«Կանանց թվի նվազումից նրանց կարգավիճակը բնավ էլ չի լավանա»…
« Հնդկաստանի խուլ գյուղերից մեկում, որտեղ հնարավորություն չկա ապագա երեխայի սեռը նախապես իմանալ, ինձ պատմեցին, որ ընտանիքի համար ոչ ցանկալի նորածին աղջնակներին պարզապես սպանում են: Այսինքն, ընտրողական աբորտները միակ բարբարոսությունը չէ, որ կիրառվում է այսօր որոշ երկրներում աղջիկների նկատմամբ», – այս զարհուրելի ավանդույթի մասին մեզ պատմեց համաշխարհային համբավ ունեցող ժողովրդագրության դոկտոր Քրիստոֆ Գիլմոտոն (Christophe Z Guilmoto), ով երկար տարիներ աշխատել է Հնդկաստանում և այլ երկրներում ու սեռերի անհամամասնության խնդրի վերաբերյալ աշխարհում առկա միտումների, հետևանքների մեծ գիտակ է համարվում :
UNFPA-ի հրավերով վերջերս Երևան ժամանած Ֆրանսիացի փորձագետը խորքային հետոզոտություն է իրականացնում Հայաստանի վերաբերյալ` ուրվագծելու հղիության սեռով պայմանավորված արհեստական ընդհատումների հնարավոր հետևանքները երկրի համար: Ուսումնասիրության արդյունքները կհրապարակվեն ավելի ուշ: Ի դեպ, նրա աշխատանքները ազդեցություն են ունեցել ԵԽԽՎ վերջերս ընդունված թիվ 1829 բանաձևի վրա, որն, ինչպես հայտնի է անդրադառնում է հղիության սեռով պայմանավորված արհեստական ընդհատումներին Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում և Ալբանիայում:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ փորձագետը նշեց, որ ընտրողական աբորտների պրակտիկան սկսեց տարածվել Հարավ-Արևելյան Ասիայի երկրներում՝ Հնդկաստանում, Չինաստանում, Կորեայում անցյալ դարի 80-ական թվականներից: Մեր տարածաշրջանում այն սկիզբ առավ մի փոքր ուշ, Սովետական միության փլուզումից հետո, թեպետ մինչ այդ էլ տղաների նախապատվության երևույթը առկա էր, ուղղակի ժամանակակից տեխնոլոգիաների սղության պայմաններում այդքան ցայտուն չի եղել: Անցանկալի աղջնակից ազատվելու երևույթը վտանգավոր միտումներ արաձանագրեց հատկապես վերջին տասնամյակում: Այսօր մեր երկրում ծնվող ամեն 100 աղջկա դիմաց ծնվում է 115 տղա (կենսաբանորեն նորմալ հարաբերակցությունը 100 աղջիկ ծնվող 105-106 տղայի դիմաց), ինչը ապագայում կկանգնեցնի մեզ լուրջ ժողովրդագրական խնդրի առջև:
« Տարածաշրջանի երեք երկրներում էլ այս խնդիրը առկա է ` Վրաստանում ծնված 100 աղջկա դիմաց ծնվում է 111 տղա, Ադրբեջանում 115-118 տղա, իսկ Հայաստանում 115-116 (ամենամեծ շեղումն աշխարհում նկատվում է Չինաստանում, այստեղ ծնվում է 118 տղա 100 աղջկա դիմաց): Այս մտահոգիչ շեղումները վկայում են երեխաների նկատմամբ տարբերակված վերաբերմունքի մասին՝ կովկասյան երկրների ծնողները շարունակում են նախապատվություն տալ տղա երեխաներին: Իսկ օրինակ Ռուսաստանում նման միտում չի նկատվում»,- ասում է դոկտոր Գիլմոտոն ՝ առանձացնելով երեք հիմնական գործոն, որոնց զուգակցումը նպաստել է հիմնախնդրի խորացմանը, մասնավորապես մեր երկրում:
Առաջինը՝ Հայաստան մտան ժամանակակից սարքավորումներ, որոնք հնարավորություն տվեցին հղիության առաջին շաբաթներին իմանալ ապագա երեխայի սեռը, երկրորդը՝ օրենքը չի արգելում հղիության արհեստական ընդհատումները երեխայի անցանկալի սեռի պատճառով, և վերջապես, ժամանակի ընթացքում ծնելիության ցուցանիշները նվազում արձանագրեցին ու շարունակում են այդպիսին մնալ:
«Ծնելիության անկումը հանգեցրեց նրան, որ ընտանիքներում տղա երեխային նախապատվություն տալու ավանդույթը խորացավ և ընտանիքները, որոնք այսօր մեծամասամբ գերադասում են մեկ-երկու երեխա ունենալ, փորձում են այնքան, մինչև որ տղա չի ծնվում»,- նշում է փորձագետը:
Ի դեպ, հիշեցնենք, որ 2010-2011-ին անցկացված «Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների տարածվածությունն ու պատճառները Հայաստանում» հետազոտության արդյունքները ցույց տվեցին, որ Հայաստանում առաջին և երկրորդ երեխայի դեպքում ծնվող երեխաների հարաբերակցությունը նորմալ է, և միայն երրորդ-չորրորդ երեխաների դեպքում է, որ ծնողները ակնհայտորեն նախընտրում են, որ ծնվի տղա երեխա: Այս միտումը, օրինակ նույն Վիետնամում և այլ երկրներում, Քրիստոֆ Գիլմոտոյի դիտարկմամբ , այդչափ ցայտուն արտահայտված չէ:
Իսկ հնարավո՞ր է, որ ծնվող տղաների և աղջիկների հարաբերակցության փոփոխությանը հանգեցրեցին նաև մեր տարածաշրջանում առկա ռազմական կոնֆլիկտները – WomenNet.am-ի այս հարցադրման հետ փորձագետը չհամաձայնեց: Նրա խոսքով, պատերազմների հետևանքով նկատվող այն օրինաչափությունը , որ ավելի շատ են տղաներ ծնվում, գուցե հետաքրքիր է կենսաբանների տեսանկյունից, բայց ժողովրդագրի համար ոչ, քանի որ այդ դեպքում նորածին տղաների ու աղջիկների հարաբերակցությունը խախտվում է չնչին , հարյուրերորդականների չափով և ընդհանուր ժողովրդագրական պատկերի վրա համարյա չի անդրադառնում:
Իսկ այն ինչի հետ գործ ունենք սեռով պայմանանվորված ընտրողական աբորտների դեպքում անհամամեմատ մեծ չափերի է հասնում և այնքանով է վտանգավոր, որ եթե ներկայում չենք տեսնում դրա աղետալի հետևանքները, ապա ապագայում` 15-25 տարի անց, ականատեսն ենք լինելու «մասսայական ողբերգությանը»:
«Եթե անհատի մակարդակով աբորտի դիմելու որոշումը կարող է խիստ տրամաբանական ու ռացիոնալ թվալ, ապա տարիներ անց ամբողջ հասարակության համար խնդիրներ են առաջ գալու և մտահոգիչ իրավիճակ է ձևավորվելու: Այն է` 15-20 տարի անց երիտասարդ տղամադրկանց թիվը Հայաստանում խիստ տարբերվելու է երիտասարդ կանանց թվից»,- նշում է փորձագետը ՝ թվարկելով անցանկալի հետևանքները, այն է. տղամարդիկ դժվարությամբ իրենց կին կգտնեն, նրանց մեծ մասը այդպես էլ չի կարողանա ընտանիք կազմել, կամ էլ այդ նպատակով կմեկնի արտերկիր («ամուսնական միգրացիա»),սա էլ կանդրադառնա ազգաբնակչության թվի նվազմանը: Կնվազի նաև տղամարդկանց կրթական ու սոցիալական մակարդակը և այլն:
Իրավիճակը, ըստ Քրիստոֆ Գիլմոտոյի, բնականաբար բացասաբար կանդրադառնա նաև կանանց վրա ու կբերի գենդերային խնդիրների սրմանը.
