Օքսֆամը միավորում է Հայաստանի և Վրաստանի իր գործընկերներին
Փետրվարի 26-ին Երևանում մեկնարկեց արդեն երրորդ հանդիպումը Վրաստանի և Հայաստանի հասարակական ակտիվիստների, ձեռներեց կանանց և երիտասարդների միջև: Կլոր սեղանի թվով 31 մասնակիցներ իրենց փորձն էին ներկայացնում, ծանոթանում հարևան երկրի ներկայացուցիչների գործունեությանը և նոր գործընկերներ գտնում: Նրանց բոլորին էլ միավորել էր Օքսֆամը իր ծրագրերի շրջանակում:
Ինչպես և նախորդները, այս հանդիպումը կազմակերպվել էր Օքսֆամի «Կանանց և երիտասարդների քաղաքական հզորացումը և իրազեկումը Հայաստանում և Վրաստանում» ծրագրի շրջանակում: Ծրագիրը «Օքսֆամ» կազմակերպության Վրաստանի և Հայաստանի մասնաճյուղերի համատեղ նախաձեռնությունն է: Մեկնարկը տրվել է դեռ անցյալ տարի, որի շրջանակում արդեն երկու փոխայցեր տեղի են ունեցել:
«Օքսֆամ- Հայատան» -ի «Հաշվետու կառավարում» ծրագրի ղեկավար Լիլիթ Չիթչյանը WomenNet.am-ի հետ զրույցում նշեց, որ յուրաքանչյուր հանդիպման ժամանակ փորձում են այնպիսի գիտելիքներ փոխանցել մասնակիցներին, որոնք նրանք հետագայում կկիրառեն իրենց համայնքներում:
– Կլոր սեղանի ժամանակ կանայք և երիտասարդները հնարավորություն ունեն ներկայացնելու իրենց համայնքային փորձը, համեմատել հիմնախնդիրները, պատմել ինչպես է կանանց հաջողվել հաղթել ՏԻՄ ընտրություններում կամ ինչպես են երիտասարդները ֆլեշմոբեր, ակցիաներ կազմակերպում և հայայնքային խնդիրների լուծումներ գտնում: Բոլոր մեր ծրագրերում կարևորում ենք գենդերային բաղադրիչը: Այս հանդիպման օրակարգում ներառել ենք կանանց քաղաքական մասնակցության վերաբերյալ շատ հետաքրքիր թեմաներ: «Պրո Մեդիա-Գենդեր» ՀԿ-ի մասնագետները, հիմնականում, խաղերի և վարժությունների միջոցով սովորեցնելու են, ինչպես վերհանելով համայնքային հիմնախնդիրները վերլուծել դրանք գենդերային տեսանկյունից , ինչպիսի առանձնահատկություններ ունի կին թեկնածուների քարոզարշավը և ինչպես լսելի դարձնել ԶԼՄ-ներում կանանց ձայնը, խոսվելու է նաև գենդերային կարծրատիպերի մասին… Կարծում եմ, երկու երկրների ներկայացուցիչների համար շատ օգտակար քննարկում կլինի:
Լիլիթ Չիթչյանի խոսքով, պահպանելով մասնակիցների կորիզը միշտ փորձում են նաև նոր մարդկանց ներգրավվել այս հանդիպումներին, որ ակտիվիստներից ինչքան հնարավոր է շատերը նոր գիտելիքներ ստանան: Օքսֆամի աջակցությամբ Հայաստանի 4 մարզերում ստեղծվել և գործում են 13 քաղաքացիական կենտրոններ, որոնք այս ծրագրի շրջանակներում կապեր են հաստատում իրենց վրացական կոլեգաների հետ:
Փիլոսյան Կարենը Դիլիջանի «Հույսի կամուրջ» ՀԿ-ից այս ծրագրի շրջանակում եղել է նաև Վրաստանում: Ստացաված տպավորությունները հակիրճ բնութագրում է այսպես. «Նոր ծանոթություններ, նոր մոտեցումներ հին խնդիրներին»:
– Հետաքրքիր է լսել Վրաստանի մեր կոլեգաների կարծիքը, նրանց վերաբերմունքը, այն խնդրին, որը քեզ էլ է մտահոգում: Որպես բլոգեր ինձ հատկապես հետաքրքրում են այն թեմաները, որոնք վերաբերում էին մեդիա ոլորտին, ինչպես մեդիայի միջոցով ներազդել գլոբալ խնդիրների վրա: Իմ բլոգում անդրադառնում եմ երիտասարդների ժամանցի խնդիրներին, ունեմ նաև հատուկ էջ գենդերային խնդիրների վերաբերվող, անդրադարձել եմ կանանց զբաղվածությանը, նրանց ներգրավվածությանը հասարակա-քաղաքական կյանքում, – ասում է Կարենը, նշելով, որ այս հանդիպման ժամանակ էլ փորձելու է առավել ինֆորմացիա ստանալ այդ խնդիրների մասին և համեմատություն անցկացնել երկու երկրների կանանց ակտիվության միջև: «Բլոգի համար լավ թեմա կլինի»՞ – հավելում է նա:
