ՏԻՄ ընտրություններ. համայնքի ղեկավարի 17 թեկնածուներից երկուսը կանայք են

 

Հունիսի 18-ին տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ են նշանակված Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզերի թվով 10 համայնքներում: Դրանցից 8-ում համայնքի ղեկավար են ընտրելու,  2-ում` ավագանու անդամներ:

 

 

Մայիսի 24-ին լրացել է ՏԻՄ ընտրություններում առաջադրված թեկնածուների գրանցման ժամկետը: Համայնքի ղեկավարի պաշտոնի համար առաջադրված և  գրանցված 17 թեկնածուներից  ընդամենը երկուսն են կանայք:

 

 

Կանանցից մեկը՝ անկուսակցական Արմենուհի Մելիքյանն է: Նա Կոտայքի մարզի Պռոշյանի գյուղապետի առաջադրված երեք թեկնածուներից մեկն է, ինքնաառաջադրված է:  Նրա մրցակից տղամարդիկ են գործող ՀՀԿ-ական համայնքապետ Արթուր Մուրադյանը, ում առաջադրել է կուսակցությունը, և համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Սևակ Գաբրիելյանը, ով հետ է վերցրել փաստաթղթերը: Այսպիսով Պռոշյանում ընտրապայքարը կծավալվի անկուսակցական կնոջ ու ՀՀԿ-ական գյուղապետի միջև:

 

 

Հաջորդ կին թեկնածուն առաջադրվել է Շիրակի մարզի Բայանդուր գյուղում: Կարելի է ենթադրել, որ նրա առաջադրումը կարող է  ձևական բնույթ կրել՝  երկու թեկնածու առաջադրված լինելու վերաբերյալ օրենքի պահանջը կատարելու նպատակով: Անի Գրիգորյանն անկուսակցական է, ինքնաառաջադրված, աշխատում է  համայնքապետարանում որպես համակարգչային օպերատոր: Նրա միակ մրցակիցը գործող ՀՀԿ-ական գյուղապետն է:

 

 

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում ավագանի անդամի համար առաջադրվել է 6 թեկնածու: Նրանց թվում մեկ կին կա՝ գյուղի դպրոցի ուսուցչուհի, անկուսակցական, ինքնաառաջադրված Վահանուշ Մելիքյանը: Գյուղի գործող ավագանին հինգ անդամ ունի, նրանցից երեքը կանայք են: Ավագանու կազմում ընդգրկված կանանց թիվն անկախ քվեարկության արդյունքնրից կնվազի:

 

 

Նշենք, որ այս համայնքներում քարոզչությւոնը կմեկնարկի մայիսի 31-ին ու կշարունակվի մինչև հունիսի 16-ը: Մինչև հունիսի 8-ը ներառյալ գրանցված թեկնածուները կարող են ինքնաբացարկի դիմումներ ներկայացնել:

 

Հ.Կարապետյան

Դիտումների քանակը` 3210

Գլխավոր էջ