ՏԻՄ ընտրություններում հաղթած կանանց մեծ մասն անկուսակցական են

fragment

Չնայած քաղաքական շատ ուժեր հաճախ են քաղաքականությանը՝ կանանց մասնակցության,  որոշումների կայացման գործում նրանց դերի կարևորության մասին հայտարարություններ անում, սակայն ՏԻՄ ընտրությունների մասնակից կանանց կուսակցության պատկանելիության ու առաջադրումների վերաբերյալ վիճակագրությունն այլ բան է փաստում: Ուշագրավ է, որ այս տարվա ՏԻՄ ընտրություններում  կանանց առաջադրումների առատությամբ աչքի չէր ընկել  ընդդիմադիր  քաղաքական որևէ ուժ: Կանանց առաջադրումների թվով առաջատարը իշխող Հանրապետական կուսակցությունն էր:

 

 

Դրա հետ մեկտեղ  սեպտեմբերի 18-ին և հոկտեմբերի 2-ին կայացած ՏԻՄ ընտրություններում առաջադրված կանանց մեծ մասն անկուսակցական էին ու ինքնաառաջադրված:

 

Այսպես, ԿԸՀ-ի՝ WomenNet.am-ին տրամադրած տվյալների համաձայն, սեպտեմբերի 18-ին համայնքի ղեկավար առաջադրված 10 կին թեկնածուներից 6-ն անկուսակցական էին,  երեքը՝ «Հանրապետական» կուսակցությունից, մեկը՝ «Ալյանս» կուսակցությունից: Ընտրված երկու կանայք էլ ՀՀԿ-ական են: Հիշեցնենք, որ վերընտրվել էին Արմավիրի մարզի Արտամետ ու Արևշատ համայնքների ղեկավարները՝ Անահիտ Դավթյանն ու Սուսաննա Գևորգյանը: Նրանց առաջադրել էր հենց հարազատ կուսակցությունը: Հանրապետական երրորդ թեկնածուն ինքնաառաջադրված էր:

 

Հարազատ կուսակցությունը ոչ միշտ է առաջադրում անդամ գործիչներին: Նման փորձ կա թե կանանց, թե տղամարդկանց պարագայում:

 

Հոկտեմբերի 2-ի ՏԻՄ ընտրություններում համայնքի ղեկավար առաջադրված 16 կանանցից 7-ն անկուսակցական էին, ութը՝ ՀՀԿ-ական, մեկը՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից: Ընտրված 7 կին համայնքապետերից 2-ն անկուսակցական են, 5-ը Հանրապետական կուսակցությունից:  ՀՀԿ-ական ութ կանանցից միայն չորսի թեկնածությունն էր առաջադրել կուսակցությունը:

 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին կայացած քվեարկության արդյունքում կանայք հաղթանակ տոնեցին Կոտայքի մարզի Նոր Երզնկա, Շիրակի, մարզի խոշորացված Ամասիա, Սյունիքի Հացավան, Շիկահող, Շրվենանց, Պաղաղբյուր, Լոռու մարզի Բազում համայնքներում:

 

 Ավագանու ընտրություններ

 

Սեպտեմբերի 18-ին ավագանու ընտրություններին առաջադրված է եղել 339 կին, նրանցից 217-ը եղել են անկուսակցական, 116-ը՝ ՀՀԿ-ական, երկուսը՝ ՀՅԴ-ական, մեկական կին թեկնածուներ առաջադրել են ԲՀԿ-ն, «Լուսավոր Հայաստան», «Հայկական վերածնունդ», Ռամկավար ազատական կուսակցությունները:

 

Համեմատության համար նշենք, որ 339 կանանցից ինքնաառաջադրված են 311-ը, 27-ի թեկնածությունն առաջադրել է ՀՀԿ-ն, մեկինը՝ Ռամկավար Ազատական կուսակցությունը:

 

Ավագանու անդամ ընտրված 239 կանանցից 219-ն ինքնաառաջադրվածներն են, 20-ը՝ ՀՀԿ-ի կողմից առաջադրված կանայք: Դաշնակցական կանանցից մեկն է ընտրվել: Քաղաքական մյուս ուժերի կին ներկայացուցիչներ ավագանիների կազմում չեն ընդգրկվել:

 

Հոկտեմբերի 2-ի ավագանու ընտրություններում առաջադրված 336 կանանցից 220-ն անկուսակցական են, 10-ը՝ ԲՀԿ-ական (ԲՀԿ-ական ընդհանուր թեկնածուների թիվը  121 է), 97-ը՝ ՀՀԿ-ական (ընդհանուր թիվը՝ 647 է ), 3-ը՝ «Հայկական վերածնունդ» կուսակցությունից (ընդհանուր թիվը 27 է), 3-ը՝ ՀՅԴ-ից (ընդհանուր թիվը 62 է),  մեկական թեկնածուներ եղել են «Լուսավոր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր», «Օրինաց երկիր» կուսակցություններից:

 

Համեմատենք. Թեկնածու 336 կանանցից ինքնաառաջադրված են 284-ը: 2 թեկնածու առաջադրել է ՀՅԴ-ն, 48 թեկնածու՝ ՀՀԿ-ն, մեկական թեկնածուներ «Լուսավոր Հայաստան» ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները:

 

Ավագանու անդամ ընտրված 251 անդամներից 173-ն անկուսակցական են, ընդ որում ինքնառաջադրված են 217-ը: Ընտրվածներից 8-ը ԲՀԿ-ական են, 66-ը ՀՀԿ-ական, 2-ը՝ «Հայկական վերծնունդ»-ից,  1-ը՝ ՀՅԴ-ից, 1-ը՝ «Օրինաց երկիր» կուսակցությունից:

 

ՀՀԿ կողմից առաջադրված 48 թեկնածուներից ըտրվել են 33-ը, ՀՅԴ առաջադրած երկու թեկնածուներից՝ մեկը:

 

Վիճակագրությունը թույլ է տալիս փաստել, որ կանայք քաղաքական պայքարի մեջ մեծ մասմաբ մտնում են մենակ՝ առանց քաղաքական թիմի:

 

Հ. Կարապետյան

Դիտումների քանակը` 2935

Գլխավոր էջ