Տիգրան Կարապետյան. «Իմ ամենասիրելի կին պատգմավորը Զարուհի Փոստանջյանն է»…
«Ժողովրդական կուսակցության» խորհրդում 10 %-ը կանայք են եւ այս փաստը ոչ միայն կարեւորում, այլեւ ուրախացնում է կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանին:
Նրա մեկնաբանությամբ` կանայք ոչ միայն մթնոլորտ են փոխում, այլեւ շատ հաճախ կարեւորագույն հարցերի քննարկման ժամանակ ուշադրություն են հրավիրում այնպիսի նրբությունների, որոնք տղամարդկանց աչքից գուցե վրիպել էր:
«Հատկապես գյուղական համայնքներում առաջնայինը սոցիալական խնդիրների, առողջապահության եւ կրթության հարցերի լուծումն է եւ կինն այդ հարցերում անգերազանցելի է, որովհետեւ կենցաղային հարցերի, գյուղական կյանքին ու խնդիրներին նա ավելի լավ է տիրապետում, քան տղամարդը»:
Տիգրան Կարապետյանը շեշտում է, որ ինքը միշտ կողմնակից է եղել, որպեսզի կանայք խորհրդարանում եւ կառավարությունում առավել շատ ընդգրկված լինեն: Նա ներկայացնում է համաշխարհային ֆինանսական խոշորագույն կառույցների եւ բանկերի որդեգրած սկզբունքը, համաձայն որի, կանայք առավել նպատակասլաց են, կայուն, հաստատակամ, հետեւաբար եկել է ժամանակը նրանց վստահելու:
«Ես կիսում եմ այդ տեսակետն ու ողջունում կանանց մուտքը քաղաքական դաշտ, խորհրդարան», ասում է Կարապետյանը` հավելելով, որ կին քաղաքական գործիչների մեջ առավելապես գնահատում է հավատարմությունը, ճշտախոսությունը, ազնվությունն ու անարդարության դեմ պայքարի ձգտումը:
Բարձր գնահատելով եւ կարեւորելով փաստը, որ այսօր խորհրդարանում ընդգրկված է 11 կին քաղաքական գործիչ, Տիգրան Կարապետիչը առանձնացնում է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին: «Իմ ամենասիրելի եւ հարգելի կին պատգամավորը Զարուհի Փոստանջյանն է, կառանձնացնեմ միայն նրան: Նա հզոր աղջիկ է, ճշմարիտ ու պայքարող տեսակից է: Հավանում եմ նրա մոտեցումն ու բարձր գնահատում նրան որպես քաղաքական դեմք», ասաց Տիգրան Կարապետյանը:
Հ. Հ.
Դիտումների քանակը` 5485