Օքսֆամ. կլիմայի փոփոխությունները սպառնում են մեր պարենային անվտանգությանը

Օքսֆամն ահազանգում է. կլիմայի փոփոխությունները սպառնում են մեր պարենային անվտանգությանը: Այնինչ աշխարհը «ցավալիորեն անպատրաստ է»  դիմակայել այս մարտահրավերին:  

 

 

Հայաստանում կլիմայական փոփոխությունների հետևանքով առաջացած ռիսկերը, հատկապես վերջերս գրանցված կարկտահարության դեպքերը շարունակաբար մեծացնում են գյուղատնտեսական վնասները` սպառնացող վտանգի տակ դնելով երկրի տնտեսական և սոցիալական բարեկեցությունը:

 

Դիտել հոլովակը

 

 

 

 

 

«Կլիմայի փոփոխությունը կարող է քառասուն տարով հետաձգել սովի դեմ պայքարը, իսկ մեր գլոբալ պարենային համակարգը ցավալիորեն անպատրաստ է հաղթահարելու այդ մարտահրավերը», ահազանգում է Օքսֆամը։

 

Ահազանգը հնչում է ՄԱԿ-ի Համաշխարհային կլիմայի փոփոխությունների հարցերով զբաղվող միջկառավարական հանձնախմբի /IPCC/ մարտի 25-ից 29-ը Ճապոնիայի Յոկոհամա քաղաքում կայանալիք հանդիպման նախօրեին: Օրակարգում կլիմայի փոփոխությունների վերաբերյալ հանձնախմբի վերջին համապարփակ գիտական հաշվետվությունն է, որը փաստում է, որ կլիմայի փոփոխությունը պարենային անվտանգության վրա ունենալու է սպասվածից ավելի լուրջ ազդեցություն և դա տեղի է ունենալու շատ ավելի վաղ քան ակնկալվում էր։

 

Օքսֆամի տեղեկագիրը՝ «Բարձրացող ջերմաստիճան և ահագնացող սով. ինչպես կանգնեցնել սովի դեմ պայքարը վտանգող կլիմայի փոփոխությունները», մատնանշում է տաս հիմնական գործոններ, որոնք բացասական ազդեցություն են ունենալու բարձրացող ջերմաստիճանի պայմաններում երկրի բնակչությանը բավարար սնունդով ապահովելու վրա:

 

Օքսֆամի գնահատումներով, հացահատիկների համաշխարհային գները կարող են կրկնապատկվել մինչև 2030 թվականը և այդ գնաճի կեսը պայմանավորված կլինի կլիմայի փոփոխությամբ։ Ջերմաստիճանի ընդամենը 1.5 աստիճանով աճը լուրջ հետևանքներ կարող է ունենալ աշխարհի պարենային համակարգի վրա, իսկ ջերմաստիճանի բարձրացման 3-4 աստիճանի շեմքը հատելուց հետո մարդկությունը կկանգի պարենի անկառավարելի ճգնաժամի առաջ։

 

Տաս բացերը կամ «ձախողված» քաղաքականության ոլորտները, որոնք սպառնալիք են երկրների ինքնակերակրման ունակության համար հետևյալն են.

