Տորունիքի կին համայնքապետը մնացել է ընտրապայքարում միայնակ
«Ախր ես չգիտեմ, թե ինչով է պայմանավորված ինքնաբացարկը… կին էր, ասում էր` աշխատել ես այսքան տարի, գնա: Բայց ասեմ, որ մենք վատ հարաբերություններ չենք ունեցել»,- WomenNet.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի Տորունիք համայնքի գործող համայնքապետ Անահիտ Հակոբյանը, ով առաջադրել է իր թեկնածությունը մարտի 9-ին կայանալիք համայնքի ղեկավարի ընտրություններում: Նշենք, որ իր միակ մրցակիցն էր անկուսակցական Մարգարիտա Գրիգորյանը, ով սահմանված ժամկետում, սակայն, ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել: Այսպիսով կարելի է արդեն եզրակացնել, որ Անահիտ Հակոբյանը կպաշտոնավարի նաև երրորդ ժամկետը:
Նրա խոսքով, Մարգարիտա Գրիգորյանի հետ միշտ լավ հարաբերությունների մեջ է եղել, ընտանիքներով են մոտ, այնպես որ որպես այդպիսին հակառակորդ երբեք չի դիտարկել .
«Թեկնածությունն առաջադրել էր, հետո ասաց` չէ է~, տիկին Անահիտ, ես չեմ ուզում, ուզում եմ մեր հարաբերությունները լավ են, այդպես էլ մնան. ուզում եմ ինքնաբացարկ հայտնեմ: Ոնց աշխատել-ապրել ենք, թող այդպես էլ մնանք: Ասացի դու գիտես, Մարգարիտա… ու միասին ենք գնացել ինքնաբացարկի դիմում գրել»,- ասաց Տորունիքի համայնքապետը: Հավաստիացրեց, որ ոչ մի լարվածություն նրանց մեջ չի եղել ու հիմա էլ չկա, ուղղակի իր համար մի քիչ զարմանալի էր այդ առաջադրումը, քանի որ Մ.Գրիգորյանը երբեք նման գործընթացներում ընդգրկված չի եղել ու ինքը չի էլ լսել նման ցանկության մասին.
«Մարգարիտայի առավելությունը նրանում էր, որ ինքը հենց տվյալ համայնքից է` Տորունիքից, իսկ ես կողքի համայնքում եմ ապրում: Մարդիկ էին ասել, որ առաջադրվի, մեր համայնքի մարդ լինի… բայց չեմ կարող բացատրել իր ինքնաբացարկ հայտնելու իմաստը, անկեղծ»,- տեղեկացրեց Ա.Հակոբյանը:
Հիշեցնենք, ՏԻՄ ընտրությունները կկայանան արդեն այս կիրակի, համայնքապետի պաշտոնում ի սկզբանե առաջադրված վեցը կանանցից այս պահին մնացել է միայն երկուսը` Տորունիքի գյուղապետ Անահիտ Հակոբյանը եւ Քրիստինե Պետրոսյանը , ով առաջադրվել է Արմազիրի մարզի Մեծամոր համայնքում գործող ՀՀԿ-ական համայնքապետի դեմ:
Էնզելա Մակարյան
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Վեց կանանցից երեքը ինքնաբացարկի են դիմել
«Ընտրությունները Տորունիքում խաղաղ են անցնում»…
«Ուղղակի ցավում եմ, որ մեր շարքերը համալրվելու փոխարեն, նոսրանում են»…
Եվս մեկ կին հրաժարվեց պայքարից
Տավուշի մարզի միակ կին համայնքապետը չի առաջադրվելու
Տորունիքում ընտրապայքարի են դուրս եկել միայն կանայք
Կանայք խուսափու՞մ են ավագանիներից
ՏԻՄ ընտրություններ. Ո՞ւ ր են կանայք
ՏԻՄ կամ Տղամարդկանց Ինքնակառավարման Մարմիններ
Դիտումների քանակը` 3762