Քաղաքի արդար կառավարում. ինչքանո՞վ են դրան պատրաստ ընտրություններին մասնակից քաղաքական ուժերը

 

Նախընտրական ծրագրերի գենդերային վերլուծություն

 

WomenNet.am –ը ներկայացնում է  Երևանի ավագանու  ըտրություններին մասնակից  կուսակցությունների  նախընտրական ծրագրերի գենդերային  վերլուծությունը քաղաքի արդար կառավարման  հարացույցի  տեսանկյունից, որն, ի դեպ, առաջին անգամ   առաջ է քաշվել  եվրոպական ֆեմինիստուհիների կողմից: 

 

Ի՞նչ է   ենթադրում քաղաքի արդար կառավարումը

 

Ըստ միջազգային մոտեցումների,  քաղաքի արդար կառավարման մոդելը, մի կողմից,   պահանջում է   գործընկերային հարաբերությունների հաստատում պետության և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների միջև, քաղաքացիների  ներգրավում կառավարման գործում: Մյուս կողմից, արդար կառավարումն  ենթադրում է   քաղաքային խնդիրների առաջադրում տարբեր սոցիալական խմբերի, այդ թվում ամենամեծի՝ կանանց կարիքների հաշվառմամբ: Ըստ էության,  քաղաքային բնակչության կարիքների տարիքային և գենդերային առանձնահատկությունների հաշվառումը նշանակում է, որ  քաղաքի հարմարավետությունը  պետք է դիտարկվի  մասնավոր կյանքի տեսանկյունից, որտեղ  չափազանց մեծ է հատկապես  կանանց  դերակատարությունը:   Օրինակ,  կանանց կարիքները՝ հաշվի առնելով  քաղաքում նրանց տեղաշարժման առօրյա  նպատակները , ավելի բազմազան են, և նրանց կարիքների հաշվառումը ենթադրում է  քաղաքային ենթակառուցվածքների հարմարավետության բարձրացում:  

 

Մասնավորապես,  կանայք    ունեն տրանսպորտի ավելի մեծ պահանջարկ: Իհարկե,  տրանսպորտից օգտվում են և՛ կանայք, և՛ տղամարդիկ, սակայն քանի որ կանանց տնային տնտեսության, երեխաների և ծերերի խնամքի հետ կապված պարտականությունները ավելի շատ են, նրանք ավելի հաճախ են օգտվում հանրային  տրանսպորտից և ավելի բազմազան ուղեգծերով: Կամ, քանի որ  երեխաների խնամքը հիմնականում կանանց վրա է, հետևապես շենքի բակերում անվտանգ մանկական խաղահրապարակների, հանրային կանաչ տարածքների առկայությունը ավելի նշանակելի է կանանց տեսակետից:

 

Նշենք, որ եվրոպական շատ քաղաքներում նույնիսկ ճարտարապետական լուծումներն են  դարձել գենդերային զգայուն: Օրինակ, շենքերի գծագրումը արվում է այնպես, որ ծնողների համար տեսանելի լինեն բակի խաղահրապարակները: Դա հատկապես վերաբերվում է այն երկրներին, որոնցում կանանց համար աշխատանքի ճկուն գրաֆիկների հնարավորություն է ստեղծված:  Քաղաքային փողոցների, շենքերի մուտքերի, ստորգետնյա անցումների, տրանսպորտի համար նախատեսված կանգառների անվտանգությունը, դրանց պատշաճ լուսավորությունը հատկապես կարևոր է կանանց, երեխաների և մեծահասակների համար: Փողոցների և շենքերի թեքահարթակների առկայությունը կարևորվում  է  ոչ միան  անվանասայլակներով տեղաշարժվող հաշմանդամությունն ունեցող մարդկանց , այլ նաև  մանկական սայլակներով քայլող մայրերի  ազատ տեղաշարժման տեսանկյունից:   

 

Կանայք նաև ավելի ակտիվ դերակատարում ունեն մի շարք խնդիրների լուծման հարցում: Օրինակ,  քաղաքային իշխանությունների կողմից կարևորվող մի շարք հարցեր՝ աղբահավաքման մշակույթի բարձրացման, աղբի տեսակավորման, քաղաքի մաքրության ապահովման, դժվար է լուծել առանց կանանց ներգրավման, նրանց քաղաքացիական մասնակցության ընդլայնման:  

 

 

Ընդհանուր առմամբ, կարելի է փաստել, որ քաղաքի արդար կառավարման սկզբունքները հաշվի առնող  ծրագրերը չեն կարող չլինել գենդերային զգայուն: 

