Սրբուհի Գրիգորյան. «Փոփոխությունների հիմքն եմ դնելու մեր քաղաքում»
WomenNet.am-ի զրուցակիցը Սիսիանի քաղաքապետի թեկնածու Սրբուհի Գրիգորյանն է, ով ընտրություններում հանդես է գալիս «Դեպի փոփոխություններ» կարգախոսով : Լրագրող, Սիսիանի ավագանու անդամ, Սիսիանի Կանանց ռեսուրս կենտրոնի գործադիր տնօրեն Սրբուհի Գրիգորյանը «Լուսավոր Հայաստան» կուսակցության տեղի գրասենյակի ղեկավարն է, առաջին անգամ է առաջադրվում որպես համայնքի ղեկավարի թեկնածու: Ասում է, Սիսիանին հոգատար, սկզբունքային, առկա խնդիրների լուծման ուղիները տեսնող ու քննադատությունից չվախեցող քաղաքապետ է պետք…
– Առաջին ավանդական հարցը, ինչո ՞ւ որոշեցիք առաջադրվել:
– Առաջադրման գաղափարն ավելի վաղ է ծագել, երբ տեսա, որ ներկա իքաղաքային իշխանությունները համակարգված չեն աշխատում կառավարության ու միջազգային կազմակերպությունների հետ: Գաղափարն այդպես ծնվեց: Ես ավագանու անդամ եմ, ժողովրդի հետ ամենօրյա կապի մեջ եմ եղել, մասնագիտությամբ լրագրող եմ, որոշեցի , որ պետք է առաջադրվեմ եւ մեր քաղաքում փոփոխությունների հիմք դնեմ:
-Ձեր կարծիքով ի ՞նչ կարող եք փոխել քաղաքի կյանքում: Ինչո՞ւ պետք է քաղաքացին հենց Ձեզ ընտրի:
– Մենք տեսնում ենք, որ հիմնականում համայնքապետի ընտրություններում առաջադրվում են օլիգարխները, նրանք , ովքեր բիզնես ու ֆինանսական լծակներ ունեն: Ես համոզված եմ, որ մեր ամբողջ ձախողումները գալիս են նրանից, որ իշխանությունները հեռու են մնում ժողովրդից, հիշում են միայն ընտրությունների նախօրեին: Ես ցանկանում եմ, որ այս վիճակը փոխվի եւ դա պետք է սկսել հենց ՏԻՄ-երից: Քաղաքապետը պետք է հասկանա, որ իր աշխատավարձն ստանում է ժողովրդից եւ ծառայում է ժողովրդին: Նման փոփոխություններ եմ ես ցանկանում:
Այսօր մեր քաղաքը բազմաթիվ խնդիրներ ունի . շատ ընտանիքներ ապրում են սոցիալական շատ վատ պայմաններում, ինչի հետևանքով հոգեորսության զոհ են դառնում, աղբահանությունը վատ է իրականացվում, աղբը թափվում է պատմական հուշարձանի դամբարանադաշտի վրա, կոյուղատարները լավ չեն գործում, ինչը կարող է վարակիչ հիվանդությունների պատճառ դառնալ, հասարակական տրանսպորտից դժգոհությունները չեն մարում, խաղահրապարակներ չկան, բակային տարածքների հաշվին ավտոտնակներն ավելանում են, ինչը հանգեցնում է ճարտարապետական ու էկոլոգիական խնդիրների…
Մեր երեխաները հաճախ Երևան են գնում՝ «Լունապարկ» կարուսել նստելու համար, ո՞ր դարում ենք մենք ապրում, մենք պետք է կաուսելներ ունենանք այստեղ, գոնե նորմալ խաղահրապարակներ, որ կարողանան երեխաները մարզվել, սա նաև առողջությանը վերաբերող հարց է…
-Հաղթանակի դեպքում ինչի՞ց եք սկսելու
