Տղամարդիկ ընդդեմ ընտանեկան բռնության. «Մի մոռացիր, որ նա քո երեխայի մայրն է»
18-ամյա Վրեժ Մադոյանը փոքր ժամանակ ընտանիքում բռնությունների ականատես է եղել: Չի ցանկանում այսօր դրանց մասին բարձրաձայնել: «Չեմ ցանկանա, որ նոր սերունդը ու որևէ երեխա տեսնի այն, ինչ ես եմ տեսել»,-ասում է երիտասարդը:
Նա արդեն վեց ամիս է` ընդգրկված է Կանանց իրավունքների կենտրոնի նորաստեղծ ցանցում, որը կոչվում է «Տղամարդիկ ընդդեմ կանանց նկատմամբ բռնության»: Երեկ երեկոյան Վրեժն էլ ցանցի մյուս անդամների հետ Հյուսիսային պողոտայում էր` մասնակցում էր «Տղամարդիկ ընդդեմ ընտանեկան բռնության» խորագրով ակցիային:
Կենտրոնի աշխատակիցները ցանակնում են տղամարդկանց էլ ներգրավել կանանց նկատմամբ բռնությունների դեմ պայքարում: Մեծ սպիտակ թղթերի վրա անցորդ տղաներն ու տղամարդիկ իրենց վերաբերմունքն էին արտահայտում, կոչն ու հորդորն էին թողնում ընտանեկան բռնությունների վերաբերյալ` «Կինը ապրանք չէ», «Մի մոռացիր, որ նա քո երեխայի մայրն է», «Հարգիր կողակցիդ»…
Վրեժը կենտրոնում եղած մի քանի ամիսների ընթացքում հասկացել է, որ Հայաստանում կանանց նկատմամբ բռնությունները շատ են, շատ-շատ, ու հիմնական մեղավորներն էլ տղամարդիկ են, իսկ ամենաշատ տուժողը երեխաներն են, «որոնք մշտապես բռնությունների ականատեսը լինելով, սթրես ապրելով, ուրիշ կերպ են զարգանում»: Երիտասարդը հավատում է, որ միայն տղամարդկանց շնորհիվ կարելի է վերջ տալ երևույթին:
«Իմ ընկերների մեջ էլ կան «բռնարարներ»: Ես միշտ փորձում եմ նրանց հասկացնել, որ բոլորն էլ հավասար իրավունքներ ունեն, ու պետք չէ որևէ հարցի լուծումը փնտրել բռնության մեջ»,-ասում է Վրեժը: Ամենադաժան պատմությունը, որ սարսափեցրել է Վրեժին, Մարիամ Գևորգյանի աղմկահարույց դեպքն էր , երբ ամուսինն ու սկեսուրը կոտրել են քիթը, արդուկով այրել մեջքը…
Սաթենիկ Գևորգյանը կենտրոնի իրավաբանն է: Որպես կին նրան հատկապես վրդովվեցնում են վերահսկողական վարքի դրսեւորումները, երբ կանայք, աղջիկները մշտապես գտնվում են ամուսնու, ընկերոջ, եղբոր, հոր վերահսկողության ներքո: Դա շատ տարածված երևույթ է հայ ընտանիքներում:
« Հասկանալի է, եթե մեկին սիրում ես, նրա նկատմամբ ուշադիր ես, պետք է անհանգստանաս, բայց չափից ավելի վերահսկողությունն արդեն իսկ բռնություն է: Հատկապես, երբ տարիներ շարունակ կինը, աղջիկը ապրում է նման վերահսկողության ներքո»,- ասաց Սաթենիկ Գևորգյանը:
Կենտրոնի հոգեբան Մարինե Մարիտիրոսյանը ակցիային մասնակցում էր դստեր հետ: «Չի կարելի ծեծել երեխաներին»,-գրեց աղջնակն ու շրջվեց դեպի մայրը` «Մամա, էլի եմ ուզում գրել»:
Հոգեբանն ասում է, կանայք կենտրոնի մասնագետների ու իր օգնության են դիմում այն ժամանակ, երբ արդեն առկա են բոլոր տիպի բռնությունները` հոգեբանական, սեռական, ֆիզիկական, տնտեսական:
Հոգեբանի համոզմամբ, կնոջ նկատմամբ բռնություն են գործադրում այն տղամարդիկ, ովքեր վստահ չեն իրենց ուժերի վրա. «Այն տղամարդը, ով վստահ է, որ իր խոսքը, իր դերը ընտանիքում արժևորված է, ինքն արժեք ունի երեխաների, կնոջ համար, ապահովում է ամեն ինչ` սեր, ջերմություն, հոգատարություն, երբեք ձեռք չի բարձրացնի ոչ երեխայի, ոչ էլ կնոջ վրա»:
Նա խորհուրդ է տալիս կանանց քայլեր ձեռնարկել հենց այն պահին, երբ զգում է, որ ինքը հոգեբանական ճնշման է ենթարկվում. «Եթե այդ պահին չի կանխվում, ապա հոգեբանական բռնությունը վերածվում է ավելի դաժան բռնությունների»:
… Վերջերս կենտրոնին դիմել է երիտասարդ մի կին: Ներքին օրգանների հետ կապված թեթև առողջական խնդիր է ունեցել, ամուսինը ստիպել է հեռացնել օրգանները, որպեսզի ցանկացած պահի կարողանա բավարարել իր սեռական ցանկությունը:
«Երիտասարդ կինը հետո պատմեց այդ մասին: Իսկ մինչ այդ ամուսինը անընդհատ ծեծել է»,- ասաց հոգեբանը: Նա նաև աշխատել է մի կնոջ հետ, ում ամուսինը կապել է աթոռին ու փորձել այրել, հետո փորձել է խեղդամահ անել Սևանա լճում…
Հ. Կարապետյան
Լուսանկարները՝ հեղինակի
Դիտումների քանակը` 6043