Օգնության կոչ աշխարհին. Հալեպում բռնաբարվում են ոչ մուսուլման կանայք
Ֆեյսբուքյան «Հալէպահայութուն-Halebahayotion» խմբում հայտնվել է մի հայտարարություն, որում ողջ մարդկությանը կոչ է արվում անտարբեր չանցնել Հալեպում կատարվող իրադարձություններին և վայրագություններին: Panorama.am կայքը ներկայացնում է նամակն՝ ամբողջությամբ.
«Աշխարհի ողջ մարդկությանը, ստորև տեղեկացնում ենք՝ լի զայրույթով և կսկիծով, որ, Սիրիայում քրիստոնյա աղջիկների բռնաբարության մասին լուրերն, երեք անգամ Ալլահի անունը տալով (Ալլահը մեծ է), դժբախտաբար ճիշտ է: Մենք հաստատում ենք լուրերը, սակայն չգիտենք տուժածների իրական թիվը: Մենք չենք ուզում թշնամություն և չենք ուզում նաև, որ մարդկանց սպանեն: Պատմությունը մեզ հիշեցնում է Մերձավոր Արևելքում կոտորված հարյուր հազարավոր քրիստոնյաների: Նրանք 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրության կողմից ոչխարի պես մորթվել են մեր երկրում: Պատմությունը կրկնվեց Իրաքում, և աշխարհը մինչև հիմա լուռ է: Այժմ այն կրկվում է Շեյխ Մակսուդում՝ Հապելին մոտ գտնվող արվարձանային քաղաքում:
Ոճրագործը նույնն է, նրա ատելությունը նույնն է, սակայն զոհ ոչխարի պես չի լռելու: Տուժողն այսօր քայլեր ձեռնարկելու և կտրելու է հանցագործի ոչ միայն ձեռքը, այլ նաև գլուխը: Այսօր պատմությունը ստիպված է փոխել իր ընթացքը: Շատ երկրներ լռել են 1915 թվականին, քանի որ նույն ոճրագործը կոտորել է 1.5 միլիոն հայի: Այսօր այդ նույն երկրները շարունակում են լուռ մնալ և ոչ մի գործողություն չեն իրականացնում:
Նրանք ձևանում են ազատության ջատագովներ, նրանք կոչ են անում լինել եղբայրասեր, պնդում են որ խաղաղասեր են, ներողամիտ և իրենց իրավունքները պաշտպանելու համար ջիհադի կոչ են անում….ո՞ր իրավունքի, կանանց բռնաբարելու՞ կամ Ալլահի անունը տալո՞վ բռնաբարելու:
Այժմ մեր խոսքն ուղղելով Շեյխ Մակսուդում գտնվող զինվորական հրամանատարությանը՝ պահանջում ենք, որ բոլոր հանցագործները իրենց արարքների համար պատասխանատվության ենթարկվեն և կրեն իրենց օրինական պատիժը: Եթե այս հանցագործները չպատժվեն, ապա մենք՝ քրիստոնյաներս, մուսուլմաններս, դրուզներս, հայերս, քրդերս՝ որպես Սիրիայի զավակներ, առանց որևէ կրոնական խտրականության կամ ռասիզմի սեփական քայլերն ենք ձեռնարկելու: Մենք չենք սպասելու բանակի սպաներին կամ մեկ այլ ուրիշներին: Մենք ինքներս կպաշտպանենք մեր իրավունքները, պատիվը և առաքինությունը:
Այս նամակի նպատակը կրոնական թշնամանք հրահրելը չէ, և վարչակարգի կամ ընդդիմության հնարքը չէ: Ե՛վ վարչակարգի, և՛ ընդդիմության ուժերը խաղում են իրենց կեղտոտ խաղերը:
Սա Սիրիայի քաղաքացիների նամակն է»,-գրված է հաղորդագրության մեջ:
Իր հերթին Washington times-ը հայտնում է, որ 17 տարի Դամասկոսում ապրած, սակայն այժմ Հորդանան տեղափոխված սալաֆիական շեյխ Յասիր Աջլաունին ֆեթվա էր հրապարակել, որում կոչ էր անում Ասադի դեմ պայքարող գրոհայիններին բռնաբարել ալավի և ոչ սուննի կանանց:
