Րաֆֆի Հովհաննիսյան. «Հա-վա-սար հնարավորություններ»/ վիդեո
Թերեւս այս շեշտադրումով է հանդես եկել ՀՀ նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը «Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիա»-ի ներկայացուցիչների հետ երեկ կայացած հանդիպմանը:
«Ես համարում եմ, որ Հայաստանը հինգ տարի անց այլ վիճակում կլինի, որտեղ իրավական խտրականություն, քվոտավորում, արտոնությունների պահանջարկ չպետք է լինի: Պետք է ունենանք այն հասարակությունը, որը ապահովված կլինի տղամարդկանց և կանանց հա-վա- սար իրավունքները», -ասաց թեկնածուն:
Նրա խոսքով, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է ունենա հավասար հնարավորություն` մասնագիտություն ստանալու, դրոշակ բարձրացնելու, ընտանիք կազմելու: Նա նկատեց, որ ժամանակն է դուրս գալ տղամարդապետության բարդույթից ու հասկանալ, որ մեր ուժը մեր քաղաքացին է:
« Ես ուզում եմ տեսնել այն օրը Հայաստանում, որ կունենանք կին նախագահ»…
«Հինգ տարի անց մենք կտեսնենք այն վիճակը, որ ձեր օրակարագը (նկատի ունի ասոցիացիայի հրապարակած կանանց օրակարգ, որն ուղղված էր նախագահի բոլոր թեկնածուներին-Հ. Հ.), միգուցե փոխվի»,-ասաց նա, ավելացնելով՝ « Ես ուզում եմ տեսնել այն օրը Հայաստանում, որ կունենանք կին նախագահ»:
«Նախագահների թեկնածուների շարքում պետք է կնոջ անուն էլ լինի: Հինգ տարի անց չեմ հայցելու ձեր ընտրությունը: Հինգ տարի անց շատ եմ ուզում որ Հայաստանի քաղաքացի հանդիսացող, համալսարանական կրթություն ստացած, խելացի կնոջ կողքին կանգնեմ եւ զորակցեմ նրա թեկնածությունը: Ես վստահ չեմ, որ դրան պատրաստ է Հայաստանի շարքային կինը, դրա համար դուք եւս պետք է պատրաստվեք, պետք է պատրաստվեն նաեւ տղամարդիկ»:
Հովհաննիսյանի գնահատմամբ՝ կանանց հիմնախնդիրները ներկայացնող կազմակերպությունները հսկայական ծանրություն են վերցրել իրենց ուսերին, եւ դեռ ունեն երկար ճանապարհ: Սակայն այդ աշխատանքը ողջունելի է, որովհետեւ այն միայն կանանց համար չէ, այլ պետության ու հասարակության:
«Ես մերժում եմ կեղծ մաչոյիզմը»…
«Ես նայում եմ ձեր աչքերին եւ հավասարություն ու ուժ եմ տեսնում՚,- ասաց նախագահի թեկնածուն՝ հավելելով, որ կիսում է մոտեցումը, որ կրթված, գիտակից, գեղեցիկ ու խելացի կանայք պետք է լինեն ցանկացած ոլորտում: Կնոջ տեղը միայն խոհանոց չէ, մասնագիտություն, կարիերա ու նաեւ պետական կառավարում: Սա էլ է կնոջ տեղը: Այս խոսքերը կարող են դառնալ իրականություն եւ կանայք պետք է ներգրավված լինեն հասարակական կյանքի բոլոր ասպարեզներում: Եթե տղամարդ կա, որ ցանկանում է ինձ հետ բանավիճել թող գա եւ ձեր ներկայությամբ բանավիճի: Ես մերժում եմ կեղծ մաչոյիզմը: Կեղծ մաչոները թող գան եւ բանավեճ անեն մեզ հետ»:
«Ձեր ընտրության դեպքում տեսնո՞ւմ եք կին վարչապետի՚,- Հովհաննիսյանին հարց ուղղեց ներկաներից մեկը: Պատասխանը կարճ էր, բայց հստակ. ՙԱյո՚: ՙԱռաջին գործը, որ կանեմ նախագահ ընտրվելուց հետո կնստեմ ձեզ հետ խորհրդի եւ կորոշենք, թե ինչպե՞ս ենք տանելու Հայաստանի ապագա քաղաքական կյանքը», – ասաց Հովհաննիսյանը հավելելով, որ ընտանիքն իր համար սրբություն է, սակայն իր համար նույնքան կարեւոր է նաեւ շարքային հայ ընտանիքի որդու եւ աղջկա ճակատագիրը:
Հ. Հ.
Ի դեպ
-ՀՀ նախագահի թեկնածուներից էպոսագետ Վարդան Սեդրակյանը համարում է, որ կինը քաղաքականության մեջ բացարձակապես անելիք չունի: Ի՞նչ կարծիքի եք դուք կնոջ և քաղաքականության համատեղելիության մասին: WomenNet.am-ի այս հարցին պատասխանելով, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ասաց.
-Ես չգիտեմ, եթե որևէ մեկը հատուկ մուտք ունի դեպի բարձրյալ, դեպի աստված, ես չունեմ: Ես մահկանացու եմ և աղոթքով եմ փորձում խոսել և ոչ դիկտատով: Աստված բոլորին հավասար է ստեղծել և ես ուզում եմ տեսնել այն օրը Հայաստանում, որ ունենանք կին նախագահ, հավասար իրավունքներ ու հավասար հնարավորություններ ունեցող կանայք: Ով արտահայտվում է հակառակը, իրավունք ունի, ես էլ հարգում եմ այս իրավունքը: Բայց կեղծ մաչոիզմը հայ ժողովրդին ոչ մի տեղ չի հասցի: Ուզում եմ նաև, որ հայ կինը կամավոր սկզբունքներով հնարավորություն ունենա ծառայել բանակում, եթե ինքը ուզենա, որ ամեն ինչում հավասարություն լինի:
Դիտումների քանակը` 3240