Քաղաքային տրանսպորտի խնդիրն առավել շատ մտահոգում է կանանց, քան տղամարդկանց
Էկոլոգիան, տրանսպորտը եւ բնակ-կոմունալ ծառայությունները՝ այսպիսին է երեւանցիներին առավել մտահոգող հիմնախնդիրների եռյակը ըստ ապրիլի վերջին կատարված սոցիոլոգիական հարցման արդյունքների:
Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ Գևորգ Պողոսյանը WomenNet.am-ի հետ զրույցում մանրամասնեց, որ, օրինակ, հասարակական տրանսպորտի գործունեությունն ավելի շատ մտահոգում է մայրաքաղաքի բնակիչ կանանց, քան տղամարդկանց: Հարցման արդյունքներով կանանց 20 տոկոսն է համարում, որ մայրաքաղաքի համար կարևորագույն հարցը հասարակական տրանսպորտն է, մինչդեռ այդ հարցը ամենակարևորն է համարում տղամարդկանց 16 տոկոսը:
«Միգուցե կանայք ավելի շատ են երթուղային տաքսիներով շրջում, դրա համար իրենց համար այդ խնդիրն ավելի կարևոր է, քան ասենք էկոլոգիական խնդիրները», – ասաց Գ. Պողոսյանը:
Ընդհանուր առմամբ քաղաքային տրանսպորտը որպես ամենակարևոր հիմնախնդիր նշել է ասոցիացիայի կողմից հարցման ենթարկվածների 17.8 տոկոսը, իսկ 21.8 տոկոսը Երևանի ամենակարևոր խնդիր է համարել էկոլոգիան: Ընդ որում, Երևանի էկոլոգիական խնդիրը առավել կարևոր են հարցված տղամարդկանց 24 տոկոսի, իսկ կանանց` 19 տոկոսի համար:
Բնակ-կոմունալ ծառայությունների հետ կապված հիմնախնդիրները առավել կարևորել է հարցվածների 16 տոկոսը: Այս խնդիրները, Գ. Պողոսյանի ներկայացմամբ, ամենակարևորն են դիտարկել կանանց 17 տոկոսը, իսկ տղամարդկանց 14.3 տոկոսը:
Մյուս հիմնախնդիրների դեպքում տղամարդկանց ու կանանց կարծիքների տարբերությունը չնչին է:
Ինչ վերաբերում է թեկնածուների նկատմամբ նախապատվություններին, ապա ըստ արդյունքների, Տարոն Մարգարյանի կողմնակիցների մեջ ավելի շատ են կանայք /59,7%/, քան տղամարդիկ / 54,0%/: Մյուս թեկնածուների կողմնակիցների շրջանում, ըստ Գ. Պողոսյանի, սեռային համամասնությունը գրեթե չի տարբերվում:
Նշենք, որ հանրային կարծիքի հարցումը անց է կացվել Հայակական Սոցիոլոգիական Ասոցիացիյի նախաձեռնությամբ՝ Երևանում ապրիլի 19-25-ը: Ուսումնասիրության նպատակն էր բացահայտել և վերլուծել Երևանի բնակչության քաղաքական-հասարակական տրամադրությունները և կարծիքները 2013-ի մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների վերաբերյալ: Հարցմանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող Երևանի 1000 չափահաս բնակիչ: Հարցազրույցներն անցկացվել են ընտրողի տանը` պատահական ընտրությամբ, դեմ առ դեմ հարցման մեթոդով: Արձագանքների մակարդակը կազմել է 68%, սխալման լուսանցքը չի գերազանցում + /- 3%, վստահության մակարդակը` 95%:
Հասմիկ Կարապետյան
Դիտումների քանակը` 4412