Օրենքի նախագծում շտկումներն արդեն արվել են, վստահեցնում է Ֆիլարետ Բերիկյանը
«Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքի նախագծում շտկումներն արդեն արվել են, այն ՀՀ կառավարությունում է, և կարծում եմ` օրենքի նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը շատ շուտով կլինի»,- այս մասին WomenNet-ի հետ զրույցում ասաց օրենքի նախագծի համահեղինակ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ֆիլարետ Բերիկյանը:
Հիշեցնենք, որ օրերս կայացած ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը նպատակահարմար էր համարել «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքի նախագծի երկրորդ ընթերցումը հետաձգել մինչև մեկ տարի ժամկետով, որպեսզի կառավարությունը ներկայացնի առաջարկությունների վերաբերյալ ամբողջական ամփոփաթերթը:
Ֆիլարետ Բերիկյանի խոսքերով` հետաձգումը կապված էր միմիայն տեխնիկական վրիպակի հետ: «Խնդիրը զուտ տեխնիկական էր, շտկումներն արդեն արվել են, նաև պետք է շեշտեմ, որ այդ տիպի օրենքների համար աննախադեպ լսումներ են եղել, մանրամասն քննարկումներ տեղի ունեցել»,- ընդգծեց փոխնախարարը:
Նշենք, որ օրենքի նախագիծը մշակվել է Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովելու համար: Օրենքը նպատակուղղված է «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի, Պեկինի 4-րդ Համաշխարհային համաժողովի հանձնարարականների, Եվրախորհրդի կանանց և տղամարդկանց իրավահավասարության հանձնաժողովի փաստաթղթերի, ՄԱԿ-ի Հազարամյակի հռչակագրի պահանջների և Հայաստանի Հանրապետության միջազգային այլ փաստաթղթերով ստանձնած պարտավորությունների կատարմանը:
Օրենքը սահմանում է քաղաքական, սոցիալական, տնտեսական, մշակույթի և հասարակական կյանքի այլ ոլորտներում կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման երաշխիքները և կարգավորում է դրանց առնչությամբ ծագող հարաբերությունները:
Օրենքի նպատակն է հասարակական կյանքի բոլոր ոլորտներում գենդերային հավասարության ապահովումը, կանանց և տղամարդկանց իրավական պաշտպանությունը գենդերային խտրականությունից, քաղաքացիական հասարակության ձևավորման աջակցումը և հասարակության մեջ ժողովրդավարական հարաբերությունների հաստատումը:
Բացի այդ` օրենքը կոչված է ապահովել կանանց և տղամարդկանց իրավունքների, պարտականությունների և պատասխանատվության իրական հավասարությունը, նրանց նկատմամբ հավասար վերաբերմունքը և խտրականության բացառումը:
Հատկանշական է, որ սույն օրենքով գենդերային անուղղակի խտրականության ձև է դիտարկվում գենդերային կարծրատիպերի վերարտադրությունը զանգվածային լրատվությամբ, կրթության և մշակույթի միջոցով: Մեկ այլ հոդվածով` ԶԼՄ-երը պետք է աջակցեն գենդերային հավասարության առաջընթացին:
Հասմիկ Հակոբյան
Կարդացեք նաև թեմայի շուրջ մեր կայքում.
Էլինար Վարդանյանը պարզաբանեց օրինագծի հետաձգման պատճառները
Դիտումների քանակը` 4475