Տղամարդկանց և կանանց աշխատավարձերը կհավասարվեն միայն 118 տարի անց
Տղամարդկանց և կանանց աշխատավարձերի միջև առկա տարբերությունն աստիճանաբար նվազոմ է, սակայն դա տեղի է ունենում շատ դանդաղ: Լիովին վերացնել այն հնարավոր կլինի միայն 118 տարի անց, այսպիսի եզրակացության են հանգում Համաշխարհային տնտեսական ֆորումի փորձագետները Գենդերային ճեղքվածքի ցուցանիշի 2015-ի զեկույցում (Global Gender Gap Report 2015 ) :
Փաստաթղթի համաձայն այժմ աշխարհում աշխատող կնոջ միջին աշխատավարձը կազմում է տարին 11 հազար դոլար: Մինչդեռ տղամարդկանց աշխատավարձը Համաշխարհային տնտեսական ֆորումը գնահատում է կրկնակի բարձր՝ 21 հազար դոլար:
Օրինակ Ռուսաստանում, ըստ Գենդերային ճեղքվածքի ցուցանիշի՝ միջին վիճակագրական տղամարդու աշխատած յուրաքանչյուր դոլարի դիմաց կինն ստանում է ընդամենը 61 ցենտ: Նույնը Հայաստանում է:
Վերջին տասնամյակում կանանց և տղամարդկանց տնտեսական դրության միջև եղած անջրպետը կրճատվել է ընդամենը 3%-ով, և Համաշխարհային տնտեսական ֆորումի փորձագետների հաշվարկներով այս տեմպերով այն կհաջողվի վերացնել 2133 թվականից ոչ շուտ:
Այնուամենայնիվ, որոշ երկրներում այդ խնդիրը լուծել են: Օրինակ, Նորվեգիայում և Շվեդիայում միևնույն աշխատանքը կատարող կանայք և տղամարդիկ արդեն ստանում են նույն աշխատավարձը, միջինը՝ տարեկան 40 հազար դոլար: Մյուս սկանդինավյան երկրներում իրավիճակը մի քիչ ավելի վատ է: Այսպես, Իսլանդիայում, որտեղ կանանց նկատմամբ խտրականությունը կյանքի բոլոր բնագավառներում ըստ Համաշխարհային տնտեսական ֆորումի զեկույցի, ամենաքիչն է, գեղեցիկ սեռի ներկայացուցիչները վաստակում են 11%-ով ավելի քիչ, քան տղամարդիկ, իսկ Դանիայում՝ 10%-ով ավելի քիչ:
Այս տարի Եմենը ճանաչվել է տղամարդկանց՝ կանանց նկատմամբ ամենամեծ գերակայություն ունեցող երկիր: Ըստ Համաշխարհային տնտեսական ֆորումի հաշվարկների, Եմենում տղամարդու աշխատած յուրաքանչյուր դոլարի դիմաց կինն ստանում է ընդամենը 27 ցենտ:
Նախկինում Եվրոստատը հայտնել էր Եվրամիության երկրներում աշխատավարձի ճեղքվածքի կրճատման մասին: Միջինը, 2013թ. կանանց Եվրամիությունում վճարել են 16,4%-ով ավելի քիչ, քան տղամարդկանց, իսկ 2008-ին, երբ վրա հասավ ֆինանսական ճգնաժամը, նրանց վճարում էին 17,3%-ով ավելի քիչ, քան տղամարդկանց, – հաղորդում է Reuters գործակալությունը:
2010թ. Մեծ Բրիտանիան ճանաչվել է տղամարդկանց և կանանց աշխատավարձերի միջև ամենամեծ ճեղքվածք ունեցող երկիր: Ինչպես հաղորդում էին բրիտանացի հետազոտողները, այդ պահին Միացյալ Թագավորությունում թույլ սեռին վճարում էին 21%-ով ավելի քիչ, քան ուժեղ սեռին: Բրիտանացի կանայք պետք է դեռ սպասեն ևս 57 տարի, մինչև իրենց աշխատավարձերը կհավասարվեն տղամարդկանց աշխատավարձերին, գրոմ էր The Guardian ամսագիրը 2010թ-ին:
Դիտումների քանակը` 3171