«Սեքս բորսա»՝ Հորդանանում տեղակայված սիրիացի փախստականների ճամբարում
Սիրիայից գաղթած անչափահաս փախստականները հաճախ սեռական ոտնձգությունների են ենթարվում Հորդանանում: Այս մասին հաղորդում է «Russia Today» հեռուստաալիքը, նշելով, թե հորդանանցի տղամարդիկ պարբերաբար մանկահասակ աղջիկների են գողանում ու սեռական բռնությունների ենթարկում: Ավելին, փախստականների ճամբարում գործում է, այսպես կոչված, «սեքս բորսա», որտեղ կարող են «ժամավճարով աղջիկներ գնել»:
Ճամբարի բնակիչներից Իսրաա Մոհամեդը լրագրողին պատմել է, թե ընդամնեը վերջերս երեք սիրիացի աղջկա են առևանգվել ճամբարից, որոնք եղել են ընդամնեը 7 տարեկան: Որպես կանոն, հորդանանցի տղամարդիկ ճամբար են այցելում գիշերը, այդ իսկ պատճառով երեխաները վախենում են վրաններից դուրս գալ իսկ զուգարան գնում են ծնողների ուղեկցությամբ:
Հորդանանում գտնվող ճամբարի մեկ այլ վտանգը սովն է: Հենց սիրիացի գործարարների նախաձեռնությամբ ճամբարում «բորսաներ» են գործում, որտեղ ցանկացողները կարող են 55 դոլար ժամավճարով կին գնել:
«Տղամարդիկ գալիս են ճամբար սուրճ խմելու և դիտում հիջաբով աղջիկների: Միայն ընտրության համար վճարում են 140 դոլար: Եթե ցանկութուն են հայտնում ամուսնանալ նրանցից որևէ մեկի հետ, վճարում են ևս 1400 դոլար: Դրանից հետո կնքվում է ամուսնական պայմանգիր, և նա կարող է արդեն տանել աղջկան: Եթե չհավանի, ապա մեկ ժամվա ընթացքում կարող է լուծարել գործարքը», – ասել է Մաջիդ անունով սեքս բորսայի տնտեսուհիներից մեկը:
Վերջինս պատմել է, թե իր ստեղծած «բորսան» հասցրել է գերել Մերձավոր Արևելքի բոլոր երկրներից ժամանող հաճախորդներին: «Թե ամունությունից հետո տղամարդիկ ինչ կանեն աղջիկների հետ, ինձ չի հետաքրքրում», – ասել է տնտեսուհին:
Նա նաև նկատել է, թե քիչ չեն դեպքերը, երբ ամուսնությունից հետո հորդանանցի տղամարդիկ լքում են աղջիկներին, ովքեր օրեր անց նորից ստիպված են վերադառնալ ճամբար: Կանանց թողնում են անապատներում կամ հենց իրենք էլ վերադարձնում են ճամբար:
Հաղորդվում է, թե Հորդանանի իշխանություններն ստեղծված իրավիճակի առնչությամբ առանձակի քայլեր չեն ձեռնարկում, ինչը ստիպել է սիրիացի տղամարդկանց սեփական կանանց և երեխաների անվտանգությունը պաշտպանելու համար ինքնուրույն միջոցներ ձեռնարկել: Վերջիններս, մասնավորապես, շուրջօրյա պահակություն են իրականացնում ճամբարում: Եթե նկատում են արտառոց անձանց, ապա կրակում են: «Ստեղծված իրավիճակի պարագայում փախստականների ճամբարի շուրջբոլորը բռնության գոտի է ձևավորվել», – հաղորդում է հեռուստաալիքը:
Նշենք, ՄԱԿ-ի տվյալներով սիրիական հակամարտության հետևանքով մեկ միլիոնից ավել մարդ լքել է հայրենիքը՝ տեղափոխվելով սահմանամերձ երկրներ:
Աղբյուրը` Panorama.am
Դիտումների քանակը` 5705