Սրբուհի Գրիգորյան. «Ավագանու աշխատանքում կանանց տեսակետի պակաս է զգացվում»/ վիդեո
Սրբուհի Գրիգորյանը Սիսիանում սեպտեմբերի 9-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում որպես ավագանու անդամ առաջադրված միակ կին թեկնածուն է: Մասնագիտությամբ լրագրող է, աշխատում է «Սիսիանի լրատու» ՍՊԸ-ում՝ որպես «Սիսիանի ձայն» թերթի խմբագիր: Միաժամանակ թղթակցում է «Երկիր Մեդիա», «Շանթ» եւ «Սոսի» հեռուստատեսությունների լրատվական ծրագրերին, ինչպես նաեւ դասավանդում Հայաստանի պետական ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղում: ՏԻՄ-ընտրություններում առաջադրվելու դրդապատճառները ներկայացնելիս շեշտում է, որ ավագանու աշխատանքում ակնհայտորեն կանացի մտածողության պակաս է զգացվում եւ ինքը որոշել է լրացնել այդ բացը:
– Կարծում եմ, ժամանակն է, որ ավագանին փոխի իր գործելաոճը, դառնա ավելի գործուն ու ժողովրդական: Գիտեի, նաեւ նախընտարկան քարոզարշավի շրջանակում ընտրողների հետ իմ հանդիպումներում հաստատվեց, որ ավագանու անդամները ընտրվելուց հետո երբեւէ չեն հանդիպում ընտրողների հետ: Հարց է ծագում, եթե ավագանու անդամը ժողովրդի կարծիքին ականջալուր չի լինում, ուրեմն ո՞ւմ համար է աշխատում: Ակնհայտ է, որ ժողովրդի քվեն ստացած յուրաքանչյուր պաշտոնյա, անկախ դիրքից, պետք է հաշվետու լինի ժողովրդին, նրա դարդ ու ցավը հաշվի առնի, մեծ պատասխանատվություն զգա որեւէ որոշման կողմ կամ դեմ քվեարկելիս:
…Ես Սիսիանից հեռանալու շատ առաջարկներ եմ ստացել: Կարող էի տեղափոխվել մայրաքաղաք, անցնել մասնագիտական առաջընթաց ապահովող հեռանկարային աշխատանքի, բայց միշտ նախընտրել եմ մնալ իմ քաղաքում եւ ինչ-որ բան անել բնօրրանիս համար: Որպես լրագրող` ինձ հաջողվել է որոշ խնդիրներ լուծել: Այժմ որոշել եմ ավագանու կազմում իմ ակտիվ աշխատանքով նպաստել Սիսիանի զարգացմանը:
-Ո՞րն է ավագանու Ձեր պատկերացրած մոդելը:
– Ավագանին պետք է աշխատի ի շահ համայնքի եւ նրա բնակիչների: Այն կարծրացած մտածողությունը, որ ավագանու անդամն ընտրվում է իր անձնական նպատակերին հասնելու համար, պետք է փոխվի: Ավագանու անդամ լինելը նաեւ քաղաքականության մեջ կոփվելու փորձադաշտ չպետք է լինի: Չպետք է ընտրվենք մեր հեղինակությունը բարձրացնելու նպատակով:
Ավագանու աշխատանքն իրականում հեշտ չէ: Դրան պետք է լուրջ վերաբերվենք յուրաքանչյուրս:
-Ո՞րն է Ձեր գլխավոր առավելությունը մրցակից թեկնածուների համեմատ:
-Առավելությո՞ւն: Ես չեմ գտնում, թե որեւէ թեկնածուի նկատմամբ առավելություն ունեմ, բայց ուզում եմ նշել, որ մեզ՝ որպես Սիսիանի բնակիչներ, համարձակ, գիտակ եւ ավագանու լիազորություններին լավատեղյակ ավագանու անդամներ են պետք: Կարծում եմ, որ ես կարող եմ այդպիսն լինել, հակառակ պարագայում այս մրցապայքարի մեջ դժվար թե մտնեի: Մեր քաղաքում համենայն դեպս ցայսօր ավագանու կազմում կին անդամ չենք ունեցել եւ ավագանին ընկալվել է որպես բացառապես տղամարդկանց մենաշնորհ. սա միասին պետք է կոտրենք: Այդ ուղղությամբ ես շատ կարեւոր քայլ եմ կատարել, մնացածը թող որոշի ժողովուրդը:
