Օլիվեր Մակքոյ. «Լույսը թունելի վերջում այնուամենայնիվ երևում է»…
Մեր զրուցակիցն է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գենդերային հարցերով համադասող Օլիվեր Մակքոյը, իսկ թեման՝ զարգացման գործընթացներում կանանց ու տղամարդկանց հավասար մասնակցությանը աջակցող ծրագրերն են, որոնք իրականացվում են Հայաստանում գրասենյակի կողմից: Ինչպես հայտնի է, ԵԱՀԿ մասնակից 57 պետությունները մեծ կարևորություն են տալիս կանանց ու տղամարդկանց իրավահավասարությանը՝ գտնելով, որ այդ գործոնը առանցքային դեր է խաղում ցանկացած երկրի քաղաքական և տնտեսական անվտանգությունն ու կայուն զարգացումը ապահովելու հարցում: Գենդերային հիմնահարցերը ԵԱՀԿ-ի գերակայությունների շարքում են 2004-ից, երբ կազմակերպության նախարարների խորհուրդն ընդունեց Գենդերային հավասարության խթանման գործողությունների ծրագիրը , որը մինչ այժմ էլ հիմք է ծառայում ԵԱՀԿ-ի կողմից իրականացվող տարբեր ծրագրերի համար: Մեր առաջին հարցը՝ հենց այդ ծրագրի մասին է, ինչ է այն ենթադրում և ինչպես է այն իրականացվում Հայաստանում:
– Այս փաստաթուղթը բացի գաղափարախոսական մոտեցումներից, նաև քաղաքական պարտավորություն է ենթադրում բոլոր մասնակից պետությունների համար: Առաջինը՝ Գործողությունների պլանը դիտարկում է գենդերային կոմպոնենտը որպես անվտանգության հիմնախնդիրների անբաժան մաս: Այդ համատեքստում կարեւորվում է գենդերային ուղորդումն, ինչը նշանակում է հաշվի առնել գենդերային մոտեցումը յուրաքանչյուր գործողության մեջ, որ իրականացվում է ԵԱՀԿ կողմից: Կոնկրետ Հայաստանի օրինակով ասեմ, որ մենք՝ ծրագրեր իրականացնելով ՀՀ ոստիկանության համակարգում, հաշվի ենք առնում կանանց ու տղամարդկանց ներգրավման գործոնը այդ ծրագրերում, նաեւ վերլուծում ենք դրանց ազդեցությունը այդ տեսանկյունից: Երկրորդը՝ Գործողությունների պլանը գենդերային հավասարության սկզբունքը կիրառելու պարտավորություններ է ենթադրում, ինչը նշանակում է, որ բոլոր մասնակից պետությունները պարտավորվում են առաջնորդվելու իրենց քաղաքականության մեջ գենդերային զգայուն մոտեցումներով: Եվ երրորդը` Գործողությունների պլանը խրախուսում է մասնակից պետությունների կողմից կոնկրետ ծրագրերի կամ միջոցառումների մշակումն ու իրականացումը, որոնք ուղղված են խտրականության բացառմանը օրենսդրության եւ քաղաքականության մեջ, ներառյալ կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարը:
Կոնկրետացնելով ասեմ, որ 2008-ից ի վեր ԵԱՀԿ-ն զգալի ռեսուրսներ է ներդրել կանանց տնտեսական հնարավորությունները ընդլայնելու ուղղությամբ: Խորքային վերլուծություններից հետո ԵԱՀԿ-ն որոշել էր աջակցել եւ մինչ այսօր էլ աջակցում է Սյունիքում կանանց համար երեք Ռեսուրս-կենտրոնների ստեղծմանը, ինչպես նաև նրանց միջև համագործակցության ձևավորմանը՝ զգալի ներդրում ունենալով նաև մարզի տնտեսական իրավիճակի բարելավման հարցում: Ուրախալի է տեսնել, որ կարճ ժամանակահատվածում , հատկապես վերջին երկու տարիներին այդ կենտրոնները նկատելի արդյունքների են հասել կանանց ակտիվ ներգրավման և տնտեսական հաջողությունների առումով: Իսկ քանի որ բարեկեցությունն ու տնտեսական անվտանգությունը սերտորեն կապված են քաղաքացիական ակտիվության հետ, հաճելի է փաստել, որ աճել է նաեւ այդ կանանց քաղաքական ակտիվությունը: Տեղական ընտրություններից հետո մարզի մի շարք համայնքների ավագանիները համալրվեցին այդ կենտրոնների աջակցությունը ստացած կանանցով:
