ՕԵԿ-ը կփորձի կրկին. նորաստեղծ ընտանիքների մասին օրինագիծը կյանքի կոչելու ուղիներ են փնտրոմ

Օրինաց երկիր կուսակցությունը պատրաստվում է «Նորաստեղծ ընտանիքներին միանվագ օգնություն նշանակելու մասին» նախագիծը կրկին դնել քննարկման: Այս մասին WommenNet.am-ին հայտնեց Օրինաց երկիր խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը, ով հույս ունի, որ վաղ թե ուշ օրենքն իրավական ուժ կստանա, ինչպես ՕԵԿ ներկայացրած այլ օրենսդրական նախաձեռնությունները: Կուսակցությունում երիտասարդ ընտանիքներին պետության կողմից աջակցության ցուցաբերումը գերակա խնդիր են համարում:

 

Հիշեցնենք, որ կառավարությունը նախորդ ամսվա սկզբին «Օրինաց երկիր» խմբակցության անդամները Հեղինե Բիշարյանի, Մհեր Շահգելդյանի, Հովհաննես Մարգարյանի ու Իշխան Խաչատրյանի հեղինակած այս օրինագծին դեմ արտահայտվեց` հիմնավորելով, որ ընդունման դեպքում այն կարող է մնալ առանց անհրաժեշտ ֆինանսական ապահովման: Ի դեպ, նախագծում արված հաշվարկների համաձայն, օրենքը կյանքի կոչելու համար տարեկան հարկավոր էր 2,4 մլրդ դրամ:

 

Մհեր Շահգելդյանը չցանկացավ կառավարության որոշման վերաբերյալ մեկնաբանություն անել, սակայն համոզված է,  առկա ժողովրդագրական իրավիճակի պայմաններում նման օրենքի ընդունումը խիստ կարևոր է:
«Այն առաջարկությունները, որ մենք անում ենք, և որոնք վերջ ի վերջո ընդունվում են, միայն դրական ազդեցություն են ունենում: Օրինակ, երրորդ երեխայի ծնվելու դեպքում պետության կողմից գումարի տրամադրումն ու ավելացումը եղավ մեր առաջարկով: Սրա շնորհիվ է նաև, որ վերջին մի քանի տարիներին մենք ունենք ծնունդների աճ»,-ասաց պատգամավորը:

 

Ինչ վերաբերում է նորաստեղծ յուրաքանչյուր  ընտանիքի 300 հազար տրամադրելու կուսակցության առաջարկին, ապա Շահգելդյանի խոսքով, պետությունը պետք է աջակցի երիտասարդ ընտանիքներին, նպաստի նրանց կրթություն ստանալուն, աշխատատեղեր բացի…

 

«Առաջարկված նախագիծը երիտասարդական քաղաքականության մի մասն է: Եվ այս տրամաբանությամբ մենք կքննարկենք` տեսնելու բոլոր հնարավարությունները: Երկրի տնտեսության զարգացման ընթացքում մենք կկարողանանք տարբեր աղբյուրներ, միջոցներ գտնել այս ծրագրի իրականացման համար` թեկուզ փուլային, թեկուզ նախնական: Մենք չենք ասում, որ ամեն ինչ պետք է միանգամից լինի: Ուղղակի պետք է աշխատել, փորձել: Հիմա չեղավ, մենք կփորձենք գտնել տարբերակներ, իհարկե գերադասելի կլիներ, որ հիմիկվանից կիրառվեր»,-ասաց Մհեր Շահգելդյանը:

Հ. Կարապետյան

 

Օրինագծի մասին կարող եք կարդալ մեր կայքում.

Որտեղի՞ց գտնել 2,4 մլրդ. դրամը նորաստեղծ ընտանիքների համար

 

 

 

 

 

Դիտումների քանակը` 3505

Գլխավոր էջ