-Կնոջ ներկայությունը ի՞նչ կփոխի ավագանու աշխատանքում:
-Գիտե՞ք խնդիրներին կանայք այլ ձևով են նայում, տղամարդիկ այլ: Կարծում եմ, որ ավագանու նիստերի ժամանակ պետք է հնչեցվի նաեւ կանանց տեսակետը, որն անշուշտ հաշվի կառնվի: Չեմ ուզում ասել, որ մինչ օրս ընդունված որոշումները բխել եմ բացառապես տղամարդկանց շահերից, սակայն ինչ-որ մեկը` կանանց հիմնախնդիրներին քաջածանոթ մեկը, ձայն պետք է ունենա նաեւ ավագանու կազմում: Համոզված եմ՝ դա կարող է մեծապես օգնել ավագանուն եւ համայնքի ղեկավարին իրենց աշխատանքում:
– Ո՞րն է լինելու Ձեր ամենագլխավոր անելիքը ընտրվելու դեպքում:
– Երկար տարիներ է՝ լուսաբանում եմ ավագանու նիստերը, լավ գիտեմ դրա գործառույթներն ու անելիքները: Շատ կցանկանայի, որ մենք ուժեղ ավագանի ունենայինք: Հավատացեք՝ միայն ուժեղ ավագանի ունեցող համայնքն է ուժեղ: Ես փորձելու եմ ամեն ինչ անել, որ մեր համայքն իրոք ուժեղ լինի: Շատ խնդիրների լուծում դուրս է ավագանու լիազորություններից, սակայն համայնքի ավագանին կարող է դրանցից առանձնացնել առաջնայինները եւ դրանք լուծում տալու առաջարկով՝ ուղերձներով, դիմել պատկան մարմիններին: Այդ դեպքում ե՛ւ կմեծանա ավագանու դերը, ե՛ւ խնդիրնեըը լուծում կստանան: Պետք է օգտագործել բոլոր հնարավորությունները, որ ավագանին կատարի իր իրական դերը:
–Ձեր լրագրող լինելը որքանո՞վ կնպաստի ավագանու անդամի աշխատանքին:
– Լրագրողի ներկայությունն ընդհանրապես զգոնություն է առաջացնում: Արդեն նշեցի, որ նիստերին մասնակցել եմ, սակայն կարծիք հայտնելու, աշխատանքում ներգրավվելու հնարավորություն չեմ ունեցել: Եթե ընտրվեմ, ամեն ինչ այլ կլինի: Ես` որպես լրագրող, ամեն օր շփվում եմ մարդկանց հետ, ծանոթ եմ նրանց հոգսերին ու մտատանջող խնդիրներին: Դրանք ավագանու քննարկումների առանցքում կլինեն: Լրագրողի իմ աշխատանքը կօգնի միայն ավելի ժողովրդական դարձնելու ավագանու աշխատանքը:
-Ձեր խոսքը սիսիանցի ընտրողին:
-Կցանկանայի, որ ընտրողներն առավել պատախանատվությամբ վերաբերվեին ավագանու ընտրություններին: Քվեախցում մենք առաջիկա չորս տարիների աշխատանքի սկիզբն ենք դնում: Մի՛ առաջնորդվեք բարեկամին ընտրելու սկզբունքով, ընտրե՛ք արժանավորին, որ կարողանաք հետո պահանջել: Հենց ձեզանից է կախված Սիսիանի ապագան:
Ես ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ ընտրություններից հետո Ձեզ հետ եմ լինելու` մտահոգ Ձեր խնդիրներով և հոգսերով, լինելու եմ Ձեզանից մեկը:
Աննա Ավետիսյան
Դիտումների քանակը` 4780