Քրիստինե Ղալեչյանը նշանակվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ
Կին փոխնախարարների թիվը կառավարությունում 25% է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի 13-ի որոշմամբ՝ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Քրիստինե Ղալեչյանը նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ։
Այս նշանակումից հետո 12 նախարարությունների 40 փոխնախարարներից 10-ն են կին (25%): Հիշեցնենք, որ 2019 թվականի սեպտեմբերի դրությամբ կառավարության կազմում 12 կին փոխնախարար կար:
Նախարարություններից միայն չորսում տեղակալների առումով հավասարությունն ապահոված է: Այսպես Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի չորս փոխնախարարներից երկուսը կանայք են՝ Լենա Նանուշյանն ու Անահիտ Ավանեսյանը:
Նույն պատկերն է Արդարադատության նախարարությունում՝ նախարար Ռուստամ Բադասյանի չորս տեղակալներից երկուսը կանայք են՝ Քրիստինե Գրիգորյանը և Սրբուհի Գալյանը:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը վերջերս աշխատանքից ազատեց նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանին և այս պահին նախարարն ունի չորս տեղակալ, որոնցից երկուսն են կին՝ Նարինե Խաչատուրյանը և վերջերս նշանակված Ժաննա Անդրեասյանը:
Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի երկու տեղակալներից մեկը կին է՝ Իրինա Ղափլանյանը:
Հավասարությունը խախտված է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում՝ նախարար Սուրեն Պապիկյանը ունի վեց տեղակալ, որոնցից միայն երկուսն են կին՝ Լիլիա Շուշանյանը և նորանշանակ Քրիստինե Ղալեչյանը:
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի 5 տեղակալներից միայն մեկն է կին՝ Նաիրա Մարգարյանը:
Մնացած նախարարություններում ընդհանրապես կին փոխնախարարներ չկան: Մասանվորապես ուժային բլոկում թե՛ ԱԻՆ-ում (3 տեղակալ), թե՛ պաշտպանության նախարարությունում (2 տեղակալ) նախարարի տեղակալները բացառապես տղամարդիկ են:
Կին տեղակալ չունի նաև Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը (4 տեղակալներից և ոչ մեկը կին չէ), Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը :
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի Զարուհի Բաթոյանի երեք տեղակալների թվում այս պահին կանայք չկան: Մինչ վերջերս նախարարը չորս տեղակալ ուներ, որոնցից միայն մեկն էր կին՝ Ժաննա Անդրեասյանը, ով մեկ ամիս առաջ նշանակվեց կրթության նախարարի փոխնախարար:
Նշենք նաև, որ թեև «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով և՛ նախարարների, և՛ փոխնախարարների պաշտոնները համարվում են քաղաքական, սակայն, ինչպես օրենքն է ասում ՝ «Նախարարի տեղակալի քաղաքական պաշտոն և համայնքի ղեկավարի համայնքային քաղաքական պաշտոն զբաղեցնող անձը գործում է համապատասխանաբար նախարարից և համայնքի ղեկավարից պատվիրակված լիազորությունների ուժով և սեփական պատասխանատվությամբ քաղաքական որոշումներ կայացնելու իրավասությամբ օժտված չէ»:
Այս առումով միայն Զարուհի Բաթոյանի զբաղեցրած Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնն է համարվում քաղաքական որոշումների ընդունման մակարդակ:
Դիտումների քանակը` 1933