– Հաղթանակի դեպքում մեր թիմը համագործակցությունից է սկսելու՝ ջրմուղի, էլեկտրացանցի ու այլ ձեռնարկությունների հետ: Առաջիններից կլինեն էներգախնայողության ու զբոսաշրջության զարգացմանը նպաստող ծրագրերը: Համայնքի խնդիրների լուծման համար շատ կարևոր է հանուն գաղափարի շուրջ համախմբել շահագրգիռ կողմերին:
Պետք է գալ այն ընկալման, որ խնդիրները ոչ թե քաղաքապետարանին են, այլ յուրաքանչյուր սիսիանցու, բոլորինս, դրանք պետք է լուծվեն համատեղ ջանքներով: Քաղաքի բնակիչների հետ հանդիպումներից տպավորություն եմ ստացել, որ սիսիանցին մնացել է իր խնդրի հետ մենակ ու մեկուսացված. մարդիկ դժգոհում են, որ իրենց մասին հիշում են ընտրությունից ընտրություն: Փորձում ենք մարդկանց համոզել, որ պետք է լինել ակտիվ ուզող, միջոցներ ձեռնարկել ու հասնել խնդիրների լուծմանը:
– Դուք առաջին կին թեկնածուն եք , որ հավակնում եք քաղաքապետի պաշտոնին: Սիսիանցին պատրա ՞ստ է կին քաղաքապետ ունենալ: Մտահոգություն չունե ՞ք, որ կարծրատիպերը կգործեն:
– Գիտեք, կարծրատիպեր կային նաեւ 2012 թվականին, երբ ես առաջադրվեցի որպես ավագանու թեկնածու, մինչեւ իմ առաջադրվելը եւս երկու կին թեկնածուներ էին առաջադրվել, բայց չէին հաղթահարել ընտրաշեմը: Այո, կարծրատիպեր կային, բայց ես առաջադրվեցի եւ մարդիկ ընտրեցին, կարծում եմ, ընտրեցին, զգալով, որ կարող եմ աշխատել: Ես իմ աշխատանքով ցույց տվեցի, որ ժողովրդից չեմ կտրվել, որ ժողովրդի հետ միահյուսված եմ: Դժվարություններ, իհարկե, կան: Այսօր արդեն իմ մրցակիցները նման հայտարարություններ են անում, թե գուցե խելացի է, բայց ուժեղ չի: Ես ցանկանում եմ հարցնել, ուժը ո ՞րն է, ես բոքսի ռինգ չեմ գնում, որ այնտեղ բազկի ուժ ցոցադրեմ: Ցանկացած համայնքի ղեկավարի ուժն իր ինտելեկտուալ կարողություններն ու դիվանագիտական հմտություններն են: Այս առումով, ես անշուշտ կարող եմ մրցակցել: Տեսակետներ , այո կան, թե կին է, ուրեմն թույլ ղեկավար կլինի, բայց ես չեմ կարծում , որ դա այդպես է: Ինձ, օրինակ, հարցրել են, թե արդյոք կարող եք քաղաքը բռի մեջ հավաքած պահել… Մարդիկ կան, որ այդպես են մտածում, բայց ես վստահ եմ, որ յուրաքանչյուրն իր աշխատանքի ոճն ունի եւ կարեւորը ճիշտ ու սրտացավ աշխատի :
– Այնումենայնիվ, կանանց ղեկավարելու ոճի նկատմամբ վստահության պակաս կա հասարակության կողմից…