 

 

Քաղաքի արդար կառավարման սկզբունքները  նախընտրական ծրագրերում 

 

Փորձելով գնահատել  Երևանի ավագանու ընտրություններին  մասնակից կուսակցությունների նախընտրական ծրագրերը քաղաքի արդար կառավարման մոդելին  համապատասխանության տեսակետից, նկատեցինք, որ առավել զգայուն է այդ առումով «Երկիր Ծիրանի» կուսակցության ծրագիրը, որում որպես հիմնախնդիրներ նշվում են հանրային կանաչ տարածքների կրճատումը, թաղամասերի անվտանգության ցածր մակարդակը, բնակելի միջավայրի սանիտարահիգիենիկ պայմանների վատթարացումը, որը պայմանավորված է ոչ մեծ թաղամասերում բնակչության խտության մեծացմամբ:

 

Երևանի ճարտարապետական զարգացման գլխավոր խնդիրների լուծումը կուսակցությունը տեսնում է ավանդական ճարտարապետության և քաղաքաշինական նորմերի կիրառման մեջ, որոնք, որպես կանոն, միշտ չէ, որ  գենդերային զգայուն են: Սակայն, քանի որ կուսակցության ծրագրում նախատեսվում է գործընկերություն հասարարակական կազմակերպությունների հետ, կարելի է հուսալ, որ ծրագրով նախատեսված քաղաքաշինության հիմնական հայեցակարգի մշակումը տեղի կունենա գենդերային ուղղորդմամբ:

 

Ավելի զգայուն  է կուսակցության ծրագրի «Փողոցների և բակային տարածքների բարեկարգում» բաժինը, որում նախատեսված է. «բակային տարածքների վերակառուցում և վերանորոգում, հենապատերի վերականգնում, հեծանիվային ուղիների կառուցում, վերգետնյա և ստորգետնյա անցումների կառուցում ու վերանորոգում»: Կուսակցության «Արտաքին լուսավորություն» բաժնում նախատեսվում է. «չլուսավորվող փողոցների, նրբանցքների, բակերի և խաղահրապարակների լուսավորում, …քաղաքային կանաչ լուսավորության ծրագրի ներդնում»: Անխոս ծրագրի իրագործումը կնպաստի քաղաքի անվտանգության խնդիրների մի մասի լուծմանը:

 

Բնակիչների հարմարավետությանը ուղղված կետեր կան նաև ՀՀԿ նախընտրական ծրագրում: Դրանցից մենք առանձնացրեցինք նրանք, որոնք անմիջականորեն վերաբերում են մասնավոր կյանքին  և իրագործման դեպքում ավելի հարմարավետ կդարձնեն քաղաքն, ինչը կնպաստի նաև կանանց կենցաղայի հոգսերի թեթևացմանը: Օրինակ, ծրագրում նախատեսվում է՝ «Մշակել և իրականացնել բազմաբնակարան շենքերի ջերմամեկուսացման և էներգետիկ արդյունավետության բարձրացման համալիր ծրագիր, իրականացնել բազմաբնակարան շենքերի ջրամատակարարման և ջրահեռացման ներքին ցանցի նորոգման աշխատանքներ, իրականացնել առանց կոյուղատար համակարգի թաղամասերում դրանց կառուցումը»։ Ծրագրով նախատեսվում է նաև բակային տարածքների բարեկարգում, նոր խաղահրապարակների և ֆուտբոլի դաշտերի կառուցում, բակային հանգստի նպատակային կահավորում։ Անվտանգությանն է ուղղված ծրագրով նախատեսվող արտաքին լուսավորության ցանցի ընդլայնումը, բոլոր փողոցների և բակային տարածքների լուսավորությունը։

 

Տրանսպորտի աշխատանքի բարելավում նախատեսված է բոլոր կուսակցությունների ծրագրերում: «Երկիր Ծիրանի» կուսակցության ծրագրում, օրինակ, շեշտը դրվում է հեծանվային ուղիների ստեղծման և տրամվայների վերագործարկման վրա: Ուշագրավ են  հետևյալ  դիտարկումները՝ «Քաղաքում անհրաժեշտ է նշանակալի հետիոտնային տեղաշարժով փողոցների հետիոտնային տարածքների վերաձևավորում», «Հեծանիվը կարող է դառնալ հանրային տրանսպորտի և անձնական ավտոմեքենայի այլընտրանք, բայց առանց նորմալ ենթակառուցվածքների դա հնարավոր չէ», «Սակավաշարժ բնակչության համար անհրաժեշտ  ենթակառուցվածքների ստեղծումը»:

 

 «Ելք» դաշինքը տրանսպորտի աշխատանքների վերափոխման մասին առաջարկներով է հանդես գալիս. նախատեսվում է ապահովել տրանսպորտի հասանելիությունը մինչև կեսգիշեր, նախատեսել հեծանվային միջանցք, մինչև 2022 թ. հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարեցնել ավտոբուսների 40 տոկոսը և տրոլեյբուսների՝ 100 տոկոսը: «ԵԼՔ»-ը  նաև խոստանում է՝ ավտոբուսների, տրոլեյբուսների, մետրոպոլիտենի կողմից ուղևորափոխադրումների չափաբաժինը առաջիկա հինգ տարիներին հասցնել 80 տոկոսի՝ ներկայիս 46 տոկոսի փոխարեն: 

 

Տրանսպորտի բարելավման մեծ ծրագիր կա նաև ՀՀԿ-ի ծրագրում: Ծրագրում հատուկ ուշադրության են արժանացած տեղաշարժման խնդիրներ ունեցող քաղաքացիների հիմնախնդիրները: Նախատեսվում է «շարունակել տեղաշարժման խնդիրներ ունեցող անձանց համար հարմարավետություն ապահովելու նպատակով իրականացվող ծրագրերը.հանրային շենքերում ապահովել թեքահարթակներ, հասարակական տրանսպորտում շարունակել տեղադրել համապատասխան սարքավորումներ, հանրային տարածքներում ապահովել տեղաշարժման մատչելիություն, տեղաշարժման մատչելիությունն ապահովելու նպատակով վերգետնյա և ստորգետնյա անցումներն ապահովել հատուկ սարքավորումներով և վերելակներով»։

 

Նշենք, որ հեծանվային տրանսպորտի զարգացումը կարևորվում է  ոչ միան էկոլոգիայի կամ ճանապարհային խցանումներից խուսափելու  տեսակետից: Տրանսպորտի այդ տեսակը հասանելի է հատկապես երիտասարդների, նաև կանանց համար, ում  ֆինանսական ռեսուրսները ավելի սահմանափակ են, մեքենաները ավելի քիչ մատչելի: Սակավաշարժ բնակչությունը այսօր տրանսպորտի հետ կապված ահռելի խնդիրներ ունի, ընդ որում կանանց խնդիրները, ֆիզիոլոգիական առանձնահատկությունների հետ կապված, հատկապես մեծ են:

 

Բոլոր կուսակցությունների ծրագրերում կարևորվում է աղբահանության խնդիրը: Սակայն խնդրի լուծման համար չափազանց կարևոր է կանանց ներգրավումը: Տնային տնտեսություններում աղբահավաքման, աղբի սորտավորման գործում մեծ դեր կարող են ունենալ կանայք՝ և՛ որպես տնային տնտեսությամբ հիմնական զբաղվողներ (մեզանում տնային տնտեսությունում պարտականությունների հավասար բաժանումը կանանց և տղամարդկանց միջև դեռևս մշակութային արժեք չունի և հոգսը հիմնականում կանանց ուսերին է), և՛ որպես սերնդի դաստիարակներ (ընդ որում ոչ միայն տանը, չմոռանանք, որ մանկավարժների գերակշիռ մեծամասնությունը կանայք են):

 

Մեծ տեղ են գրավում ծրագրերում նաև բնապահպանական խնդիրները: Բոլոր կուսակցությունները կարևորում են քաղաքի կանաչապատումը: ՀՀԿ ծրագրում ուշագրավ է այդ տեսակետից նախատեսվող հանգստի նոր գոտիների հիմնումը, այգիների և զբոսայգիների բարեկարգումը, հանրային տարածքներում  հասարակական զուգարանների առկայությունը: Հանրային զուգարանների վերաբերյալ կետ կա նաև «Ելք» դաշինքի ծրագրում: Դաշինքի ծրագրում նախատեսվում է նաև ընտանեկան հանգստի գոտու ստեղծում:

 

«Երկիր ծիրանի» կուսակցության ծրագրի «Զբոսաշրջություն» մասում նշվում է. «Զբոսաշրջային արդյունաբերությունն ամբողջությամբ ընդգրկված է փոքր ու միջին ձեռնարկատիրության ոլորտում և ներառում է (աշխատողների առումով) մարդկային ռեսուրսի սոցիալապես խոցելի խավեր, ինչպիսիք են երիտասարդներն ու կանայք»: Նշվում է, որ զբոսաշրջության զարգացման խելամիտ և արդյունավետ պլանավորումն ու կառավարումը կնպաստի քաղաքի կայուն զարգացման ապահովմանը:

