Քաղաքական բանավեճի առանձնահատկությունները կանանց ու տղամարդկանց կատարմամբ
Վերջին օրերին ներքաղաքական ամենաքննարկվող թեման ՀԱԿ-ի նախաձեռնած ստորագրահավաքն էր, որով առաջարկվելու էր «Հարսնաքարի» գործով խորհրդարանական լսումներ հրավիրել: Ինչպես գիտենք ՀԱԿ-ը չհաջողեց` անհրաժեշտ 44 ստորագրության փոխարեն հավաքելով ընդամենը 21-ը, և որոշ քաղաքական գործիչներ այս ձախողումը կապեցին նախևառաջ առավել մեծաթիվ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պասիվության հետ:
Քաղաքական փոխհրաձգության կենտրոնում հայտնվեցին երկու խմբակցությունների քարտուղարներ՝ ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանը եւ «Ժառանգություն»-ից Զարուհի Փոստանջյանը: Առաջին հայացքից, սովորական քաղաքական գործընթաց. կանայք ի պաշտոնե մեկնաբանում են իրենց խմբակցությունների դիրքորոշումները: Երեւի թե չարժեր անդրադառնալ այս փաստին, եթե ռեպլիկների փոխանակումը սահմանափակվեր միայն քաղաքական բնույթի գնահատականներով: Հիշատակենք միայն մեկ դրվագ նրանց հեռակա բանավեճից, որպեսզի պարզ դառնա ինչի մասին է խոսքը:
Մեկնաբանելով « Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի ստորագրահավաքին չմիանալու բացատրությունը Նաիրա Զոհրաբյանը մասնավորապես ասել է. «Գիտեք, ես կարծում էի, ինձ այլեւս դժվար է որեւէ բանով զարմացնելը, սակայն Րաֆֆի Հովհաննիսյանին եւ Ժառանգությանը հերթական անգամ դա հաջողվեց: Նույն տրամաբանությամբ ես կարող եմ ասել, որ մանդատս տանն եմ թողել, կամ կորցրել եմ, եւ մինչեւ մանդատս չգտնեմ՝ ես պատգամավոր չեմ: Սա կատարյալ անհեթեթություն է: Եթե մեկը չի ցանկանում լինել պատգամավոր, ապա նա պաշտոնապես եւ գրավոր դիմում է ԱԺ նախագահին՝ ներկայացնելով պատգամավորական մանդատից իր հրաժարականը: Րաֆֆի Հովհաննիսյանն ԱԺ պատգամավոր է, իսկ մնացած պատճառաբանությունները առնվազն անպարկեշտ են»:
Արձագանքելով այդ տեսակետին Զարուհի Փոստանջյանը «Հրապարակ» օրաթերթում գործընկերոջ հասցեին հետևյալ արտահայտությունն է արել. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կյանքից հոգնածներն են զարմանալու զգացմունքը կորցնում, այդ զգացմունքը մեր աջակցությամբ տիկին Զոհրաբյանի կողմից կրկին ապրելու կապակցությամբ նախ շնորհավորում եմ: Ինձ համար հասկանալի է տիկնոջ հոգեվիճակը, հստակ դիրքորոշման դրսևորման արգելքները ստիպում են իրեն ի պաշտոնե նախահարձակ վարքագիծ դրսևորել» ….
Արդեն իսկ մարած բանավեճի վերաբերյալ որոշեց « ծանրակշիռ» եզրահանգում տալ «ժառանգության» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը՝ մտահոգություն հայտնելով « քաղաքական հիգիենայի ամենատարրական կանոնների» բացակայության առիթով…
Շարունակելով «զարմացնելու» թեման նշենք, որ տղամարդկանց դեպքում բանավեճի նման ոճն ու մակարդակը ոչ մեկին չեն զարմացնում: Իրականում կանանց պարագայում էլ պետք չէ որ զարմանք առաջացնեն, քանզի նրանք քաղաքական խաղի գործող կանոններն են ընդօրինակում եւ հենց դրա շնորհիվ է, որ կարողանում են ամրացնել իրենց դիրքերը այդ միջավայրում:
Այլ հարց է , որ քաղաքականություն մուտք գործող կանանցից սպասում են, որ գոնե իրենք կփոխեն մթնոլորտը, կփորձեն թելադրել բանավեճի նոր որակ եւ նոր մշակույթ: Թեպետ ,զուր չէ, որ ասում են՝ նման փոփոխությունները ի հայտ են գալիս , երբ կանայք քաղաքական ասպարեզում զգալի թիվ են կազմում, ինչը Ազգային ժողովին մոտակա հինգ տարում չի սպառնում…
Դիտումների քանակը` 3361