Վարչապետը չի ընդունել Մանե Թանդիլյանի հրաժարականը

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացատրել է  թե ինչու  չի ընդունել օրեր առաջ  ներկայացված  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի հրաժարականի դիմումը :

 

Վարչապետի խոսքով՝ նախարարի հետ քննարկումներ են անցկացրել,  և եկել են այն համատեղ  եզրակացության, որ Մանե Թանդիլյանը դեռևս կպաշտոնավարի, իսկ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի շուրջ քննարկումները կշարունակվեն Ներկայացնելով  թե ինչ է լինելու  Թանդիլյանի հրաժարականի պատճառ դարձած  կուտակային կենսաթոշակային համակարգի հետագա ճակատագիրը, Նիկոլ Փաշինյանը ասաց.

 

«Պետք է նաև աշխատենք այն խնդրի վրա, որը բուռն քննարկման առիթ է դարձել ոչ միայն կառավարությունում, այլև հանրության շրջանում։ Խոսքը կուտակային կենսաթոշակային համակարգի մասին է, և ինչպես պայմանավորվել ենք նախկինում, նաև տնտեսական զարգացման և ներդրումների, արդարադատության նախարարների հետ մենք պետք է աշխատենք` այդ համակարգը հետագայում առավել ընդունելի, ընկալելի ու հուսալի դարձնելու համար։ Մենք պետք է հանրության ու մեր կասկածները փարատենք, որպեսզի վստահ լինենք, որ ճիշտ ճանապարհով ենք գնում»: 

 

ԱԺ հաստատած որոշման նպատակը, նրա խոսքով, միայն ժամանակ շահելն էր, որպեսզի կառավարությունը ժամանակ ունենա, հանգիստ, առանց ցայտնոտի քննարկելու ու առաջիկա 2 ամսվա ընթացքում նախագիծ մշակելու ու ներկայացնելու։ «Մենք չենք կասկածում, որ համակարգը բարելավման կարիք ունի»,- ասաց Փաշինյանը։

 

Նիստին ներկա Մանե Թանդիլյանը շնորհակալություն հայտնեց իր առաջադրած սկզբունքների համակարծիք լինելու համար` հիշեցնելով, որ իր հրաժարականի պատճառի հիմքում հենց այդ սկզբունքներն են եղել։ Նախարարը խոստացավ շատ կարճ ժամկետներում մշակել ու կառավարությանը ներկայացնել նախագիծը, այնպես, որ նոր առաջարկները իրավական ուժ ստանան արդեն 2019թ-ի հունվարի 1-ից։

 

Քիչ առաջ նախարար Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է արել՝ կապված իր հրաժարականի և այսօր առավոտյան կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության հետ:

 

«Իմ հրաժարականը պայմանավորված էր բացառապես կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ իմ դիրքորոշումով, որը մնացել է անփոփոխ: Ինձ վստահված առաքելությունը նախարարի պաշտոնում գիտակցել եմ աշխատանքիս առաջին օրվանից, երբ միայն օրական ստացվող հարյուրավոր նամակները արձանագրում են ոլորտում առկա բազմաթիվ խնդիրները և դրանց լուծման կարևորությունն ու հրատապությունը: Այս ընթացքում` այդ թվում հրաժարական տալուց հետո, արել եմ հնարավոր ամեն բան առկա խնդիրները լուծելու ուղղությամբ: Համոզված եմ, որ նոր կառավարությունը կարող է առկա խնդիրները լուծել բարձր մակարդակով և սեղմ ժամկետներում: Հրաժարական տալուց հետո, ունեցել եմ բազմաթիվ հանդիպումներ, քննարկումներ, այդ թվում կուտակային կենսաթոշակային համակարգի հետագա բարելավման վերաբերյալ: Հաշվի առնելով, որ դեռևս ունենք հնարավորություն բարեփոխելու համակարգը, որը ընդունելի, ընկալելի և գրավիչ կլինի հանրության լայն հատվածի համար, միևնույն ժամանակ բարելավելով կայունությունն ու հուսալիությունը՝ ես պատրաստ եմ շարունակել նախարարի պաշտոնում իմ գործունեությունը և այդ լիազորությունների շրջանակներում նախաձեռնել բարեփոխումների իրականացումը: Գիտակցելով, որ կուտակայինի հարցի լուծման համար մենք չենք կարող տրամադրել երկար ժամանակ և մեծ ռեսուրսներ, քանի որ մնացած ոլորտների խնդիրները ոչ պակաս կարևոր են և հրատապ, հետևաբար, հարցի վերաբերյալ բարեփոխումները իրականացվելու են առավելագույնս սեղմ ժամկետներում, մասնավորապես, արդեն 1-2 շաբաթվա ընթացքում նախարարարության կողմից կներկայացվի օրենքի փոփոխությունների նախագիծ, որը կներկայացվի հանրային քննարկման, որից հետո կներկայացվի կառավարության քննարկմանը: Մենք պատրաստվում ենք փոփոխությունները ներկայացնել խորհրդարանի հաստատմանը աշնանային նստաշրջանին՝ նպատակ ունենալով առաջարկվող փոփոխությունները ներդնել 2019թ հունվարի 1-ից: Միևնույն ժամանակ, մեկ անգամ ևս ուզում եմ շեշտել, որ ինչպես այս մեկ ամսվա ընթացքում, առաջիկայում էլ չեմ պատրաստվում կենտրոնանալ այս խնդրի վրա և պատրաստ եմ ամբողջ ներուժս դնել ինձ վստահված լիազորությունների շրջանակներում իրականացնել արդյունավետ բարեփոխումներ»,- գրել է Մանե Թանդիլյանը:

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Մանե Թանդիլյանը հրաժարական է տվել նախարարի պաշտոնից… ինչու՞

 

Դիտումների քանակը` 2250

Գլխավոր էջ