– Գուցե հասարակությունը սովոր չէ, որ կինը ղեկավարի: Բայց ես օրինակ կառավարությանն ուղղված իմ նամակով, Սիսիանում շատ ավելի մեծ քայլ արեցի, քան շատ տղամարդիկ: Հրատապի ծրագրով նամակ ուղղեցի վարչապետին եւ բարձրացրի այն խնդիրը, որ Գորիսին կառավարությունն ավելի շատ միջոցներ է տրամադրում , քան Սիսիանին: Հանդիպեցի վարչապետի, տարածքային կառավարման նախարարի հետ , խնդրի շուրջ քննարկում ծավալվեց: Արդյունքում կառավարության ներկայացուցիչները տեղում ծանոթացան Ֆիզկուլտուրնիկների թիվ 6 վթարային շենքը, որի մասին ես բարձրաձայնում եմ եւ որտեղ ամեն օր փլուզման վտանգի տակ շուրջ 40 ընտանիք է ապրում: Այս խնդիրը չակերտավոր` «ուժեղ» տղամարդիկ մինչ այսօր չեն կարողացել լուծել: Կառավարությունն այժմ այդ հարցով զբաղվում է, այնպես որ, իրական ուժը հաճախ այնպիսին չէ, ինչպես մենք սովոր ենք պատկերացնել: Սիսիանին բազկի ուժ պետք չէ, Սիսաիանին առկա խնդիրների լուծման ուղիները տեսնող, հոգատար քաղաքապետ է պետք:
-Ի՞նչ անել Հայաստանում որոշումների կայացման գործընթացներում կանանց ներկայացվածությունը բարձրացնեու համար :
– Ասեմ, որ այս ուղղությամբ գեղեցիկ խսքեր ու խոստումներ շռայլելը շատ ավելի հեշտ է, քան գործնականում տեղաշարժ արձանագրելը: Սիսիանում գործող Կանանց ռեսուրս կենտրոնը հետեւողական աշխատանք է տանում բոլոր նրանց հետ, ովքեր ցանկանում են մասնակցել որոշումների կայացման գործընթացներին, ովքեր կարող են աշխատանք տանել համայնքի խնդիրները լուծելու ուղղությամբ: Պետք է ասեմ, որ մինչեւ 2012 թվականը, միայն ես էի որպես ավագանու թեկնածու առաջադրվել , այս ընտրություններում Սիսիանում արդեն 5 կին ավագանու թեկնածու է առաջադրվել : Կարծում եմ սա լուրջ տեղաշարժ է: Դա նաեւ օրինակ է Սիսիանի մյուս կանանց համար, որ իրենք էլ ձգտեն առաջ շարժվել: Համոզված եմ, կինը պետք է պատասխանատվությությունը կիսի տղամարդու հետ եւ նրա հետ հավասար լուծումներ փնտրի , որովհետեւ կնոջ եւ տղամարդու մտածողությունը տարբեր է, միեւնույն խնդիրն նրանք կարող են տարբեր հարթություններում դիտարկել եւ միասին գտնել օպտիմալ լուծում:
Նշենք, որ Սիսիանում համայանքի ղեկավարի եւ ավագանու ընտրություններ են նշանակված հոկտեմբերի 2-ին: Համայնքի ղեկավարի պաշտոնին էին հավակնում չորս թեկնածու, որոնցից մեկն ինքնաբացարկ հայտնեց ; ընտրություններին մասնակցելու են՝ գործող քաղաքապետ, անկուսակցական Աղասի Հակոբջանյանը, «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Սրբուհի Գրիգորյանը և անկուսակցական Արթուր Սարգսյանը: Սիսիանի գործող ավագանին կազմված է 15 անդամից: Միակ կինը Սրբուհի Գրիգորյանն է: Այս ընտրություններում ավագանու անդամի թեկնածու է առաջադրվել 21 քաղաքացի, նրանից 5-ը կանայք են:
Մարիաննա Ղահրամանյան
Հասմիկ Կարապետյան
Դիտեք նաեւ Սրբուհի Գրիգորյանի մասին պատմող տեսանյութերը.
Գալիք ՏԻՄ ընտրությունները Սիսիանում. Քննարկում Մեդիա կենտրոնում
«Առաջխաղացման բանաձև» Սիսիանում ՏԻՄ ընտրություններ են
Դիտումների քանակը` 3370