Փակ դռների հետեւում. երեխաների ձայնը

 

 «Հասարակություն առանց բռնության» ՀԿի Արագ արձագանքման խմբի մեկ տարվա ընթացքում  բացահայտած ընտանեկան բռնության 20 դեպքերից 14-ը ֆիզիկական բռնություն  են եղել, որոնցից 7-ը`մահվան ելքով: Դրանցից շատերը երեխաների աչքի առաջ են կատարվել

 

 

«Էնքա՜ն ա եղել կռիշում ենք քնել, սրա-նրա տանը… հոգնել էինք: Համարյա ամեն օր հարբած էր, էնա, որ խմում էր, ձեռքի տակ ընկածը շպրտում էր մեր վրա, տանը բան չի մնացել, սաղ ջարդելա… Մորս որ ծեծում էր, մեջ էինք ընկնում, մեզ էլ էր խփում: Մաման անընդհատ տենց վնասվածքներով գնում բողոքում էր, ասում էին` լավ չեք բողոքում. լավ բողոքելը ո՞րն ա: Եսիմ, ինչ էին ուզում», -հոր ՝ Լեւոն Ա.-ի  մասին պատմում է դուստրը՝ Մարինեն: Լեւոնը չէր աշխատում, դստեր պատմելով` անտառից հատապտուղ էր հավաքում մոր հետ միասին, շուկայում վաճառում, բայց ամբողջ գումարը խմիչքի վրա էր ծախսում… Այս տարվա հոկեմբերին  բժիշկները հրաշքով են փրկել   նրա մոր  54-ամյա Սիրանույշի   կյանքը՝  ամուսնու կողմից  դանակով  հարվածներից հետո…

 ***

«Քնած էի, ժամը չորսին արթնացա մամայիս բղավոցներից: Քույրս` Արփինեն, դեռ քնած էր: Արագ վազեցի, տեսնեմ  ճաշասենյակի դուռը կողպված է, ու Վալոդն էլ (խորթ հայրը ) մամային էն կողմից  հրում է անընդհատ: Մաման գոռում էր, որ ես բացեմ դուռը: Վազեցի խոհանոց, գդալ բերեցի ու հեշտ դուռը բացեցի: Ներս մտա, տեսա վազը վերցրել է ու խփում է…  Մամային փորձեցի փախցնել, բայց ետևից հասցրեց էլի խփել: Հետո մամային  քարշ տալով  բերեց խոհանոց, ու սկսեց դանակով հարվածել: Օգնություն էինք կանչում, խնդրում էինք, որ այդ բանը չանի, բայց մեզ չէր լսում, մեր աչքի առաջ սպանում էր մամային», – պատմում է  մի քանի օրում ցավից ու վշտից հասունացած 17- ամյա Անահիտը:
Մյուս քույրը 14-ամյա Արփինեն ընդհանրապես չի խոսում:   Անչափահաս երեխաների աչքի առջեւ խորթ հայրը  սպանել է  իր 35ամյա կնոջը`  21 անգամ դանակահարելով  իրեն …

 ***

… «Մեզ ուղարկում էր տեղաշոր ու ինքը սկսում մամային ծեծել, ձեներից էի հասկանում, որ ծեծում ա, մի անգամ եմ զարթնել ու տեսել, որ դանակը մամայի վզին ա պահել», պատմում է Տաթեւիկի Ն.-ի  10-ամյա որդին` Հովհաննեսը: Տաթեւիկի 7-ամյա դուստրն էլ  պատմում է , թե ինչպես է հայրը մեքենայով մորն ու իրեն տարել ամայի ու քարքարոտ վայր, դանակը դրել կոկորդին. միայն երեխայի խնդրանքից ու լացից հետո` պապա, խնդրում եմ, մի արա, հայրը  սթափվել է ու չի վնասել: Տաթեւիկը ամուսնու կողմից 10 տարի բռնության է ենթարկվել ամենադաժան ձեւերով` շիկացրած պտուտակահանով այրել ձեռքերը, ռետինե խողովակով ծեծել եւ վերջում, երբ կինն չդիմանալով կտտանքներին  արդեն թողել երեխաների հետ միասին տնից հեռացել էր, ամուսինը նրան հետապնդել եւ շքամուտքում 25 անգամ դանակահարել է…

 

***

… 15- ամյա Սյուզին, սենյակի ապակեպատ դռնից տեսել է, թե ինչպես է հայրը բռունցքով հարվածում մորը ու հետո դանակով հարվածում. «Գոռացի` պապան մամային սպանում ա, բայց մինչեւ եկան, մաման արդեն ուշքից գնացել էր, մինչեւ շտապ օգնության գալը, մամային ուրիշ մեքենայով տարան հիվանդանոց, բայց…»: 5-ամյա Արմանը չի տեսել, թե ինչպես է հայրը դանակահարում մորը, քույրը` Սյուզին հասցրել է այդ պահին ձեռքերով փակել եղբոր աչքերը, բայց երբ մորն արյան մեջ շաղախված հյուրասենյակ են տարել, ու հետո էլ մեծերի խոսակցություններից` Արմանը հասկացել է. «մամային պապան ա խփել» ու  պապին ասել է. «Մեծանամ` ես էլ իրան կսպանեմ»… 16 տարվա ամուսինները հազվադեպ են հաշտ ու խաղաղ ապրել, ամուսինը  պատահել է, ձմռան ցրտին գրկի երեխայի  հետ կնոջը տանից դուրս է հանել, իբր` պատժում է կամ էլ Լուսինեին մի ոտի վրա ժամերով անկյուն է կանգնացրել,  չէր թողնում կինը տանից դուրս գար, հարևանների հետ շփվեր, արգելում  որևէ տեղ կինն աշխատի: Սպանվելուց առաջ Լուսինեն որոշել էր վերջ դնել իր տառապանքներին ու ամուսնուն ասել էր ,որ բաժանվում է…

 

 Մեջբերումները՝  Նելլի Բաբայանի  նյութերից

 

Հ.Գ. Եթե դուք ականատես եք եղել ընտանեկան բռնության դեպքի, ահազանգեք Արագ Արձագանքման Խմբին՝  http://rru.swv.am/ : Խմբի առաքելությունն է վեր հանել հասարակությունում ընտանեկան բռնության դեպքերը, հրապարակային հնչեղություն տալ դրանց և հետամուտ լինել դեպքերի թափանցիկ և արդար քննությանը:

 

 

Դիտումների քանակը` 3557

Գլխավոր էջ