ՏԻՄ ընտրություններ- 2021. Առաջադրումները սկսել են, առաջադրվողներ դեռ չկան/ լրացված
Հոկտեմբերի 17-ին Հայաստանի մի շարք համայնքներում կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ, ընդ որում խոշորացված 6 համայնքում ընտրությունները կանցնեն համամասնական ընտրակարգով, ևս երեք գյուղերում ՝ մեծամասնականով:
Համամասնական ընտրակարգով ՏԻՄ ընտրություններ
ԿԸՀ-ի տվյալներով հոկտեմբերի 17-ին Շիրակի մարզի Գյումրի, Սյունիքի մարզի Գորիս, Մեղրի, Տաթև, Տեղ և Տավուշի մարզի Դիլիջան համայնքներում տեղի կունենան համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների հերթական ընտրություններ:
Համայնքներից 5-ում համայնքապետ ու ավագանի առաջին անգամ կընտրեն համամասնական ընտրակարգով անցկացվող ընտրությունների միջոցով, ինչը նշանակում է, որ ընտրություններին առաջադրումներ կատարելու են քաղաքական ուժերը՝ ընտրացուցակների միջոցով։ Դա նաև նշանակում է, որ բոլոր այդ համամասնական ընտրությունների ժամանակ գործելու է ՀՀ Ընտրական օրենսգրքով ամրագրված թեկնածուների առնվազն 30/70 համամասնություն պարտադրող գենդերային քվոտան:
Հիշեցնենք, որ Գյումրիիում արդեն նման ընտրակարգով ընտրություններ անցկացվել էին 2016 թվականին:
Ինչ վերաբերում է մնացած համայնքներին, ապա այդտեղ համամսնական ՏԻՄ ընտրություններ առաջին անամ են անցկացվելու: 2020 թվականին Ազգային Ժողովն ընդունեց ՏԻՄ ընտրակարգին վերաբերող Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթը, որով և ամրագրվեց, որ 4 հազարից ավելի ընտրող ունեցող, ինչպես նաև միավորված համայնքներում տեղական ընտրությունները լինելու են համամասնական ընտրակարգով:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական էջում հրապարակված տեղեկատվության համաձայն, Գյումրին ունի 123 115, Դիլիջանը՝ 20 367, Գորիսը՝ 22 262, Մեղրին՝ 8870, Տեղը՝ 4053, Տաթևը՝ 4475 ընտրող։
Համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների հոկտեմբերի 17-ին կայանալիք հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցի համաձայն, կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների առաջադրման և գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով ներկայացվում են՝ սեպտեմբերի 2-ից մինչև սեպտեմբերի 12-ը, ժամը՝ 18:00-ն:
Համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողովում կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցումը կատարվում է սեպտեմբերի 12-ից մինչև սեպտեմբերի 17-ը, ժամը՝ 18:00-ն: Նախընտրական քարոզչությունը կմեկնարկի սեպտեմբերի 22-ին, կավարտվի հոկտեմբերի 15-ին։ Քվեաթերթիկները կտպագրվեն հոկտեմբերի 7-14-ը։
Առաջադրումների մենարկից չորս անց՝ սեպտեմբերի 6-ին ժամը 18։00-ի դրությամբ վերընշված համայնքներից որևէ մեկում դեռ առաջադրում չի եղել։ Նշենք, որ այս համայնքներից որևէ մեկը կին չի ղեկավարում։
Մեծամասնական ընտրակարգով ՏԻՄ ընտրություններ
Հոկտեմբերի 17-ին համայնքի ղեկավարի և ավագանու հերթական ընտրություններ են նշանակված նաև Արագածոտնի մարզի Շամիրամ, Արմավիրի Ֆերիկ և Լոռու մարզի Ֆիոլետովո գյուղերում։ Այստեղ ընտրությունները կանցկացվեն մեծամասնական ընտրակարգով, հետևապես այս դեպքում գենդերային քվոտան չի գործելու:
