Փորձել է սպանել կնոջը երեխա չունենալու պատճառով

Աֆղանական Տախար մարզի հյուսիսային տարածքում վերջերս արձանագրվել է ընտանեկան բռնության մի դեպք. տղամարդը ատրճանակով կրակել է իր 20-ամյա կնոջ վրա, և Գուլսիկա անունով տուժածին հրաշքով է հաջողվել փրկվել:

 

Բռնության զոհը պատմել է, որ ծնունդով հարավային Կանդագար երկրամասից է, և իրեն ամուսնացրել են 13 տարեկան հասակում: Ամուսնությունից հետո սկզբնական շրջանում ամուսնու ընտանիքը լավ էր վերաբերվում իրեն, սակայն հարաբերությունները փչացան այն բանից հետո, երբ պարզվեց, որ ամուսնական զույգը ի վիճակի չէ երեխաներ ունենալ: Աղջկա խոսքերով՝ մի քանի տարի շարունակ ամուսինը և նրա հարազատները ծեծի են ենթարկել և տանջել են իրեն:

 

Փորձելով լուծել կոնֆլիկտը՝ Գուլսիկայի եղբայրը փող է տվել նրան բժշկական հետազոտություն անցնելու համար, ինչի արդյունքում էլ պարզվել է, որ աղջիկը միանգամայն առողջ է և ի վիճակի է երեխաներ ունենալ: Գուլսիկան փորձել է բացատրել, որ անպտղությամբ տառապում է իր ամուսինը, սակայն սկեսուրը ուշադրություն չի դարձրել այս ամենի վրա:

 

Զույգի՝ երեխաներ չունենալու հանգամանքը աղջկան անընդհատ նվաստացնելու և ֆիզիկական բռնության առիթ է դարձել: Հերթական ընտանեկան վեճերից մեկի ժամանակ նրա ամուսինը կրակել է իր փորի վրա: ՛՛Սկեսուրս միայն  բղավում էր ինձ վրա: Անգամ շնչել չէի կարողանում՛՛:

 

Բարեբախտաբար, հարևաններին հաջողվել էր Գուլսիկային ժամանակին հասցնել հիվանդանոց: Բժիշկները փրկեցին Գուլսիկայի կյանքը: Ներկայումս նրա առողջական վիճակը բարելավվել է, սակայն նա դեռևս դժվարանում է քայլել:

 

Այժմ Գուլսիկան ապրում է ընտանեկան բռնության զոհերի համար նախատեսված քաբուլյան կացարաններից մեկում: Ամուսնուն ձերբակալել են, և հիմա նա բանտում է գտնվում: Շուտով կսկսվի դատական վարույթը:

 

Գուլսիկան հույս ունի, որ իրեն տանջողը երկար տարիների ազատազրկման կենթարկվի՝ միևնույն ժամանակ վախենալով, որ, հնարավոր է՝ ամուսնու ընտանիքը կփորձի կրկին վերադարձնել իրեն: ՛՛Նրանք կարող են ինձ սպանել, սակայն ես չեմ վերադառնա նրանց մոտ: Ես արդեն իսկ բավականաչափ տառապել եմ՛՛,- ասում է Գուլսիկան:

 

Ի դեպ, Human Rights Watch-ի տվյալներով՝ Աֆղանստանում հարյուրավոր ձերբակալված կանայք կան, որոնք  ընտանեկան բռնության պարճառով  փախել  են տնից :

 

 

Աղբյուրը՝ http://afghanistan.ru/doc/23024.html

 

 

Դիտումների քանակը` 3867

Գլխավոր էջ