Ֆինանսական աջակցություն կցուցաբերվի կին ձեռներեցներին
«Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի կողմից Փոքր և միջին ձեռնարկատիրությանը պետական աջակցության տարեկան ծրագրերի շրջանակներում ֆինանսական աջակցություն կցուցաբերվի 300 գործող և սկսնակ ՓՄՁ սուբյեկտների, որոնց առնվազն 50 տոկոսը պետք է պատկանի կամ կառավարվի կանանց կողմից:
Այս մասին համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարությունը` հաստատելով «ՀՀ 2013 թվականի պետական բյուջեում և ՀՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Ինչպես նշեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանը, որոշման ընդունումը պայմանավորված է Կանանց ձեռներեցությանն աջակցության հատվածի զարգացման ծրագրի շրջանակներում ՀՀ կառավարության և Ասիական Զարգացման Բանկի միջև կնքված վարկային համաձայնագրով ստանձնված պարտավորությունների կատարման անհրաժեշտությամբ:
Նշվեց, որ փոքր և միջին ձեռնարկատիրությունը պետական աջակցության տարեկան ծրագրերի Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից իրականացվում են գործող և սկսնակ ՓՄՁ-ի սուբյեկտների ֆինանսական աջակցության ծրագրեր: Ֆինանսական աջակցությունն իրականացվում է վարկային երաշխիքների տրամադրման միջոցով երաշխիքային դրամագլխի հաշվին, որը ձևավորվել է Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ում 2004-2013 թթ. ընթացքում ՀՀ պետական բյուջեից և միջազգային դոնոր կազմակերպություններից ներգրավված ֆինանսական միջոցներից: 2004-2013 թթ. ընթացքում նշված ծրագրերի շրջանակներում ֆինանսական աջակցություն է ցուցաբերվել համապատասխանաբար 428 և 454 գործող և սկսնակ ՓՄՁ սուբյեկտների:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ տնտեսական աճը խթանելու համար աննախադեպ ծավալի ֆինանսական միջոցներ են տրամադրվում Կենտրոնական բանկին և առևտրային բանկերին: «Սա նշանակում է, որ բիզնես հատվածն այդ մասին պետք է իմանա, որպեսզի բիզնես ծրագրեր մշակի և ներկայացնի և օգտվի այդ վարկային ծրագրերից»,-ասաց նա:
Ծրագրի ընդհանուր արժեքը 20 մլն դոլար է: Կ.Մինասյանը տեղեկացրեց, որ ծրագրի շրջանակներում կին ձեռներեցների համար անցկացվում են սեմինարներ, դասընթացներ: Ապրիլից մեկնարկած ծրագրին արդեն իսկ 100 կին ձեռնարկատեր է մասնացկում:
Ա.Հակոբյան
Դիտումների քանակը` 3236