Վանաձորի ավագանիում կանայք 24 % են կազմում
Թեպետ հոկտեմբերի 17-ին տեղի ունեցավ Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի երդման արարողությունը , սակայն ավագանու ընդդիմադիր անդամները ի դեմս «Լուսավոր Հայաստան», «Բարգավաճ Հայաստան» եւ «Հայկական վերածնունդ» ֆրակցիաների բոյկոտեցին այդ արարողությունը:
Այնուամենայնիվ, ավագանու բոլոր անդամները ստացել են իրենց մանդատները: Ըստ այդմ, այսօր Վանաձորի նորընտիր ավագանու կազմում 33 անդամներից 8-ը կամ 24 %-ը կանայք են: Հիշեցնենք, որ ՀՀ Ընտրական օրենսգրքով, կուսակցությունները պարատավոր էին ապահովել իրենց ցուցակների յուրաքանչյուր քառյակում թեկնածուների 25/75 սեռային համամասնությունը: Հոկտեմբերի 2-ի Վանաձորի ավագանու ընտրություններին մասնակցեց 8 կուսակցություն: Նրանց նախընտրական ցուցակներում ընդհանուր թվով 326 թեկնածու էր ներկայացված, որոնցից 93-ը կամ 29 տոկոսը կանայք էին:
Ներկայացնում ենք նորընտիր ավագանու կազմը
ՀՀԿ խմբակցության 13 անդամներից 3-ն են կանայք (23%). Գայանե Քալանթարյանը՝ ‹‹Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսեր›› ՊՓԲԸ տնօրեն, ՀՀԿ Լոռու տարածքային կազմակերպության կազմակերպիչ Մարինե Հովհաննիսյանը և երիտասարդ Սոխակ Մելքոնյանը: Ուշագրավն այն է, որ վերջինս ՀՀԿ ցուցակում 24-րդ հորիզոնականում էր ներկայացված և նրանից առաջ դեռ 4 կին թեկնածու էր ներկայացված:
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունում 10 անդամից երկուսն են կին (20%)՝ Կարինե Ղուկասյանը և Անահիտ Կարապետյանը: Նշենք, որ խմբակցության նիստում վերջինս՝ Անահիտ Կարապետյանը, ընտրվել է խմբակցության քարտուղար:
«Հայկական վերածնունդ» խմբակցությունում 5 անդամներից միայն մեկն է կին (20%)՝ մանդատը բաժին է հասել «Աջակցություն հղի կանանց» ծրագրի սոցիալական աշխատող Մերի Եղիազարյանին:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունում 3 անդամից միայն մեկն է կին (33%) ՝ կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Այծեմնիկ Օհանյանը:
ՀՅԴ խմբակցությունն ավագանիում կունենա ընդամենը երկու անդամ, որից մեկը՝ կին (50%): Կուսակցության որոշմամբ մանդատը տրվել է ՎՊՀ, դոցենտ Արմենուհի Կյուրեղյանին: Ի սկզբանե Արմինե Կյուրեղյանը երրորդն էր կուսակցության ցուցակում, սակայն ՀՀ նոր Ընտրական օրենսգրքի պահանջով կուսակցությունը պարտավոր էր իր խմբակցության կազմում երկու սեռի ներկայացուցիչներ ապահովել:
Մասնավորապես, նոր Ընտրական օրենսգրքի 114 հոդվածի կետ 6-ում նշված է. «Ընտրական ցուցակից ընտրվում է այն թեկնածուն, որի հերթական համարն ընտրական ցուցակում փոքր կամ հավասար է տվյալ ընտրական ցուցակին հասանելիք մանդատների թվին: Եթե դրա արդյունքում կուսակցության (կուսակցությունների դաշինքի) բոլոր մանդատները բաժին են հասնում նույն սեռի ներկայացուցիչներին, ապա ցուցակի հերթականությամբ վերջին ընտրվածի մանդատը տրվում է ընտրական ցուցակի չներկայացված սեռի նվազագույն համարով թեկնածուին, եթե կա»:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին կայացած ընտրությունների արդյունքներով «Լուսավոր Հայաստան»-ը ստացավ 10 մանդատ, ԲՀԿ-ն՝ 3, «Հայկական վերածնունդը»՝ 5, ՀՀԿ-ն՝ 13, իսկ ՀՅԴ-ն՝ 2: «Լուսավոր Հայաստան», «Բարգավաճ Հայաստան» եւ «Հայկական վերածնունդ» կուսակցությունների միջեւ կնքված համաձայնագրով՝ այս ուժերը պետք է իրենց ձայնը տային «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Քրիստ Մարուքյանին՝ այդպիսով ՀՀԿ-ին Վանաձորում դարձնելով ընդդիմություն: Ու չնայած նրան, որ ՀՀԿ-ն ու նրանց կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն միասին ընտրությունների արդյունքում ընդամենը 15 մանդատ էին ստացել Վանաձորում, Մամիկոն Ասլանյանը փակ քվեարկության արդյունքում 19 ձայնով քաղաքապետ ընտրվեց: Եվ հիմա «Լուսավոր Հայաստանը» խնդիր է դրել պարզելու, թե ովքեր են համաձայնագրին դավաճանող 4 անձինք:
«Պետք է հասկանանք՝ ովքեր են այն 4 անձինք, որոնք նախնական համաձայնությունը կամ իրենց ստորագրությունը չեն հարգել եւ իրենց ձայնը տվել են ՀՀԿ թեկնածուին: Դա իմանալը կարեւոր այնքանով, որ 33 հոգանոց ավագանիում կիմանանք՝ ում հետ ենք ճամփա գնում, որովհետեւ առաջիկա 5 տարին պատրաստվում ենք աշխատել իրար հետ: Շատ կարեւոր է իմանալ, թե ովքեր են այդ կազմսւմ ընդգրկված եւ ինչ ազդեցության տակ կարող են փոփոխել իրենց կարծիքը», – ասել է Վանաձորի քաղաքապետի նախկին թեկնածու, ավագանու անդամ Քրիստ Մարուքյանը :
Լիա Խոջոյան
Դիտումների քանակը` 3274