  1. Պարենի պաշարներ. Եթե հացահատիկ արտադրող հիմնական երկրներում ծայրահեղ վատ եղանակային պայմանների պատճառով ոչնչանա բերքը, ապա սննդամթերքի գները կտրուկ կբարձրանան, պատճառ դառնալով պարենային ճգնաժամերի։
  2. 2.    Գյուղատնտեսական ներդրումներ. Զարգացող երկրներում պետությունը չնչին գումարներ է ներդնում գյուղատնտեսության զարգացման համար: Ուսումնասիրված 20 աֆրիկական երկրներից միայն չորսն են կատարել իրենց հանձնառությունը գյուղատնտեսության վրա ծախսել պետական բյուջեի 10 տոկոսը։ Իսկ Հայաստանում պետական բյուջեից գյուղատնտեսությանն ուղղված ծախսերը կազմում են ՀՆԱ-ի 0,3% (2014-ին նախատեսվում է` 0.5%-ը), իսկ ընդամենը պետական ծախսերի 1.90%-ը /2014 –ն նախատեսվում է` 1,91%-ը/
  3. Գյուղատնտեսական ապահովագրում. Աղքատ երկրներում ֆերմերների ընդամենը 1 տոկոսի բերքն  է ապահովագրված, որի հետևանքով մեծապես դժվարանում է կենսապահովումը, երբ կլիմայի հարվածներից ոչնչանում է բերքը։
  4. Հարմարվելու համար նախատեսված միջազգային ֆինանսավորում.  հարուստ երկրները խոստացել են օգնել աղքատ երկրներին հարմարվելու կլիմայի փոփոխություններին, սակայն տրամադրել են անհրաժեշտ գումարի ընդամենը 2 տոկոսը։
  5. Ցանկատարածքների ոչ բավարար ոռոգում. Աղքատ երկրների մեծ մասում ոռոգվում է ցանկատարածքների ընդամենը մեկ տոկոսը։
  6. Գյուղատնտեսության ոլորտի հետազոտություններ և զարգացում (ՀևԶ). Ողջ աշխարհի մակարդակով՝ վերջին 100 տարիների ընթացքում սերմնատեսակների բազմազանությունը նվազել է շուրջ 75 տոկոսով։ Դա բացասականորեն է անդրադարձել փոփոխվող կլիմայական պայմաններին առավել համապատասխան սերմնատեսակներ ունենալու հնարավորության վրա։ Աղքատ երկրներում գյուղատնտեսության ՀևԶ-ի վրա ծախսվող գումարը կազմում է հարուստ երկրներում այդ նպատակներով ծախսվող գումարի ընդամենը մեկ վեցերորդ մասը։
  7. Սոցիալական պաշտպանություն. Աշխարհի բնակչության ընդամենը 20 տոկոսն է օգտվում սոցիալական պաշտպանության համապատասխան ծրագրերից։
  8. Եղանակի Ճշգրիտ կանխատեսում. հիդրոմետ ծառայությունների օդերևութաբանական կանխատեսումները օգնում են  ֆերմերներին խուսափել բերքը կորցնելուց։ Աղքատ երկրներում դրանք խիստ սակավ են, տրամադրվող տեղեկատվությունը ոչ ճիշտ:
  9. Գենդերային խտրականություն. Զարգացող երկրներում կանայք կազմում են գյուղատնտեսության մեջ զբաղված աշխատուժի 43 տոկոսը, սակայն խտրականության պատճառով դժվարանում է նրանց հարմարվողականությունը փոփոխվող պայաններին։ Օրինակ, կանայք հազվադեպ են հանդիսանում իրենց կողմից մշակվող հողակտորի սեփականատեր, ուստի չեն կարող փոխել ֆերմերության մեթոդները, որպեսզի հարմարվեն կլիմայի փոփոխությանը։

10. Մարդասիրական օգնություն. Կլիմայի փոփոխության հետևանքով կարող են լինել պարենային ճգնաժամեր, սակայն այժմ էլ մարդասիրական օգնությունը չի կարողանում ապահովել պարենի անընդհատ աճող պահանջարկը։

 

ՄԱԿ-ի Համաշխարհային կլիմայի փոփոխությունների հարցերով զբաղվող միջկառավարական հանձնախումբը  /IIPC/ մարտի 31-ին հրատարակվող «Խոցելիությունն ու հարմարվողականությունը» կլիմայի ազդեցության գնահատման հինգերորդ հաշվետվությամբ նախազգուշացնելու է, որ կլիմայի փոփոխությունը յուրաքանչյուր տասնամյակ համաշխարհային մակարդակում շուրջ 2 տոկոսով նվազեցնելու է գյուղատնտեսական արտադրանքը, մինչդեռ պարենի պահանջարկն այդ նույն կտրվածքով աճելու է 14 տոկոսով։

 

Օքսֆամի գործադիր տնօրեն Վիննի Բիանյիման ասում է. «Կլիմայի փոփոխությունը՝ քաղցի դեմ տարվող պայքարում ամենամեծ մարտահրավերն է, իսկ աշխարհը ցավալիորեն անպատրաստ է դրան»։

 

«Կլիմայի փոփոխությանը հարմարվելու համար պահանջվող գումարը բնավ չի սնանկացնի աշխարհը։ Դրա համար աղքատ երկներին անհրաժեշտ է շուրջ 100 միլիարդ դոլlար տարեկան, ինչը համարժեք է աշխարհի 100 ամենահարուստ մարդկանց կողմից տնօրինվող հարստության ընդամենը հինգ տոկոսին,» – ասում է Բիանյիման։

 

Օքսֆամը կոչ է անում պետություններին և բիզնեսներին գործել հիմա, որպեսզի կանգնեցվի մարդկանց սովի մատնող կլիմայի փոփոխությունը՝ կլիմայի փոփոխությամբ պայմանավորված գյուղատնտեսական աղետների ռիսկերի նվազեցման ադապտացիոն տեխնոլոգիաների ներդրման, համայնքների դիմադրողականության բարձրացման, գյուղատնտեսական ապահովագրման ներդրման, ինչպես նաև    ջերմոցային գազերի արտանետումների կտրուկ նվազեցման և սովի ու կլիմայի խնդիրներին հետամուտ միջազգային համաձայնագրերի միջոցով։

 

 

 Աղբյուրը՝ Օքսֆամի հայաստանյան գրասենյակ 

 

 

 

 

 

Դիտումների քանակը` 4869

Գլխավոր էջ