«Կանանց թվի նվազումից նրանց կարգավիճակը բնավ էլ չի լավանա, այն իմաստով, որ երիտասարդ կանայք կհայտնվեն լրացուցիչ ճնշման տակ, որ պետք է շուտ ամուսնանան, երեխա ունենան, վերարտադրողական իրենց պարտքը հանրության առջև կատարեն: Կավելանա մարմնավաճառության ու գենդերային բռնության ցուցանիշը, կնկատվի նաև թրաֆիկինգի աճ` մի բան, ինչ արդեն այսօր տեսնում ենք Չինաստանի ու Հնդկաստանի որոշ շրջաններում: Մի խոսքով` գալիք տասնամյակների կտրվածքով թվերը բոլորովին էլ բարենպաստ չեն թե կանանց, թե տղամարդկանց համար»,- եզրակացրնում է փորձագետը:
Սակայն որքան էլ խնդիրը օրակարգային է ու անհապաղ լուծումներ է պահանջում, բայց, դոկտոր Գիլմոտոյի խոսքով, այն արագ ու արդյունավետ լուծելու համար չկա կախարդական փայտիկ: Բոլոր լուծումները տևական ժամանակ կպահանջեն, քանի որ երևույթի հիմքում նախևառաջ մարդկանց մտածելակերպն է ընկած: Իսկ մտածելակերպն, ասենք, կառավարության որոշմամբ չես կարող փոխել, և լուրջ ջանքեր են պահանջվում հասարակության կողմից գենդերային կարծրատիպերից ազատվելու , հասարակությունում և ընտանիքում կանանց կարգավիճակը փոխելու համար:
«Մենք շատ հաճախ փորձում ենք տեխնոլոգիաների մատչելիությունը սահմանափակել. դա որոշակիորեն օգնում է, բայց նաեւ շատ դժվար և վտանգավոր հետուանքներ է ունենում, հատկապես կանանց համար: Որովհետև եթե կինը պատշաճ ձևով, բժշկի միջամտությամբ չի կարողանում ընդհատել հղիությունը նա այլ քայլերի է դիմում` վտանգելով առողջությունը: Կան երկրներ, որտեղ արգելված է ուլտրաձայնային հետազոտության ժամանակ երեխայի սեռը հայտնել, ինչը կոռուպցիոն ռիսկեր է պարունակում, քանի որ ծնողները փորձում են ամեն կերպ հասնել իրենց ուզածին »,- նշում է Ք.Գիլմոտոն:
Նրա խոսքով նախաձեռնությունները, որ այսօր ուղղված են սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների դեմ , պետք է մի քանի բաղադրիչներ ունենան, ընտանիքների խրախուսումից սկսած մինչև իրազեկման լայնածավալ քարոզարշավների անցկացում: « Ես նաև կփորձեմ նաև իմ առաջարկությունների մեջ ներառել այլ երկրների փորձը, նույն Հնդկաստանի», – եզրափակեց մասնագետը :
ԷՆզելա Մակարյան
Կարդացեք նաև թեմայի շուրջ մեր կայքում.
«Կորսված հավասարակշռություն. արու զավակի նախընտրությունը Հայաստանում»
Ոչինչ չի եղել, ուղղակի մի Լիլիթիկով պակաս կծնվի Հայաստանում…
Աբորտը ՝ մարդասպանություն է, բայց օրենքով դրա արգելումը խնդիր չի լուծում
Յուրաքանչյուր տարի կորցնում ենք մոտ 1400 պոտենցիալ մայր
Մարդկության մայրամուտը սկիզբ կառնի, երբ երկրի վրա «վերջանան» կանայք …
Պե՞տք է արդյոք ծնողներն իրավունք ունենան ընտրելու իրենց երեխայի սեռը
Դիտումների քանակը` 4240