Վիժման կանխումը` թանկ հաճույք է շատ կանանց համար
Օրեր առաջ 911 ցանցի դեղատներից մեկում հերթ էի կանգնած: Մի տղամարդ շնչակատուր, այլայլված դեմքով ներս մտավ, խնդրեց զիջեն իրեն: 3 հաբ գնեց, 1200 դրամ վճարեց ու նույն արագությամբ դուրս վազեց…
Երբ հերթն ինձ հասավ, չկարողացա զսպել հետաքրքրությունս ու դեղատան աշխատակցին հարցրեցի, ի՞նչ դեղ էր, ի՞նչ էր պատահել: «Օգտագործում են վիժման վտանգի դեպքում»,-պատասխանեց աշխատակիցը: Նա հաբի անունն էլ տվեց, սակայն անվտանգության նկատառումներից ելնելով չենք գրում, օգտագործողներն ու մասնագետները գիտեն` ինչի մասին է խոսքը:
Հետո արդեն մի քանի այլ դեղատներում դեղի գինն էի հարցնում: Պարզվեց` մեկ հաբն արժե 410-450 դրամ: Հետո կանանց հետ զրույցներում պարզեցի, որ շատերն են հղիության ժամանակ օգտագործել դեղամիջոցը, թուլացնում է մկանային լարվածությունը, իջեցնում տոնուսը և այլն…
Գ. Մանուկյանը, ում երեխան շուտով կդառնա 3 տարեկան, Մարգարյան հիվանդանոցի բժիշկներից մեկի հսկողության ներքո է անցկացրել հղիությունը: Նա պատմեց, որ բժշկի խորհրդով երեք ամիս շարունակ խմել է այդ դեղամիջոցը, նախ օրական 3 կոճակ, ապա` 2: Դրան էլ գումարած այլ դեղամիջոցներ ու վիտամիներ:
Այս կնոջ օրինակով կարելի է հաշվել, որ պտուղը պահելու նպատակով միայն մեկ դեղի համար կինն ու իր ընտանիքը ստիպված են եղել վճարել մոտ 100 հազար դրամ գումար: Սրան էլ գումարած մյուս դեղամիջոցների արժեքը:
Պետության կողմից հղի կանանց դեղը չի տրամադրվում: Մասնագետներն էլ այսօր փաստում են, որ վիժման դեպքերն ավելացել են, և դրա որպես հիմնական պատճառ մատնացույց անելով սխալ դիետաները, սթրեսները, ինչպես նաև մութ ու ցուրտ տարիների հետևանքով ձեռք բերած հիվանդությունները:
Հայաստանում շատ են ընտանիքները, որոնք օրվա հացի փողը հազիվ են վաստակում, ու մի օր էլ «հանդգնում են» երեխա ունենալ: Ու աստված մի արասցե, եթե հանկարծ կնոջ մոտ նման բարդություններ առաջացան, ապա նա ստիպված է լինելու կամ հացի փոխարեն միայն դեղ առնել, կամ պարտքեր վերցնել, կամ էլ կորցնել երեխային:
Ստացվում է, որ Հայաստանում, որտեղ ամեն պատեհ ու անպատեհ առիթով թմբկահարվում է ծննդաբերության անվճար լինելու մասին, կարող են այդ ծառայությունից հասցնել օգտվել նրանք, ովքեր կարողացել են դժվարություններն ու վտանգները կանխելու ու չեզոքացնելու համար դեղորայք ձեռք բերել…
Հ. Կարապետյան
Դիտումների քանակը` 5035