Ֆիոլետովոն ունի 931 ընտրող, Շամիրամը՝ 862։ Արմավիրի մարզի Ֆերիկ գյուղում էլ ավագանու անդամներ կընտրեն։ Ոստիկանության տրամադրած տեղեկատվության համաձայն, այս գյուղում 354 ընտրող կա։
Ըստ օրենքի, մինչև 4000 ընտրող ունեցող համայնքներում համայնքի ղեկավարը և ավագանու անդամները մեծամասնական ընտրակարգով են ընտրվելու:
Վերջին երեք գյուղերում ՏԻՄ ընտրությունների համար առաջադրումները կկատարվեն սեպտեմբերի 12-17-ը, թեկնածուների գրանցումը կիրականացվի սեպտեմբերի 17-22-ը։ Նախընտրական քարոզչությունը կմեկնարկի սեպտեմբերի 27-ին, կավարտվի հոկտեմբերի 15-ին։
Հիշեցնենք, որ այս տարվա ընթացքում ՏԻՄ ընտրություններն կանցնեն հոկտեմբերի 17-ին , նոյեմբերի 14-ին և դեկտեմբերի 5-ը: Ինչպես նշել են ԿԸՀ-ում, սպասվող ընտրություններն իրենց մասշտաբով ամենամեծն են լինելու՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ անցյալ տարի համավարակի և ռազմական դրության պայմաններում ՏԻՄ ընտրություններ չեն անցկացվել:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն (ԿԸՀ) օգոստոսի 26-ին կայացած նիստում՝ լրացում կատարելով ՏԻՄ հերթական ընտրությունների քվեարկության օրեր սահմանելու մասին նախորդ որոշման մեջ, քվեարկության ևս մեկ օր սահմանելով 2021 թվականի դեկտեմբերի 5-ը։ Սա թույլ կտա կառավարությանն ավարտել համայնքերի խոշորացման գործընթացը։
Սեպտեմբերի 8-ի նիստում գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին:
Ըստ այդմ նախատեսվում է իրականացնել համայնքների միավորման (վերակազմակերպման) 37 ծրագիր՝
Արագածոտնի մարզի Աշտարակ, Ապարան, Թալին, Մեծաձոր, Արևուտ,
Արարատի մարզի Արարատ, Արտաշատ, Մասիս, Վեդի,
Արմավիրի մարզի Արաքս, Արմավիր, Բաղրամյան, Խոյ, Մեծամոր, Վաղարշապատ, Փարաքար,
Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Սևան, Վարդենիս,
Լոռու մարզի Թումանյան, Սպիտակ, Վանաձոր, Փամբակ,
Կոտայքի մարզի Աբովյան, Գառնի, Ծաղկաձոր, Հրազդան, Նաիրի,
Շիրակի մարզի Ախուրյան, Ամասիա, Աշոցք, Արթիկ, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Ջերմուկ, Վայք, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքային փնջերում:
Ընդ որում, ինչպես WomenNet.am-ի հետ զրույցում մանրամասնեցին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչությունից, կառավարության հավանությանն արժանացած օրենսդրական փոփոխությունները տարածվելու են նաև նախկինում խոշորացված մի շարք համայնքների վրա, ինչպես օրինակ Զառիթափ, Վայք, Ջերմուկ, Ուրցաձոր, Թումանյան, Դսեղ, Ամասիա, Աշոցք և այլն։
Հիշեցնենք, որ 2016 թ. փետրվարի 14-ից ի վեր իրականացվել է համայնքների միավորման 54 ծրագիր, ինչի արդյունքում 486 համայնքների միավորման արդյունքում ձևավորվել է 54 համայնք:
Ինչպես նշել է Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, 441 համայնք միավորվելու են 37 համայնքային փնջում: «Այսպիսով ՀՀ-ում այս գործընթացի ավարտից հետո կունենանք 77 համայնք և Երևանը: Ընդհանուր 78 համայնք կլինի, որից 8-ը՝ ազգային փոքրամասնություններով բնակեցված»,-ասել է Սանոսյանը։
Հ. Կարապետյան
Դիտումների քանակը` 1408