Տիգրան Խզմալյան. «Երբ բացահայտվեց այդ գաղտնիքը, ցանկություն առաջացավ գրկել Երևանը» / վիդեո
Ասել է թե Երևանի գլխավոր գաղտնիքը՝ սերն է… Ռեժիսոր Տիգրան Խզմալյանը բացահայտել է այն իր 2007-ին նկարահանված «Երևանի գլխավոր գաղտնիքը» ֆիլմում, որն այսօր ավելին քան տեղին է հիշել… Դիտեք այն ևս մեկ անգամ…
… Ռեժիսորը պատմում է , որ այս գաղտնիքն իմացել է շատ պատահական… երևի վատ եղանակի պատճառով.
– …Հորդառատ անձրև էր: Մետրոյից դուրս եկա, գնացի Ալեքսանդր Թամանյանի թանգարան: Այնտեղ բավական անհետաքրքիր էր. դեղնած պաստառներ, լուսանկարներ, հատակագծեր, բայց հանկարծ տեսա մի լուսանկար, որն ինձ պարզապես ցնցեց: Նկարում տղամարդն ու կինը նայում էին իրար ակնհայտ սիրահարվածի աչքերով: Ամենացնցող այն է, որ այդ նկարը 1910 թվականին է արվել, իսկ այդ ժամանակ մարդիկ հիմնականում ստատիկ դիրքով էին նկարվում: Հատկապես հետաքրքրեց լուսանկարում կնոջ արտառոց դիմագծերը. զարմանքս էլ ավելի կրկնապատկվեց, երբ իմացա, որ լուսանկարում տղամարդը Ալեքսանդր Թամանյանն է, իսկ կինը` բրիտանուհի Կամիլան է` Թամանյանի սերը:
Գնացի սիրահարների հետքերով, փորփրեցի արխիվները…պարզեցի, թե որն է Երևանի գլխավոր գաղտնիքը: Մի օր հասկացա, որ այլևս չեմ կարող այս ամենը մեջս պահել: Սկզբում հոդված գրեցի, վերջում ֆիլմ դարձավ:
2009 -ին մի անծանոթ մարդ ուղարկել էր այս ֆիլմը Մոսկվա`ԱՊՀ երկների ճարտարապետների միությունների համագումար, որտեղ համագումարին կից յուրաքանչյուր երկիր ներկայացնում է իր նախագիծը: Հայաստանը նախագիծ չի ունեցել, և Մոսկվայում բնակվող մի հայ ճարտարապետ այս ֆիլմն է ներկայացրել: Ռուսաստանի ճարտարապետների միության կողմից ֆիլմն արժանացել է «Ճարտարապետության մասին լավագույն ֆիլմ» մրցանակին…
Երևանի գլխավոր գաղտնիք ասելով` շատերի երևակայության մեջ երևի մութ ու ցավոտ ինչ-որ տեսարաններ են պատկերվում…ինձ մոտ սպասումները նույնպես այդպիսին էին: բայց երբ բացահայտվեց այդ գաղտնիքը, ցանկություն առաջացավ գրկել Երևանը, խառնել նրա մազերը ու անկարգ աղջկա պես կամակոր լինել…Կհարցնեք` ի՞նչ կապ ունի սա Երևանի հետ…Իսկ ես ձեզ կզարմացնեմ իմ պատասխանով` կապ ունի, որովհետև Երևանի գլխավոր գաղտնիքը սերն է: Հայտնեցի գաղտնիքը, բայց էլ ավելի կարևոր է տեսնել, թե ինչպես է այդ սերը մարմին առել քարերի վրա, ինչպես է բրիտանուհի Կամիլայի նկատմամբ սերը դրոշմվել Երևանում…
Տեսնել, որպեսզի այն, ինչ արվում է ու երբևիցե արվելու է քաղաքում, նույնպես սիրով արվի…
Աղբյուրը՝ HayNews.am
Դիտումների քանակը` 8805