 

Դրական է, որ բոլոր ծրագրերում մեծ ուշադրություն է դարձվում նախադպրոցական հիմնարկների թվի ավելացմանը, առողջական տարբեր խնդիրներ ունեցող երեխաների համար ենթակառուցվածքների ստեղծմանը, ներառական կրթությանը:

 

ՀՀԿ-ի ծրագում նախատեսվում է «Խաղահրապարակներում տեղադրել առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար հարմարեցված խաղեր», ապահովել Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող մանկապարտեզների աշխատողների առողջապահական պարտադիր ապահովագրումը, լիարժեքորեն ապահովել նախադպրոցական կրթություն՝ մանկապարտեզներում հերթերի հիմնախնդրի ամբողջական կարգավորմամբ, ապահովել անվճար նախադպրոցական կրթության ծրագրի շարունակությունը։

 

«Ելք» դաշինքի ծրագրում նախատեսվում է նաև համայնքային ակտիվ դպրոցի հայեցակարգի ստեղծման գաղափարը, դպրոցական ճաշարաններում առողջ և անվտանգ սննդի կազմակերպումը,

 

ՀՀԿ ծրագրում հատուկ ուշադրություն է հատկացվում բազմազավակ ընտանիքներին (ներառյալ բնակարանային), սոցիալապես անապահով անձանց համար նախատեսվում է դժվարամատչելի բժշկական հետազոտությունների անվճար կազմակերպում։

 

***

 

Ամփոփելով վերլուծությունը նշենք, որ  բոլոր կուսակցությունները գրված են գենդերային չեզոք մոտեցմամբ, զգացվում է գենդերային ուղղորդման պակասը, սակայն նրանցում կան բաժիններ, որոնց իրագործումը կարող է նպաստել կանանց և տղամարդկանց համար հավասար հնարավորությունների ստեղծմանը, կանանց կենցաղային առօրյայի հետ կապված շատ խնդիրների լուծմանը, քաղաքի ավելի արդար կառավարմանը:

 

Լեզվի և ոճի առումով մի փոքր տարբերվում է «Երկիր ծիրանի» կուսակցության նախընտրական ծրագիրը: Այն կարծես ավելի զգայուն է կանանց խնդիրների նկատմամբ, թեպետ դրանք շեշտադրվում են միայն զբոսաշրջության հետ կապված: Բացի այդ «Երկիր ծիրանի» կուսակցության նախընտրական ծրագրի ուժեղ կողմերից է «Համագործակցություն քաղաքացիական հասարակության հետ» բաժինը, որում նախատեսվում է ըստ ոլորտների հասարակական կազմակերպությունների, մասնագիտական միությունների ներկայացուցիչների հետ հանրային քննարկումների և խորհրդակցության աշխատանքների իրականացում: Ցանկալի է, որ այդ քաղաքականությունը որդեգրեն նաև մյուս կուսակցությունները: Մասնավորապես կանանց հասարակական կազմակերպությունները տարիների ընթացքում նշանակալի փորձ են կուտակել տարբեր սոցիալական խմբերի կարիքների վերհանման, նրանց խնդիրների լուծման ուղիների վերաբերյալ: Նման համագործակցությունը կարող է  քաղաքի արդար կառավարման  սկիզբ հանդիասանալ:

 

Լիլիթ Զաքարյան

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում .

 

Տրանսպորտի խնդիրը. երևանցիների կարծիքն ու թեկնածուների խոստումները

 

«Այս աղբը շուտով մեզ կուտի». Նուբարաշենի բնակիչների ձայնը լսելի չէ

 

«Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների լուծումները նախընտրական ծրագրերում». քննարկում

 

Մանկապարտեզների հարցը. իրականություն եւ նախընտրական խոստումներ

 

Կանաչ տարածքները կազմում են Երևանի ընդամենը 3 %-ը…

 

Նարինե Թուխիկյան. « Քաղաքի տերը յուրաքանչյուր քաղաքացի պիտի լինի»…

 

Երևանն անվտանգ ու հարմարավետ չէ. մայրիկները բարձրաձայնում են խնդիրները

 

 

 

 

Դիտումների քանակը` 3211

Գլխավոր էջ