույնպես արժանացել է Նոբելյան մրցանակի`մեկ անգամ  ևս ապացուցելով, որ մարդասիրության  և  գթասրտության  նանսենյան  պատգամները կենսունակ են,  իսկ  դրանցով առաջնորդվելը` աստվածահաճո առաքելություն:

 

1954 թ-ին ՄԱԿ-ի Փախստականների գծով գերագույն հանձնակատարի  գրասենյակը  սահմանել է Նանսենի մրցանակ (սկզբում կոչվել է «Նանսենի մեդալ»). տրվում է 1955 թ-ից: Այս  տարի այդ մրցանակին արժանացել է  փախստական ուսուցչուհի Աքիլա Ասիֆին, ով իր կյանքը նվիրաբերել է Պակիստանում փախստական աղջիկների կրթության գործին:

 

Երևանում գործում են «Ֆրիտյոֆ Նանսեն հիմնադրամը» (նախագահ` Ֆելիքս Բախչինյան), Ֆրիտյոֆ Նանսենի անվան մանկատունը:

 

2009-ին Ֆրիտյոֆ Նանսենի հիմնադրամի կողմից  նկարահանվել է «Ֆրիտյոֆ Նանսեն` աշխարհի խիղճը» ֆիլմը:

 

 

Նանսենի անունով կոչվել են փողոցներ և դպրոցներ Երևանում, Դիլիջանում, Արմավիրում, Սպիտակում, Ստեփանավանում: Երկրաշարժից հետո  Սպիտակ քաղաքում նորվեգացիները  Նանսենի թոռան` ճարտարապետ Էյգիլ Նանսենի նախագծով 1989 թ-ին կառուցել են հիվանդանոց, որի բակում տեղադրվել է Ֆրիտյոֆ Նանսենի կիսանդրին, Երևանի Նոր Նորք թաղամասի զբոսայգում`  «Նանսենյան անձնագրի» արձանը:

 

 Անուշ Ներսիսյան

 

Լուսանկարներում՝

-Նանսենը Ալեքսանդրապոլում /Գյումրիում/  հայ որբերի հետ ապուր է  համտեսում, 1925 թվական

-Նանսենի անձնագրի պատճենը

-Հայկական  նոր թաղամասի բնակարանների կառուցում Հալեպում, 1928 թվական

-Նանսենի  գլխավորած հանձնաժողովի և Հայկական ԽՍՀ  կառավարության  ներկայացուցիչների համատեղ  նիստը Երևանում` Հողժողկոմ Ա.Երզնկյանի աշխատասենյակում, հունիս,  1925 թվական

 

 

Հ. Գ. WomenNet. am-ը շնորհակալություն է հայտնում  ԳԱԱ Հայոց Ցեղասպանության թանգարան ինստիտուտի  գրադարանի  աշխատակիցներին՝ Ֆրիտյոֆ Նանսենի մասին  նյութերը տրամադրելու համար

 

Կարդացեք թեմայի շուրջմեր կայքում.

 

Ֆրիտյոֆ Նանսեն՝ աշխարհի խիղճը/ ֆիլմ

Հայոց Ցեղասպանության թանգարանում Նանսենյան անձնագրի բնօրինակ չկա

Փախստական ուսուցչուհին՝ Նանսենի մրցանակակիր – հաղորդում է ՄԱԿ ՓԳՀ-ն

 

 

 

Դիտումների քանակը` 7527

Գլխավոր էջ