ՏԻՄ-երի մասին օրենքում պետք է ամրագրել կանանց ներկայացվածության պահանջը. ընդունվում են առաջարկներ
ՀՀ Կառավարության կողմից ներկայացված «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցը քննարկելու ժամանակ Ազգային ժողովը անդրադարձավ նաեւ ՏԻՄ-երում կանանց ներկայացվածությանը :
Օրենքի նախագիծը ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը՝ հայտնելով, որ այս օրենքի նախապատրաստումն ու ԱԺ ներկայացումը պայմանավորված է սահմանադրական փոփոխություններով։ Ըստ նրա, նախագիծը մշակելիս առավել լայն ընդգրկում են ունեցել միջազգային փաստաթղթերի դրույթները։
Նախագծի քննարկման ժամանակ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը՝ դիմելով հիմնական զեկուցողին, առաջարկեց «Տեղական ինքնակառավարման մասին» նոր օրենքով ՏԻՄ-երում մեծացնել կանանց ներգրավվածությունը՝ հասցնելով առնվազն 20 տոկոսի:
«Այն երեք համայնքում, որտեղ մենք ունենք համամասնական ընտրություններ, ավտոմատ ստանում ենք, որ ավագանիում նաև կանայք են ներգրավված քվոտայի չափով: Դիտարկելով խոշորացված համայնքների արդյունքները՝ տեսնում ենք, որ խոշորացված համայնքներում կանայք ընդհանրապես ներկայացված չեն ավագանիում, կանանց ներկայացվածությունը նվազել է: Չե՞ք համարում, որ շատ կարևոր կլինի այս օրենքով ամրագրվի կանանց ներգրավածությունն ավագանիում տոկոսային առումով, առնվազն 20 տոկոսը»,- ասաց պատգամավորը:
Վաչե Տերտերյանն արձագանքելով՝ նշեց, որ խնդիրն իսկապես մտահոգիչ է, դեռևս լուծման մեխանիզմ չկա և հավելեց, որ եթե պատրաստի «դեղատոմս» կա, թող առաջարկեն, կքննարկվի:
«Անվիճելի ցանկություն է: Այդ նպատակը մենք էլ ունենք: Խոշորացվող համայքներում մենք ՄԱԿ-ի մի ծրագրով փորձեցինք կանանց ներգրավման գործընթացն ավելի ակտիվացնել, նրանց հետ աշխատել, խրախուսել, բայց մրցակցության պայմաններում այս անգամ կանանց նվազեցման արդյունքն արձանագրվեց: Ես համամիտ եմ Ձեզ հետ, որ մտահոգիչ է»,- ասաց փոխնախարարը:
Վաչե Տերտերյանը նշեց, որ այդ կանայք ավագանիներում առաջադրվել են, սակայն չեն անցել: «Փաստ է, որ խոշորացված ավագանիներոմ կանայք համարյա չկան»,- ասաց նա:
Քննարկմանը արձագանքեց նաև Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը՝ հավելելով, որ ինքը նույնպես միանում է Թևան Պողոսյանի առաջարկին: «Իմ հարցադրումից մեկը դա պետք է լիներ և դա ոչ միայն իմ, այլև կին պատգամավորների, մի շարք հասարակական կազմակերպությունների անունից պետք է լիներ: Մենք նպատակների մասին հայտարարել ենք, բայց պարտավոր ենք նպատակների իրականացման համար քայլեր անել և գտնել այն ձևերը, մեխանզմները, որոնք կապահովեն կանանց ներկայացվածությունը»,- ասաց փոխխոսնակը:
Միաժամանակ Հերմինե Նաղդալյանը նշեց, որ այս տարվա ՏԻՄ ընտրությունները նաև ցույց են տվել կանանց աննախադեպ ակտիվությունը ավագանիներում առաջադրվելու իմաստով: Նման ակտիվություն, ըստ նրա, նախկինում չի եղել: «Սակայն դժվարությունները մեծ էին՝ հատկապես խոշորացվող համայնքներում, որոնցում մենք կորուստներ ունեցանք՝ անգամ այնտեղ, որտեղ մենք ունեցել ենք կին համայնքապետ և ավագանու կին անդամներ: Այն մտահոգությունը, որը շատ ավելի վաղ՝ օրենքի քննարկման ժամանակ տեսնում էինք, թե խոշորացումը բերելու է կանանց համար լրացուցիչ դժվարությունների, այսօր իրականություն դարձավ: Սա համընդհանուր նպատակ է մեզ համար: Կարծում եմ, որ գոյություն ունի նաև փորձ, որը պետք է ուսումնասիրել»,- նշեց Հերմինե Նաղդալյանը:
Նա նաև առաջարկեց հասարակական կազմակերպությունների հետ, որոնք ներուժ ունեն այդ ոլորտում, քննարկում կազմակերպեն: «Ես հանձն եմ առնում կազմակերպել այդ քննարկում և կուզենայի, որ նախարարության ներկայացուցիչներն էլ մասնակցեն»,- ընդգծեց Հերմիեն Նաղդալյանը:
Մ.Մարգարյան
Դիտումների քանակը` 2524