Տեսնո՞ւմ եք արդյոք կնոջը ՀՀ նախագահի պաշտոնում

WomenNet.am- ը  փորձեց պարզել ի՞նչ են մտածում այս հարցի շուրջ սովորական քաղաքացիները

 

Սաթինե Գևորգյան, 28 տարեկան, կանանց խնդիրներով զբաղվող իրավաբան

 

– Իհարկե կանայք կարող են լավ նախագահ լինել: Բայց այս պահին պատրաստի թեկնածու չունենք: Հուսով եմ` մեր սերնդի մեջ կգտնվի նման կին: Հայաստանում կին նախագահը հաջողություններ կունենա, քանի որ կանայք հաստատակամ են, ճկուն միտք ունեն, ավելի լավ դիվանագետ են ու ճիշտ կառավարման ելքեր կգտնեն:

 

Արթուր Նահապետյան, 30 տարեկան, ՏՏ մասնագետ

 

– Հարգում եմ կանանց, բայց կարծում եմ` նրանք ունակ չեն երկիրը կառավարելու: Դա շատ լուրջ ու պատասխանատու գործ է` իր բազում դժվարություններով հանդերձ:

 

Լենա Հայրապետյան, 29 տարեկան, տնային տնտեսուհի

 

– Կինն ավելի լավ կառավարիչ կլինի: Միայն թե քաղաքականության մեջ անբարո խաղերը շատ են, ես ինքս չէի ցանկանա լինել այդ ոլորտում, կամ էլ նրանք պետք է մեծամասնություն կազմեն` որակը փոխելու համար:

 

Աշոտ Ղարաջյան, 52 տարեկան, ինկասատոր

– Իհարկե կինը կարող է ղեկավարել, եթե լավ թիմ ունենա: Ցանկացած կառավարչի ու ղեկավարի համար շատ կարևոր է լավ թիմ ունենալը, թիմի անդամների նվիրվածությունը, ի վերջո, նախագահը միանձնյա կառավարող չէ:

 

Ա. Բաբայան, իրավաբան, 30 տարեկան

– Կարող է, տարբերություն չեմ տեսնում:

 

Արուսյակ Եղիազարյան, 49 տարեկան

– Կանայք առավել կշռադատված են, նրանք նաև մայր են ու որոշումներ կայացնելիս մտածում են նախ երեխաների բարեկեցության, անվտանգության մասին: Կարծում եմ` կինն ավելի լավ կղեկավարի երկիրը:

 

Արմինե Մինասյան, 32 տարեկան, լրագրող

– Կարծում եմ` ցանկացած հայրենասեր, երկրին նվիրված, խելացի, ուժեղ կամքի տեր մարդ, անկախ սեռից, կարող է ղեկավարել երկիրը:

 

Հարցված քաղաքացիների ու սոցցանցերի օգտատերերի շրջանում պատահում էին  նաև սեքիստական բնույթի տեսակետներ, օրինակ, որ «երկիր ղեկավարելը կնոջ խելքի բանը չէ»:

 

Զրուցեց՝ Հ.Կարապետյանը

 

Դիտումների քանակը` 4103

Գլխավոր էջ