Ընդդեմ իրավական Կամայականության ՀԿ-ի Եղեգնաձորի մասնաճյուղի ներկայացուցիչ Վարդիթեր Խաչատրյանն էլ օգտակար բաներ է քաղել իր համար՝ նախորդ հանդիպումից:
– Վրաստանում սեմինարը կանանց դերի բարձրացմանն էր ուղված: Իսկ մեր կազմակերպությունը շահառու համայնքներում հաճախ է նման սեմինարներ կազմակերպում: Հանդիպումը ինձ օգնեց ավելի փորձառու դառնալ և նոր մեթոդներ յուրացնել, ու հետո փորձեցի դրանք կիրառել մեր սեմինարների ժամանակ, բավականին հաջող ստացվեց:
Նախորդ հանդիպումներին իր ակտիվ մասնակցություն ունի նաև «Երիտասարդ կանանց ասոցիացիան», որի նախագահ Լիլիթ Ասատրյանն էլ կլոր սեղանի վարողներից մեկն է:.
Հասարական ոլորտում խնդիրները գրեթե նույնն են թե Հայստանում և թե Վրաստանում, հատկապես, կանանց քաղաքական մասնակցության առումով: Բայց ի զարմանաս ինձ, հատկապես, առաջին այցի ժամանակ, բացահայտեցի, որ չնայած Վրաստանը որոշ հարցերում ավելի առաջադեմ երկիր է և կոռուպցիայի ավելի ցածր տոկոս ունի, բայց մասնակցությունը կանանց առումով ավելի քիչ է, ինչպես նաև տեղեկացվածությունը: Այսինքն, իրենց մոտ գուցե փորձառությունն է ավելի շատ, մեզ մոտ ինֆորմացվածությունը: Ցավոք, սակայն, մենք այդ ինֆորմացիան այնքան էլ չենք կիրառում: Եվ իհարկե, լինելով հետխորհրդային պետություններ, լիարժեք չենք գնահատում կնոջ ներուժն ու հնարավորությունները: Հուսամ, փորձի իրական փոխանակում տեղի կունենա, Հայաստանում կանայք ունեն ձեռներեցության լավ օրինակներ, մեր հայ մասնակիցներն էլ, կվերցնեն, հաջող փորձի օրինակներ, այն կտեղայնացնեն, ավելացնելով իրենցը և կստանան նոր մրցունակ ծրագրեր»:
Կանանց ակտիվության բարձրացման առումով Լիլիտ Ասատրյանը կարևորեց կամավորությունը: Այն, իր խոսքով, անհրաժեշտ նախապայման է, քանի որ բոլորը սպասում են, որ ինչ- որ մեկը իր համար պետք է, ինչ- որ բան անի, սակայն չկա նախաձեռնողականություն: Դա այն է, ինչ այսօր մեզ պակասում է:
Նշենք, որ Հայաստանի և Վրաստանի ակտիվիստների հանդիպումները արդեն տվել են իրենց արդյունքերը. Օքսֆամի երկու մասնաճյուղերի գործընկեր կազմակերպություններ «Դեա» ասոցիացիան Վրաստանից և «Հույսի կամուրջ» ՀԿ-ն Հայաստանից, որոնք զբաղվում են հաշմանդամ մարդկանց խնդիրներով, որոշել են համատեղ ծրագրով հանդես գալ:
– Փետրվարի 28-ին համատեղ կայքի շուրջ քննարկում ևս կլինի, որը, կարծում եմ, կմիավորի մեր մասնակիցներին: Կլոր սեղանի ավարտից հետո կայցելենք մեր քաղաքացիական կենտրոնը Իջևանում, չրի արտադրությունով զբաղվող Վերա Գրիգորյանի տնտեսությունը Օշականում և Այրումի կոոպերատիվը: Պլանավորել ենք ևս մեկ հանդիպում արդեն Վրաստանում, այս անգամ հայ և վրացի կին ձեռներեցների արտադրանքների ցուցահանդես ենք կազմակերպելու ,- պատմեց Լիլիթ Չիթչյանը՝ հավելելով, որ կլոր սեղանը կտևի մինչ մարտի 1-ը:
Լիլիթ Քոչինյան
Դիտումների քանակը` 5110