Տղամարդիկ պայքարում են ընդդեմ կանանց նկատմամբ բռնության, իսկ օրենքի հարցը մնում է առկախ
«Կանանց իրավունքների կենտրոնի» տղամարդիկ ընդդեմ կանանց նկատմամբ բռնության ցանցում, որ վերջերս է սկսել գործել, ընդգրկված են միայն արական սեռի ներկայացուցիչներ: Ցանցն արդեն պատրաստել է մեկ ֆիլմ, որտեղ տղամարդիկ տարբեր գրավոր կոչերով հորդորում են վերջ տալ կանանց նկատմամբ բռնություններին: Ցանցի անդամներն օրերս կայացած ասուլիսում հայտարարեցին, որ պատրաստվում է ևս մեկ ֆիլմ, որը կրկին վեր է հանելու ընտանեկան բռնության խնդիրը: Ֆիլմի շնորհանդեսը նախատեսված է մայիսի 7-ին:
Ցանցի խորհրդի անդամ Էդիկ Մանուկյանն ասաց, որ ընտանիքում ծագած խնդիրներին պետք է ռացիոնալ լուծում տալ, իսկ տղամարդը կնոջ վրա ձեռքը բարձրացնելուց առաջ պետք է մտածի, որ խնդիրը կարող է լուծվել միմյանց հետ խոսելու, քննարկելու միջոցով: «Կայուն հասարակության գրավականը հենց առողջ, զարգացող ընտանքին է»,- նկատեց Է. Մանուկյանը:
Ցանցի համակարգող Սաթենիկ Գևորգյանն էլ ասուլիսում կարծիք հայտնեց, որ կանայք ընտանիքում ենթարկվում են տարբեր տիպի բռնությունների` տնտեսական, սեռական, ֆիզիկական, հոգեբանական, սակայն առավել հաճախ է պատահում ֆիզիկական ու հոգեբանական բռնությունը: Ընտանեկան բռնության դեպքերի մասին պաշտոնական վիճակագրությունը լռում է, իսկ կենտրոնի զանգերից ու դիմող կանանց թվից կարելի է եզրակացնել, որ չորս կանանցից մեկը ենթարկվում է բռնության որևէ տեսակի:
Նրա խոսքով, «Ընտանեկան բռնության մասին» օրենքն ընդունվելու դեպքում իրավիճակն ինչ-որ չափով կբարելավվեր, բացի այդ էլ վիճակագրությունը հստակ կլիներ, թե որ բռնությունների որ մասն է ընտանեկան:
Հիշեցնենք, որ «Ընտանեկան բռնության մասին» օրենքի նախագիծը չարժանացավ կառավարության հավանությանը չարժանացավ, ինչից հետո «օրենքը ընդունեք հիմա» կոչով ՀԿ-ները ստորագրահավաք սկսեցին:
Օրենքը կարգավորելու էր ընտանեկան բռնության հետ կապված հարաբերությունները, սահմանելու էր ընտանեկան բռնության հասկացությունը, ընտանեկան բռնությունից պաշտպանության և կանխարգելման մեխանիզմներ առաջարկեր, ինչպես նաև ընտանեկան բռնություն կատարելու համար պատասխանանտվություն սահմաներ:
« Մենք ունենք Ձեր օգնության կարիքը: Ընդունենք օրենքը առանց պատրվակների, առանց բացառությունների, առանց հետաձգումների “, – կոչ են անում ՀԿ-ները, որոնք այդ պահանջով բաց նամակ են հասցեագրել ՀՀ նախագահին ու վարչապետին:
Նախագծին իրավական ուժ չտալու վերաբերյալ մտահոգություն հայտնեց նաև ՄԻՊ աշխատակազմի կանանց հարցերով իրավապաշտպան Աննա Սաֆարյանը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Կանանց հիմնահարցների բաժնի Արմենուհի Թանաշյանը WomenNet.am-ին հայտնեց, որ կառավարությունը օրինագիծը մերժել է այդ տեսքով, «բայց շարունակելու է աշխատանքը այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու առումով: Այն մեխանիզմները, որոնք ներկայացված են այդ օրինագծում, հնարավորինս ներառվելու են Քրեական, Քրեադատավարական, Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքերում»:
«Հիմա այդ օրենքները լրամշակման փուլում են: Արդարադատության նախարարությունում հատուկ աշխատանքային խմբեր են ստեղծված: Նախարարությանը կառավարությունից հանձնարարական է տրված նախագծի դրույթները ցույց տալ իրավական այդ իրավական ակտերում»,-ասաց Թանաշյանը:
Հարցրեցինք, հնարավոր է ստորագրահավաքի արդյունքում օրենքն այնուամենայնիվ ընդունվի այդ տեսքով: Նախարարության ներկայացուցիչը պատասխանեց. «Ես չեմ կարող այդ հարցին պատասխանել, դրա լիազորությունն էլ չունեմ: Նախարարությունն իր դիրքորոշումները հայտնել է և նախագիծ է ներկայացրել, բայց կան այլ նախարարություններ, որոնք իրենց դիրքորոշումներն են հայտնում ու պակաս ազդեցություն չունեն օրենքի ընդունման կամ չընդունման գործում»:
Հիշեցնենք, որ օրենքի նախագիծը մշակվել էր հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ: Օրինագծի շուրջ մեկ անգամ չէ, որ կազմակերպվել են քննարկումներ հասարակական և միջազգային կառույցների հետ: 2012թ. հոկտեմբերի 22-ին «Կանանց իրավունքների կենտրոն» ՀԿ-ն կազմակերպել է կոնֆերանս, որտեղ քննարկվել է նաև է «Ընտանեկան բռնության մասին» ՀՀ օրենքի նախագիծը: 2012թ. նոյեմբերի 13-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի աջակցությամբ կազմակերպել է «Ընտանեկան բռնության մասին» ՀՀ օրենքի նախագծի հանրային լսումներ:
Հ. Կարապետյան
Դիտումների քանակը` 3665