Վարդագույն քաղաքն ու մայրիկների մտահոգությունները

 

Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ WomenNet-ը զրուցել է փոքր երեխաներ ունեցող մայրիկների հետ, լսել նրանց մտահոգություններն ու առաջարկությունները` մեր քաղաքը ավելի հարմարավետ դարձնելու վերաբերյալ:

 

Սառա Խոջոյանը լրագրող է,  երկու երեխաների մայր` երեքամյա Ավետն ու մեկ տարեկան Շուշին:  Ապրում է Էրեբունի համայնքում, որտեղ, իր իսկ խոսքով, խաղահրապարակներ գրեթե չկան,  փողոցները փոքր են, մայթեր չկան,  այս պարագայում շատ վտանգավոր են արագընթաց մեքենաները,  քանի որ երեխաները կարող են հաճախ փողոցը մայթից չտարբերել: Նա առաջարկում է նման դեպքերում փողոցը մայթից տարանջատող ինչ-որ ցանկապատ տեղադրել:

 

 

Ասում է, որ մայրիկները  շուտ գնահատեցին քաղաքում թեք հարթակների հայտնվելը,  չէ որ նրանք   հարմարավետ են  ոչ միայն  սահմանափակ կարողություններով մարդկանց, այլ  նաև մանկասայլակներով  զբոսնող ծնողների համար: Բայց նման հարթակներն ամեն տեղ չէ , որ կան, իսկ   քաղաքի ծայրամասերում գրեթե բացակայում են: Այնպես որ  կանայք հաճախ  ստիպված են մանկասայլակը կամ գրկած իջեցնել կամ էլ երեխայի համար իսկական երկրաշարժ կազմակերպել:

 

«Բացի այդ ասֆալտը շատ վատն է, սայլակով երեխայի հետ զբոսնելու համար»,-անհարմարությունները թվարկում է Սառան: Նա կուզենար, որ քաղաքի յուրաքանչյուր հատվածում խաղահրապարակներ, այգիներ ու կանաչ տարածքներ շատ լինեն:

 

Սառայի ու աշխատող մյուս մայրիկների համար բարդ է երեխային մանկապարտեզ ընդունելու հարցը: Խոսքը պետական մակապարտեզների մասին է, որտեղ երեխային ընդունելու համար պետք է ամիսներ առաջ հերթագրվես ու սպասես քո հերթը հասնելուն:

 

 

«Երևանում ամեն օր ինչ-որ շենքեր են կառուցում, թող մի երկու մանկապարտեզի շենք վերանորոգեն, որպեսզի խնդիրը լուծում ստանա»,-առաջարկում է լրագրող մայրիկը: Մանկապարտեզ ընդունելուց հետո էլ մեկ այլ խնդիր է առաջանում. Ծնողների աշխատանքը վերջանում է ավելի ուշ, քան փակվում են մանկապարտեզների դռները:

 

 

«Ժամը 4:30 կես գնում ես, տեսնում ես երեխադ մենակ նստած է»,-նշում է Սառան ու մատնացույց անում մայրաքաղաքի մի քանի մանկապարտեզներ, որտեղ նման խնդիր չի առաջանում, քանի որ տնօրենների հրահանգով ժամը 17-ից շուտ դռները ծնողների առջև չեն բացում:

 

 

Այգիների ու կանաչի պակասից բողոքում է նաև Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակչուհի Կարինեն: «Այստեղ այգիները բետոնապատում են, սալիկապատվում, չկա կանաչ տարածք, որտեղ կարելի է երեխաների հետ նստել: Ֆիլմերում տեսնում ենք, չէ՞,  եվրոպական երկրների ու Ամերիկայի քաղաքներում ` մեծ ու փոքր,  դրսում` կանաչի վրա նստած, սփռոցը փռած մաքուր օդում սնվում են, պառկում, կարդում: Ինչու՞ մեզանում նման բան չկա»,- դժգոհեց Կարինեն, ավելացնելով, որ կանաչի փոխարեն այգիներում օր օրի ավելանում են վճարովի կարուսելներն ու անպետք խաղալիք, արևածաղիկ ու այլ բաներ վաճառողները:

 

 

Նա միաժամանակ դժգոհում է, որ գրեթե ամեն ինչ Երևանի կենտրոնում է  գտնվում` թատրոններ, ժամացի վայրեր, կրթական հաստատություններ: «Արդեն մի քանի շաբաթ է քոլեջ եմ փնտրում մեր համայնքի տարածքում, որտեղ մանկապարտեզին զուգահեռ` շաբաթ և կիրակի օրերին կարելի է երեխաներին տանել: Մեծ մասը Կենտրոնում են:   Երեխային թատրոն տանելու համար պետք է մեկ ժամ ճանապարհ գնաս ու հետ գաս` այն էլ այս վիճակում գտնվող երթուղային տաքսիներով: Էդքանից հետո ստացվում է երեխայի ժամանցը ապահովելու փոխարեն նրան լավ հոգնացնում ես»,-նկատեց մայրիկը:

 

 

Սիրանույշ Գևորգյանն էլ  անդրադառնում է   շահումով խաղերին: Նույնիսկ  Ֆեյսբուքյան իր էջում գրեցդրա մասին . «Քաղաքապետի թեկնածու լինեի, սրանք քաղաքի երեսից վերացնելու խոստում կտայի, չնայած էս մեկը Գյումրիում եմ նկարել, բայց ցանկությունս հավասարապես բոլոր քաղաքներին է վերաբերում»:  Սիրանույշի  տղան դեռ դպրոցահասակ չէ, բայց մեզ հետ  զրույցում նա մտահոգություն հայտնեց դպրոցական տղանների համար, ովքեր մի քանի անգամ 100 դրամներ գցելով խաղի ապարատի մեջ, փորձում են անպայման դուրս բերել ներսում գտնվող սիգարետը:

 

 

«Բարեկամության մետրոյի անցումի երկու մուտքերի մոտ էլ ապարատներից դրված են: Միշտ տեսնում եմ դիմացը 13-14 տարեկան տղաներ են կանգնած: Այսինքն եթե խանութներում իրենց սիգարետ չեն վաճառում, էդ ապարատից են փորձում վերցնել: Չգիտեմ, ստացվում է, թե ոչ: Բայց կարծում եմ,  եթե չհանեն, ամեն օր չեն կանգնի այդտեղ»,-մտահագություն է հայտնում Սիրանույշը:

 

 

 

ՄԻՊ աշխատակազմի Խոցելի խմբերի պաշտպանության և հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության վարչության պետ, երեխաների իրավապաշտպան Աիդա Մուրադյանի /ինքն էլ մայրիկ է/  գնահատմամբ, այսօր Երևանում դրականն ու բացասականը շատ միախառնված են.

 

 

«Եթե դպրոցական տարիներին շարադրություն էինք գրում «Մեր վարդագույն քարի քաղաքը» վերնագրով ու մի տեսակ հպարտություն էի զգում, այսօր այդ նույն բառերը շատ մտահոգիչ են… Մտահոգված եմ իմ երեխայի, բոլոր երեխաների ու մեր համաքաղաքացիների համար: Դրականը և բացասականը այնքան միախառնված են, որ դժվար է գնահատականներ տալը: Մի կողմից, այսօր կառուցվում են նոր շինություններ՝ ապահովելով մարդկանց աշխատատեղով և բնակարաններով, մյուս կողմից ՝ այդ շինարարական աշխատանքների ընթացքում ծառահատումներ են տեղի ունենում: Կամ մանկապարտեզներն այսօր անվճար են ու սոցիալական բոլոր խավերը հնարավորություն ունեն երեխաներին նախադպրոցական կրթություն տրամադրել, միաժամանակ այդ նույն մանկապարտեզներում երեխաների քանակը սահմանված չափի կրկնապատիկն է… Նոր ավտոբուսներ են ներմուծվել, բայց նրանցից և ոչ մեկը հարմարեցված չէ հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին…»:

 

 

Եվ ոչ միայն վերջինների համար: Մեր հասարակական տրանսպորտը նախատեսված չէ նաև մանկասայլակով երթևեկելու համար: Իսկ   առևտրի մեծ կենտրոններում ու նույնիսկ ամենաշքեղ սուպերմարկետներում չկան զուգարաններ, էլ չենք ասում  երեխաների համար նախատեսված սենյակներ կամ գոնե հարմարանքներ, որ մայրերը  անհրաժեշտության դեպքում կարողանան իրենց նորածին փոքրիկներին փոխել կամ կերակրել:

“Վերջերս Ազգային ժողովում  օրենք էին քննարկում երեխաներին մինչև վեց ամսական տարիքը բացառապես կրծքով կերակրելու մասին, բայց ոչ մեկի մտքով չանցավ, որ դա նաև ենթադրում է, որ հասարակական վայրերում պետք է տարածքներ առանձնացվեն, որտեղ մայրիկները կարող են կերակրել մանուկներին, ինչպես դա արևմտյան երկրներում է արվում”, – ասաց մեր մեկ այլ զրուցակից ` Սուսաննան, նշելով, որ ի պատասխան  այս դիտարկմանը  իրեն, որպես կանոն,  խորհուրդ  են տալիս  նստել տանը` փոքրիկի հետ խանութներով շրջելու փոխարեն…

 

 

Իրականում  շատերը այս ու նման շատ խնդիրների մասին չեն էլ մտածում: Նախ, առանց դրա էլ հոգսերն են շատ, և երկրորդը` մարդիկ համակերպվում են ապրել ոչ հարմարավետ քաղաքում և տներում, նույնիսկ չփորձելով  պահանջել ավելին…

Հ. Կարապետյան

Դիտումների քանակը` 4972

Գլխավոր էջ