ՏԻՄ ընտրություններ. կին համայնքապետերի թիվը համալրվեց ևս մեկով

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է հունիսի 9-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախնական արդյունքները։  Դրանց համաձայն, համայնքի ղեկավարի թեկնածու երկու կանանցից մեկը հաղթանակ է տարել։ Հիշեցնենք, որ Հայաստանի  502 համայնքներից  միայն 8-ն են կանայք ղեկավարում: Այժմ կին համայնքապետերի թիվը համալրվեց ևս մեկով:

 

Լոռու մարզի Քարաձոր համայնքում առավել մեծ թվով ձայներ ստացել է  Հրանուշ Ռոստոմյանը։  Նրա օգտին քվեարկել է 75  քաղաքացի, մրցակիցներից Խաչատուր Հովակիմյանը ստացել է 65 ձայն, Վալենտին Սարգսյանը՝ 34 ձայն։ Այս գյուղում ընտրելու իրավունք ունեցող 322 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել են 176-ը։  Հիշեցնենք, որ  Ռոստոմյան Հրանուշն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ  է։ Նա նախկին ավագանու անդամներից է եղել։

 

Հաջորդ կին թեկնածուն Արարատի մարզի Սիս գյուղում Աղաջանյան Սիրանուշն էր, նա խանութում որպես վաճառողուհի է աշխատում։ Նրա օգտին քվեարկել է 48 ընտրող։ Նրա մրցակիցներից Լեռնիկ Թարխանյանը ստացել է 223 ձայն, Հայկ Մելքոնյանը՝ 386 ձայն։ Նշենք, որ այստեղ ընտրելու իրավունք ուներ 1149 քաղաքացի, քվեարկությանը մասնակցել է 677 մարդ։

 

 Ավագանու անդամի 97 թեկնածուներից 11-ն էին կանայք։ Նրանցից ընտրվել են 7-ը։

 

 

Արագածոտնի մարզի Սորիկ եզդիաբնակ գյուղի ավագանիում երկու կին  ներկայացված կլինեն։  ԿԸՀ պաշտոնական էջում հրապարակված արդյունքների համաձայն, կանայք՝ Գյուլիզար Թամոյանն ու Գյուլիզար Սմոյանը ստացել են 3-ական ձայներ, նրանց մրցակից տղամարդկանց հավաքած ձայներն էլ շատ չեն։ Ջեմալ Աիդարյանի օգտին քվեարկել է  6 ընտրող, Վալիկո Ալոյանի օգտին՝ 2 ընտրող, Ռոստամ Բաքոյանի օգտին՝ 4 ընտրող։ Ընտրություններին ընդհանուր առմամբ մասնակցել է 18 մարդ, գյուղն ունի 91 ընտրող։

 

Արարատի մարզի Դվին գյուղում 14 թեկնածուներից մեկն էր կին։ Սրբուհի Եդիգարյանը ստացել է  նվազագույն թվով ձայներ, նրա օգտին քվեարկել է 16 մարդ։ Նա ներկայացված չի լինի ավագանու կազմում։

 

Արարատի մարզի Դիտակ գյուղում ավագանու հինգ անդամներից 4-ը կանայք են լինելու։ Այստեղ առավել մեծ թվով ձայներ ստացել է տղամարդ թեկնածուն. Սարգիս Հովհաննիսյանի օգտին քվեարկել է 32 մարդ, Մարիամ Նիկոլյանի օգտին՝ 28 մարդ, Մարիամ Հովհաննիսյանի օգտին՝ 18 մարդ, Գայանե Պետրոսյանի օգտին՝ 16 մարդ, Ազգանուշ Խաչատրյանի օգտին՝ 10 մարդ։ Առաջադրված կանանցից հինգերորդը՝  Շուշանիկ Հովհաննիսյանը ստացել է նվազագույն թվով ձայներ, նրա օգտին քվեարկել է 6 մարդ։ Հիշեցնենք, որ այստեղ վեց թեկնածուից 5-ը կանայք էին։

 

Լոռի մարզի Ղուրսալի համայնքում միակ կին թեկնածուն՝ Վերգինե Կարապետյանը ամենաքիչ ձայներն է ստացել։ Նրա օգտին քվեարկել է 12 համագյուղացի։ Համեմատության համար նշենք, որ նրա մրցակիցներից Աբրիկ Ազրյանը ստացել է 21 ձայն, Դավիթ Մինասյանը՝ 114 ձայն, Սայամ Միրզոյանը՝ 19 ձայն, Հայկ Վարդանյանը՝ 26 ձայն։ Ընդհանուր առմամբ, ընտրելու իրավունք ունեցող 384 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 194-ը։  Հիշեցնենք, որ գյուղի ավագանին ունի չորս անդամ, հետևաբար Վերգինե Կարապետյանը չի ընդգրկվի հաջորդ ավագանիում։

 

Նույն մարզի Խնկոյան համայնքում գրանցված վեց թեկնածուներից 2-ն են կանայք՝  անկուսակցան Վարդուհի Ավագյանն ու Սիրանուշ Հարությունյանը։ Վարդուհի Ավագյանը ստացել է 22 քվե և վերընտրվել է, Սիրանուշ Հարությունյանը ստացել է ընդամենը երկու քվե։ Համեմատության համար նշենք, որ ևս երկու թեկնածու է ստացել 22 քվե՝ Վահե Հովհաննիսյանն ու Իգնատ Կարապետյանը։ Ըստ մարզպետարանի պաշտոնական էջում հրապարակված տեղեկատվության համաձայն, ավագանին երեք անդամ ունի,  նրանցից մեկը կին է։ Նոր ավագանու կազմում էլ կլինի երկու տղամարդ, մեկ կին։

 

Հիշեցնենք, որ ավագանու անդամի ընտրություններ են անցկացվել 11 համայնքում, դրանցից հինգում են, որ կանայք մասնակցեցին ընտրություններին։ Կին թեկնածուներ կային Սորիկում (2 կին թեկնածու), Խնկոյանում (2 կին թեկնածու), Դվինում (1 կին թեկնածու), Դիտակում (5 կին թեկնածու), Ղուրսալում (1 կին թեկնածու)։  Ընդհանուր առմամբ, 97 թեկնածուներից 11-ն են կանայք։

 

 

Հունիսի 9-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվելու հանրապետության 23 համայնքում, որոնցից 14-ում ընտրությունները հերթական են, իսկ 9-ում՝ արտահերթ: Նշված համայնքներից 12-ում կայացան համայնքի ղեկավարի, 8 համայնքում` ավագանու անդամի, իսկ 3-ում՝ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ: 

 

Հ. Կարապետյան

 

 

Դիտումների քանակը` 1724

Գլխավոր էջ