ՏԻՄ ընտրություններ 2018. հաղթանակ է տոնել 11 կին թեկնածու
Մարտի 11-ին տեղի ունեցած ավագանու անդամի ընտրություններում կանայք պայքարում էին 10 համայնքներում՝ Տավուշի մարզի Ազատամուտ, Լոռու մարզի Դարպաս, Արարատի մարզի Դարբնիկ, Եղեգնավան, Զորակ, Հայանիստ, Նիզամի, Սայաթ Նովա, Սիս, Սիփանիկ գյուղերում:
Նշենք, որ մարտի 1-ին՝ ինքնաբացարկ հայտնելու ժամկետի ավարտից հետո, ԿԸՀ-ն հայտնել էր, որ ընդհանուր առմամբ ավագանու անդամի 138 թեկնածուներից 15-ը կանայք են: Ընտրությունների արդյունքում հաղթանակ է տարել 11 կին թեկնածու: Նրանք ավագանու կազմում ընդգրկվելու համար բավարար թվով ձայներ են ստացել 7 գյուղերում՝ Ազատամուտ, Եղեգնավան, Զորակ, Հայանիստ, Սիս, Սիփանիկ, Դարպաս, հաջողության չեն հասել Նիզամի, Սայաթ Նովա, Դարբնիկ համայնքներում:
Այսպես, Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի ավագանու անդամի արտահերթ ընտրություններում գրանցված 10 թեկնածուներից 2-ը կանայք էին: Անհատ ձեռնարկատեր Աշխեն Դավթյանը ստացել է 154 ձայն, ՀՀԿ կողմից առաջադրված Լուսինե Մատինյանը՝ 84 ձայն: Նրանք երկուսն էլ ընտրվել են:
Լոռու մարզի Դարպաս գյուղում գրանցված 9 թեկնածու, որոնցից երկուսը կանայք են: Նրանցից Լյուբա Աբրահամյանի օգտին, ով գործող ավագանու միակ կին անդամն է, քվեարկել է 52 համագյուղացի: ՀՅԴ կողմից առաջադրված Լիլիթ Հակոբյանը ստացել է 27 ձայն: Կանանցիվ միայն Լ. Աբրահամյանն է ընդգրկվել նորընտիր ավագանու կազմում:
Արարատի մարզի Դարբնիկ գյուղում ավագանու միակ կին թեկնածուն՝ Գոհարիկ Պետրոսյանը առավել քիչ ձայներ ստացած երեք թեկնածուների թվում է: Նրա օգտին քվեարկել է 15 մարդ: Հիշեցնենք, որ գյուղի գործող ավագանու հինգ անդամների թվում կին չկա: Ընտրություններից հետո էլ ավագանու կազմում իգական սեռի ներկայացուցիչներ չեն լինի:
Եղեգնավանում ավագանու թեկնածու կանայք բավականին լավ արդյունքներ են գրանցել: Հիշեցնենք, որ այստեղ գրանցված ութ թեկնածուներից երեքն էին կանայք, որոնք գործող ավագանու անդամներն են:
Անկուսակցական Ադելա Աբրահամյանը, դպրոցի ուսմասվարն է, ստացել է 132 ձայն,
ՀՀԿ-ական Զոյա Ամիրյանը, ով անհատ ձեռնարկատեր է, ստացել է 75 ձայն
Անկուսակցական Ժաննա Կագրամանյանը, ով շտապօգնության ծառայությունում բուժքույր է աշխատում, 132 ձայն:
Գործող ավագանու 7 անդամից երեքը կանայք են, այդ թիվը փոփոխության չի ենթարկվել:
Զորակում գրանցված 9 թեկնածուներից առավեկ մեծ թվով ձայներ ստացել է միակ կին թեկնածուն՝ ՀՀԿ-ական Սուսաննա Կարապետյանը: Նա աշխատում է գյուղի ամբուլատորիայում: Նրա օգտին քվեարկել է 267 համագյուղացի, մյուս թեկնածուների ստացած քվեները տատանվում են 11-70-ի միջև: Նշենք, որ գործող ավագանու յոթ անդամների թվում կին չկա: Նորընտիր ավագանու կազմում մի կին կլինի:
Հայանիստում գրանցված 8 թեկնածուներից միայն մեկն էր կին: ՀՀԿ կողմից առաջադրված Իրինա Հարությունյանը ստացել է 76 ձայն, և կընդգրկվի ավագանու կազմում: Նորընտիր ավագանու կազմում մեկ կին կլինի, մինչդեռ գործող ավագանու 7 անդամներից երեքն են կանայք:
Նիզամիում կին թեկնածուն՝ ՀՀԿ կողմից առաջադրված Լաուրա Քոչարյանը ամենաքիչ ձայներն է ստացել, նրա օգտին քվեարկել է 23 մարդ: Մյուս թեկնածուների ստացած քվեները տատանվում են 39-81-ի սահմաններում: Այս համայնքում նորընտիր ավագանին էլ բացառապես տղամարդկանցից է կազմված լինելու:
Սայաթ Նովա գյուղում ավագանու անդամի 13 թեկնածու կար, որից մեկն էր կին: Ինքնաառաջդրված Գայանե Հակոբյանի օգտին քվեարկել է 32 ընտրող, նա չի ընտրվել: Գործող ավագանու կազմում կանայք չկան:
Սիսում ութ թեկնածուներից երկուսն էին կանայք, երկուսն էլ ընտրվել են: Նրանցից Աննա Բեգունցի օգտին քվեարկել է 74 ընտրող, իսկ Աննա Առուշանյանի օգտին՝ 99 ընտրող: Տղամարդ թեկնածուներից միայն մեկն է, որ քվեների քանակով առաջ է անցել կանանցից, մյուսները զգալիորեն հետ են մնում՝ 20-41-ի սահմաններում: Նշենք, որ գործող ավագանու վեց անդամներից երկուսը կանայք են: Նորընտիր ավագանիում էլ երկու կին կլինի:
Սիփանիկում գործող ավագանու միակ կին անդամը՝ Նելիկո Մկրտչյանը վերընտրվել է: Գրանցված 8 թեկնածուներից միակ կնոջ օգտին քվեարկել է 22 մարդ: Նա գործող ավագանու չորս անդամներից միակ կինն է:
Հիշեցնենք, որ մարտի 11-ին տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ են անցկացվել Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզերի թվով 19 համայնքներում, և ավագանու անդամի արտահերթ ընտրություն` Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում: 20 համայնքներից 4-ում կայացել են միայն համայնքի ղեկավարի, 6 համայնքում` միայն ավագանու անդամի և 10 համայնքում միաժամանակ անցկացվելու են համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ: Ավելի վաղ հայտնել էինք, որ 14 համայնքներում համայնքապետի պաշտոնի համար առաջադրված 31 թեկնածուների թվում որևէ կին չկար:
Հ. Կարապետյան
Դիտումների քանակը` 2565