Փախստական ուսուցչուհին՝ Նանսենի մրցանակակիր – հաղորդում է ՄԱԿ ՓԳՀ-ն

Փախստական ուսուցչուհի Աքիլա Ասիֆին, ով  ստիպված էր  եղել 1992-ին փախչել  Աֆղանստանից դեպի Պակիստան,  արժանացել է 2015 թ. Փախստականների համար սահմանված՝ Նանսենի մրցանակին: Այս մասին տեղեկանում ենք ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի պաշտոնական հաղորդագրությունից:

 

Աքիլա Ասիֆին իր կյանքը նվիրաբերել է Պակիստանում փախստական աղջիկների կրթության գործին: 49-ամյա ուսուցչուհուն մեծ ճանաչում են բերել համարձակությունն ու իր գործին անմնացորդ նվիրումը: Տարիներ շարունակ նա Պակիստանի Միանվալի համայնքում կրթում է աֆղան փախստական աղջիկներին՝ միաժամանակ ինքն էլ հաղթահարելով փախստականի կյանքով ապրելու դժվարությունները: Չնայած նվազագույն միջոցներին ու մշակութային մարտահրավերներին, Ասիֆին կարողացավ  փախստական հազարավոր աղջիկներին առաջնորդել  դեպի տարրական կրթություն:

 

Աշխարհում փախստականների ամենամեծ ճգնաժամը հենց Աֆղանստանում է: Մոտ 2.6 մլն աֆղան աքսորվել է, որոնց կեսը երեխաներ են: Կրթությունը կարևոր նշանակություն ունի հաջող հայրենադարձության, վերաբնակեցման կամ փախստականների ինտեգրման համար:

 

Սակայն վիճակագրությունը ցույց է տալիս, որ փախստական երկու երեխայից միայն մեկը տարրական դպրոց հաճախելու հնարավորություն ունի, և չորս փախստական երեխայից ընդամենը մեկը կարող է հաճախել միջնակարգ դպրոց:

 

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Անտոնի Գութերեսը իր հարգանքն է հայտնել հումանիտար մրցանակակրին. «Որակյալ ու անվտագ կրթությունն օգնում է երեխաներին ապագայում ստեղծել անվտանգ աշխատատեղեր, սկսել բիզնես ու օգնել կառուցել իրենց համայնքները, դա էլ ավելի քիչ խոցելի է դարձնում նրանց շահագործման առումով: Աքիլա Ասիֆի պես մարդիկ  հասկանում են, որ այսօրվա փախստական երեխաներն են որոշելու իրենց երկրների ու  մեր աշխարհի ապագան»:

Նախկին ուսուցչուհի Ասիֆին ընտանիքի հետ Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլից փախել էր 1992-ին՝ անվտանգություն գտնելով հեռավոր Քոթ Չանդանա կոչվող բնակավայրում: Նա  խիստ մտահոգվում  է՝ տեսնելով, որ աղջիկները զրկված են դպրոց գնալու հնարավորությունից: Մինչ նրա այդտեղ գալը,  համայնքում տիրող խիստ ավանդույթների պատճառով  աղջիկները  ստիպված էին մնալ տանը: Բայց նա վճռեց այդ աղջիկներին սովորելու հնարավորություն տալ: Դանդաղ, բայց հաստատուն կերպով  սկսեց համոզել համայնքին, և ուսուցանել մի քանի աշակերտների դպրոցին փոխարինող մի վրանում: Այսօր արդեն վրանային դպրոցը  հեռավոր հիշողություն է, իսկ այդ համայնքում մոտ հազար երեխա է դպրոց հաճախում՝ նրա շնորհիվ:

 

«Եթե դու կրթում ես աղջիկներին, ուրեմն սերունդներ ես կրթում», – հավատացած է Ասիֆին: Նրա խոսքով,  դա իր բացատրությունն ունի.  «Եթե ձեր մայրիկը կրթված է, ուրեմն դուք անպայման ունենալու եք կրթված սերունդ, ուրեմն եթե դուք կրթում եք աղջիկներին, նշանակում է, դուք կրթում եք սերունդներին: Ես երազում են այն օրվա մասին, երբ մարդիկ Աֆղանստանի մասին խոսելիս հիշեն ոչ թե պատերազմը, այլ կրթական չափորոշիչները»:

 

«Կրթություն ստանալը մարդու հիմնարար իրավունք է: Սակայն միլիոնավոր փախստական երեխաներ զրկված են այսօր դրանից, ինչպես նաև հետագայում ավելի լավ ապագա ունենալու հնարավորությունից»,-ասում  է ՄԱԿ-ի փախստականների  հարցերով հանձնակատարի գրասենյակի բարի կամքի դեսպան Խալեդ Հոսեյնին:

 

«Ես հանդիպել եմ երիտասարդ շատ փախստականների, ովքեր կորցրել են այն, ինչը պետք է նրանց ապահով դարձներ՝ տունը, ընտանիքը, ընկերներին, դպրոցը:  Նրանց կրթության գործում ներդրում կատարելը նրանց ապագայի համար ներդրում է, որը   նրանց հույս ու հնարավորություն է տալիս  վերակառուցել մի օր իրենց ավերված հայրենիքները: ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը աշխատում է փախստական երեխաներին դպրոց գնալու հնարավորություն տալ: Աքիլա Ասիֆին մեզ ցույց տվեց, որ քաջությունը կարող է փոփոխություն բերել: Մենք պետք է շարունակենք նրա պայքարը»:

 

Մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը կկայանա հոկտեմբերի 5-ին Շվեցարիայի մայրաքաղաք Ժնևում:

 

Նշենք, որ Նանսենի անվան մրցանակը ամեն տարի շնորհվում է անձի կամ կազմակերպության, որոնք հայտնի են փախստականների պաշտպանության ոլորտում հասած իրենց հաջողություններով: Այն հիմնվել է 1954թ. և անվանվել հռչակավոր Ֆրիտյոֆ Նանսենի՝ հայտնի նորվեգացի բևեռախույզի և փախստականների հարցերով աշխարհում առաջին պաշտոնական միջազգային ներկայացուցչի պատվին: Մրցանակը կազմում է 100 հազար դոլար: Այժմ մեկնարկել է 2016 թվականի համար առաջադրումը:

 

Պատրաստեց  Հ. Կարապետյանը

Դիտումների քանակը` 4755

Գլխավոր էջ