– Արդյոք, իրականացվող ծրագրերը փոփոխությունների են բերում գենդերային հավասարության առումով: Իրականում Հայաստանն այդ ուղղությամբ ունի բազմաթիվ ռազմավարություններ և ծրագրեր, որոնք պետք է որ բարելավեին վիճակը, բայց այդ ամենը շարունակում է մնալ թղթի վրա…
– Իրավացի եք` ունեք բազմաթիվ փաստաթղթեր, ծրագրեր, պարտավորություններ են մշակվել, տարբեր ոլորտներում կանանց մասնակցությունը ընդլայնելու եւ հզորացնելու ուղղությամբ: Սակայն երբ ուսումնասիրում ենք վիճագրական տվյալները տարբեր ոլորտներում՝, ապա հստակ տեսնում ենք կանանց և տղամարդկանց անհավասարության դրսեւորումները և քաղաքականության, և տնտեսության մեջ : Ակնհայտ է, որ կանանց ներկայացվածության մակարդակը Ազգային Ժողովում շատ ավելի թերի է, քան նախատեսվում էր Ընտրական օրենսգրքով ամրագրված 20-տոկոսանոց քվոտայով, նույնը վերաբերում է քաղաքական այլ ոլորտներին: Դրա հետ մեկտեղ, որոշակի փոփոխություններ, հատկապես ստորին օղակներում նկատելի են: Երբ ուսումնասիրում ենք իրավիճակը ՏԻՄ-երում, ապա տեսնում ենք, որ լույսը թունելի վերջում այնուամենայնիվ երևում է. այսօր Սյունիքում կանանց մասնակցությունը ավագանիների կազմում բավականին բարձր է, մինչդեռ դեռ մի քանի տարի առաջ այստեղ կանանց ներկայացվածության ամենացածր ցուցանիշն էր արձանագրվել: Ինձ համար դա ցուցանիշ է, որ անկախ այն բոլոր հիմնախնդիրներից, որոնք առկա են ընտրական գործընթացներում, դրական փոփոխությունները հնարավոր են, եւ կան մարդիկ, որոնք պայքարում և առաջ են տանում իրենց գաղափարները՝ փորձելով դրսեւորել իրենց լիդերական հատկանիշները :
– Ձեր կարծիքով, ի՞նչն է պատճառը, որ Հայաստանի քաղաքական դաշտը շարունակում մնալ բացառապես տղամարդկանց տարածք: Միթե չունենք բանիմաց, կրթված, ակտիվ կանայք, որոնք կցանկանան զբաղվել քաղաքականությամբ…
– Հայաստանում անշուշտ կան արժանի և բանիմաց կանայք եւ տղամարդիկ, ովքեր սակայն խուսափում են քաղաքականությունից: Ընդհանուր առմամբ, գոյություն ունի ընդհանուր ապատիա ժողովրդավարական եւ քաղաքական գործընթացների հանդեպ: «Էկոնոմիստ» պարբերականը վերջերս փաստել էր, որ զարգացած երկրներում իջնում է քաղաքական կուսակցություններին անդամակցության ցուցանիշը եւ որ եվրոպական շատ երկրներում ընտրողների գրեթե կեսը չի վստահում իրենց կառավարություններին: Կանանց դեպքում քաղաքականությունից խուսափելու բազմաթիվ այլ պատճառներ էլ կան՝ դա կարող է պայմանավորված լինել մշակութային կարծրատիպերի կամ անձնական բնույթի պատճառնով: Այստեղ կարեւորն այն է, որ կանանց քաղաքական մասնակցության ընդլայնումը հանդիսանում է զարգացման գործընթացների եւ երկրի բարեկեցության նախապայման:
–Որո՞նք են ընթացիկ տարվա անելիքները , ի՞նչ ծրագրեր եք նախատեսում իրականացնել Հայաստանում կանանց առաջխաղացմանը աջակցելու ուղղությամբ:
-Նախևառաջ մենք կշարունակենք մեր աջակցությունը Սյունիքի կանանց ռեսուրս կենտրոնների ցանցին և իրենց կողմից իրականացվող նախաձեռնություններին, հատկապես, կանանց տնտեսական և քաղաքական կարգավիճակի բարձրացման ուղղությամբ: Բայց ԵԱՀԿ-ն քաղաքական կազմակերպություն է, որը չի հանդիսանում դոնոր կազմակերպություն, և մենք փորձում ենք հասկանալ, թե ինչ ճանապարհներ կարող ենք գտնել, որպեսզի այդ կենտրոնները կարողանան ինքնուրույն շարունակել իրենց գործունեությունը, հատկապես կանանց ձեռներեցությունը զարգացնելու ուղղությամբ : Կենտրոնների ակտիվիստների եւ կամավորների մոտ շատ հիանալի մտքեր, ինովացիոն ծրագրեր կան և մենք անպայման նրանց կողքին կլինենք, որպեսզի տեսնենք, թե ինչպես ես այդ գաղափարները կյանքի կոչվում: Բացի այս, կուզենայի տեսնել, թե ինչպես է օգտագործվում Հայաստանի այլ մարզերում այն դրական փորձը, որ մենք ունեցել ենք Սյունիքում : Ուրախալի է, որ բոլորովին վերջերս Սյունիքի կանանց ռեսուրս կենտրոնների ցանցը դիմել է Եվրոպական կանանց ռեսուրսների ցանցին, ստացել է անդամակցությունը և մենք աջակցելու ենք այդ համագործակցության ավելի լավ կայացմանն ու ընդլայնմանը:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակը դիտարկում է գենդերային հավասարությունը որպես ժողովրդավարության, զարգացման և անվտանգության նախապայման , և շարունակելու է աջակցել կանանց ու տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովմանը՝ կյանքի կոչելով այդ գաղափարը : 2014-ին մենք ծրագրում ենք նաեւ ակտիվացնել հանդիպումները կին պատգամավորների հետ, աշխատանք են տանելու կանանց մասնակցության ընդլայնման ուղղությամբ քաղաքական կուսակցությունների հետ , աջակցելու ենք կանանց ներգրավվածությանը այն ոլորտներում, որոնք ավանդական համարվել են տղամարդկանց ոլորտներ, օրինակ ոստիկանությունը, ինչպես նաև մեր ուշադրության կենտրոնում է լինելու թրաֆիկինգը, որն նույնպես առնչվում է կանանց և երեխաներին:
Ասեմ, որ այդ ուղղությամբ զգալի աշխատանք է կատարվել գրասենյակի կողմից և այն հաջողությամբ չէր պսակվի, եթե չլիներ սերտ համագործակցություն կառավարության և հասարակական սեկտորի հետ:
Է.Մակարյան
ԵԱՀԿ-ի գենդերային ծրագրերի մասին առավել մանրամասն.
Գենդերային հավասարության խթանման ԵԱՀԿ-ի 2004թ. գործողությունների ծրագիրը / հայերեն, ռուսերեն, անգլերեն
Гендерное равенство: необходимость во всеобъемлющей безопасности
Կարդացեք Սյունիքի ռեսուրս կենտրոնների մասին մեր կայքում.
Ռուզաննա Տոռոզյան. « Կարևոր է նախ ուժեղացնել կանանց դիրքերը տնտեսական ոլորտում»…
«Goris Crochet» ձեռագործ հուշանվերները աշխարհի տարբեր երկրներում են սպառվում
Կանայք ՏԻՄ-երում. ներկա և ապագա հաջողությունների գրավականը / վիդեո
Գորիսը հնարավոր է կին քաղաքապետ ունենա
Ռուզաննա Տոռոզյան. «Մի վախեցեք սխալվելուց կամ պարտվելուց»
Ռուզաննա Տոռոզյան. « Աշխատելու եմ, սա է հենքային գործոնը»…/ վիդեո
Դիտումների քանակը` 8559