ՏԻՄ կամ Տղամարդկանց Ինքնակառավարման Մարմիններ

 

ՏԻՄ-համակարգը Հայաստանում շարունակում է մնալ տղամարդկանց մենաշնորհը: Դա հերթական անգամ ապացուցեցին վերջին ՏԻՄ-ընտրությունները:  Դատեք ինքներդ. 2013-ի տվյալներով  Հայաստանի տասը մարզերի ավագանիների  6164  անդամներից  միայն  505-ն են կանայք, ինչը ընդամենը  8,2 տոկոս է կազմում: Ընդհանուր առմամբ, հանրապետության համայնքների մոտ 42% -ում ավագանիների կազմում կանայք ընդգրկված չեն:

 

Ողջ հանրապետությունում  866  գյուղական համայնքներից  միայն 21-ն են ղեկավարում կանայք (2.6%), ընդ որում հետաքրքիր մի օրինաչափություն է նկատվում – դրանք բոլորն էլ  փոքր (բնակիչների թիվը 2500-ից չի անցնում) և  հիմնականում սահմանամերձ համայնքներ են: Հայաստանի առնվազն երկու մարզում` Արագածոտնում և  Վայոց ձորում, ընդհանրապես կին գյուղապետներ չկան, իսկ  Լոռիում  կին գյուղապետների թիվը ամենամեծն է , մարզի 106 գյուղական համայնքներից  6-ը կանայք են ղեկավարում:

 

Ինչ վերաբերում քաղաքային համայնքներին, ապա այստեղ երկար տարիներ  պահպանվում է նույն միտումը. կին քաղաքապետ չունենք, ավագանիների կազմում էլ կանանց թիվը  չնչին է, վերջին տվյալներով  ընդամենը՝  5.3 % է:

 

Կանայք ներկայացված են հիմնականում փոքրաթիվ ավագանի ունեցող գյուղական համայնքներում` 4, 5, 7 անդամ ունեցող: Հազվադեպ են դեպքերը, երբ կանայք ներգրավված  են 9, 11 կամ 15 անդամ ունեցող քաղաքային  ավագանիներում, ինչը նշանակում է, որ քաղաքներում ապրող  կանայք գրեթե դերակատարում չունենք իրենց  համայնքների կյանքում:

 

Դիտարկենք վիճակագրությունն ըստ մարզերի.

 

 

Արագածոտնում, ինչպես արդեն նշեցինք, կին համայնքապետ 2013-ին, ինչպես նաև դրանից առաջ չենք ունեցել: Մարզի 114 համայնքներից  միայն 22-ի ավագանիներում կան կանայք` մարզի կտրվածքով 687 ավագանու անդամներից  654-ը տղամարդիկ են և միայն 33-ը կանայք (4.8%): Դա հանրապետության միջին ցուցանիշից կրկնակի անգամ ցածր է:

 

 

Ցուցանիշները էլ ավելի մտահոգիչ են  Վայոց ձորում, որտեղ  44 համայնքից և ոչ մեկի ղեկավարը կին չէ : Ինչ վերաբերում է ավագանիներին, ապա այստեղ նույնպես հպարտանալու տեղ չկա` մարզի 520 ավագանու անդամներից 508-ը տղամարդ են և ընդամենը 12-ը կանայք (2.3%): Դա ամենացածր ցուցանիշն է հանրապետության այլ մարզերի հետ համեմատած: Միակ համայնքը, որը կանանց ներկայացվածությամբ կարող է հպարտանալ Գոմքն է, որտեղ կոտրել են այն կարծրատիպը, թե «գալոչկայի» համար ավագանիում մեկ կին անդամ ունենալը «էլի լավ է». Գոմքի ավագանիում կանայք մեծամասնություն են կազմում` 5-ից  3-ը կանայք են:

 

 

Սյունիքում պատկերը, կարելի է ասել, դրականորեն  տարբերվում է. մարզի հինգ համայնքներ` Քարահունջը, Տորունիքը, Կոռնիձորը, Հացավանն ու Շրվենանցը ղեկավարում են կանայք: Մարզում  577 ավագանու անդամներից 493-ը տղամարդ են, 84-ը կանայք (14.5%), և   դա կանանց ներկայացվածության ամենաբարձր ցուցանիշն է հանրապետության կտրվածքով:    Նշենք, որ Սյունիքում  երկու համայնք կա ` Խդրանց և Նժդեհ,  որոնցում ավագանու կազմում միայն կանայք են, բայց  գյուղապետը տղամարդ է :

