Վարդուհի Խուդավերդյան. « Ազատամուտում կանանց խոսքը շատ հարցերում որոշիչ է» / տեսանյութ
Տավուշի մարզի Ազատամուտ համայնքը միշտ է աչքի ընկել ավագանու կազմում կանանց ակտիվ մասնակցությամբ: Նախորդ ընտրությունների արդյունքներով ավագանին ունի 9 անդամ, նրանցից 4-ը կանայք են: Սեպտեմբերի 18-ին էլ սպասվող ընտրություններում 15 թեկնածուներից 9-ը կանայք են: Վերընտրվել ցանկանում են գործող ավագանու անդամներ Վարդուհի Խուդավերդյանը եւ Մարինե Ամիրջանյանը:
Ազատամուտ համայնքի արվեստի դպրոցի փոխտնօրեն Վարդուհի Խուդավերդյանին համագյուղացիները գնահատանքի խոսքերով են բնութագրում` հոգատար, նվիրված, գործունյա: Նա այդպիսին է թե աշխատավայրում, թե հասարակական կյանքում և թե ընտանիքում:
Արվեստի դպրոցին առնչվող մի շարք խնդիրներ լուծվել են Վարդուհու նախաձեռնությամբ: Նույն դպրոցի տնօրեն Սոնյա Էլիբեկյանի գնահատմամբ Վարդուհին դպրոցի համար սրտացավ ու նվիրված մարդ է:
– Շատ կազմակերպված, շատ խելացի է, նվիրված է դպրոցին, դպրոցի հետ կապված ցանկացած հարց, որը պետք է լուծվի համայնքի ղեկավարի կողմից անմիջապես ներկայացվում է ավագանու նիստերին: Վարդուհու միջոցով դպրոցում բացել ենք պարարվեստի բաժին: Դպրոցի առօրյա հարցերին միշտ լուրջ է մոտենում, շատ ուշադիր է գույքի հանդեպ, եթե մի աշակերտ վնասում է գույքը, Վարդուհին անմիջապես կազմակերպում է դրա վերանորոգումը: Հարգված է թե թաղամասում, թե կոլեկտիվի և ծնողների կողմից, իսկ մենք քիչ չենք, ունենք 85 աշակերտ: Այնպես որ, բոլորը ճանաչում են նրան, ավագանու ընտրություններում երևի ամենամեծ հնարավորությունն իրենը լինի,-ասում է Սոնյա Էլիբեկյանը:
Երկու երեխաների մայր Վարդուհին կարողանում է համատեղել ուժերն ու ժամանակը տան, արվեստի դպրոցի և ավագանու աշխատանքերում: Նրա համոզմամաբ համայնքային խնդիրներն անսպառ են:
– Մարդիկ դիմում են տանիքների վերանորոգման, աղբահանության հարցերով, որոնք ներկայացնում եմ ավագանու նիստերին,-ասում է Վարդուհին:
Բոլոր հարցերում Վարդուհուն աջակցում են ամուսինն ու սկեսուրը, վերջինս ինքն է խրախուսում հարսին մասնակցել հանրօգուտ աշխատանքերին: Ընտանիքի աջակցությունից ոգևորված Վարդուհին կրկին իր թեկնածությունն է առաջադրել առաջիկա ընտրություններում որպես ավագանու թեկնածու:
Նրա համոզմամբ ավագանիների շարքերը պետք է համալրվեն կանանցով, քանի որ նրանց ձայնը շատ հարցերում որոշիչ է:
– Փառք Աստծո, կին ավագանիները շատ են, խորհրդակցում ենք, կանանց հետ հեշտ է զրուցել հարցերի շուրջ, ինչ-որ բան կազմակերպել, նրանք ավելի ակտիվ են, -համոզված է Վարդուհին:
Մանրամասները «Հավասար» քարոզարշավի շրջանակներում պատրաստված Իջևան հեռուստատեսության տեսանյութում.
Հեղինակ՝ Նաիրա Խաչիկյան
Կարդացեք Տավուշի ՏԻՄ ընտրությունների մասին մեր կայքում.
Մարինե Ամիրջանյան. «Կան խնդիրներ, որոնք կանայք ավելի դյուրին են լուծում»
Սեպտեմբերի 18 . Ներկայացնում ենք կանանց առաջադրումները Տավուշում
Տավուշի կանայք ընտրական պայքարում. երեկ ու այսօր/ տեսանյութ
«Նա աշխատող է, իսկ աշխատող մարդուն կարելի է վստահել» / տեսանյութ
Լիանա Ալավերդյան. «Ցանկացած հարցում լինել արդար»/ տեսանյութ
Դիտումների քանակը` 2575