 

 

Հետաքրքիր պատկեր ունենք Շիրակում: Տրամաբանությունը ենթադրում է, որ արտագնա աշխատանքի մեկնողների թվով առաջատար այս մարզը պետք է որ կանանց ներկայացվածության «բում» ապահովեր, բայց արի ու տես, որ ոչ: Նախ, ամբողջ մարզում ընդամենը երկու համայնք է, որ կին ղեկավար ունի: Ինչ վերաբերում է ավագանու անդամներին, ապա 119 համայնքներից միայն 37-ում են կանայք ներկայացված , 687 ավագանու անդամներից միայն 61-ն են  կանայք (8,8%):

 

 

Նույնը կարելի է ասել նաև Գեղարքունիքի մասով: Գեղարքունիքի տղամարդկանց մեծամասնությունը ևս մեկնում է արտագնա աշխատանքի, բայց կանանց դերը ՏԻՄ-երում դրանից ամենևին էլ չի բարձրանում:  Մարզի 92 համայնքներից միայն 28-ում է, որ ավագանիում կանայք կան, ընդ որում  569 ավագանու անդամներից  միայն 44  են կին (7.7%): Մարզում միայն  3 կին համայնքի ղեկավար կա:

 

 

Հաճելիորեն զարմացնում է Լոռին, որտեղ  113 համայնքներից  6-ը ղեկավարում են կանայք: Իհարկե, եթե հաշվի առնենք, որ մնացած 107 համայնքների  ղեկավարները  տղամարդիկ են, ապա վեցը այնքան էլ գոհացուցիչ թիվ չէ…. Բայց փորձենք գոհ լինել  այն հանգամանքով, որ մարզի 676 ավագանու անդամներից  86-ը կանայք են (12.7%):

 

 

Իսկ ահա Արարատում  692 ավագանու անդամից  կանանց  թիվը ընդամենը 51 է (7,4%),  ու եթե  փորձենք բաժանել այդ թիվը  մարզի 97 համայնքների միջեւ, ապա պարզ կդառնա, որ համայնքների մեծամասնությունում միայն  տղամարդիկ են ընդգրկված:  Սրան գումարենք նաև այն, որ Արարատում միայն Վերին Դվին համայնքի ղեկավարն է կին, և պատկերն ամբողջանում է:

 

 

Թեև նույնը կարելի է ասել նաև Տավուշի  մասին` մարզի  67 համայնքներից միայն 26-ում է, որ ավագանիում կին անդամներ կան, ընդ որում, կրկին` հիմնականում  գյուղական համայնքներում:  484 ավագանիներից միայն 39-ն են կանայք (8%): Եվ միայն մեկ համայնքի ղեկավարն է կին:

 

 

Արմավիրում կին համայնքապետերը երկուսն են` Արտամետում և Արևաշատում: Մարզի  97 համայնքներից  43-ում ավագանու կին անդամներ կան,   թվային առումով պատկերը հետևյալն է` մարզի կտրվածքով  733 ավագանու անդամներից  674 տղամարդիկ են,  59-ը կանայք (8%):

 

 

Գանք Կոտայք, որտեղ կին ավագանիների թիվը միջին հանրապետական ցուցանիշից էլ ցածր է` 495-ից  միայն 37-ն են կանայք (7,4%): Եվ սա  67 համայնքների կտրվածքով: Բացի այդ մարզում միայն մեկ համայնքի ղեկավարն է կին` Նոր Երզնկայի:

 

 

Դժվար  թե, ընթացիկ տարում որոշ համայնքներում  սպասվող ՏԻՄ ընտրությունները  կտրուկ փոփոխեն  այս պատկերը  և կանանց մասնակցությունը տեղական ինքնակառավարման մարմիններում կավելանա:  Փոփոխության համար անհրաժեշտ է, որ այս հարցով առնվազն մտահոգություն առաջանա, և  ոչ միայն կանանց  մոտ …

Էնզելա Մակարյան

 

Հ.Գ. Տվյալները հավաքագրված են հեղինակի կողմից՝ ՀՀ տարածքային կառավարման նաախարարության պաշտոնական  կայքից ՝ 2013-ի  դրությամբ :

 

Դիտումների քանակը` 5012

Գլխավոր էջ