«Ստացվում է, որ մենք իրավունք չունե՞նք աշխատելու, ժամկետա՞նց ենք»
Աշխատաշուկայում խտրականությունը միջին տարիքի անձանց նկատմամբ համատարած է
Մեր զրուցակիցն է Թամարա Գրիգորյանը, ով աշխատանքը կորցրել է 2012 թվականի հունվարին և մինչ օրս նոր աշխատանք չի գտել: 2012-ին տիկին Թամարան 51 տարեկան էր, այսօր՝ 57, բայց թե՛ այն ժամանակ, թե՛ այսօր հիմնական խոչընդոտը, որ նրան խանգարել է գտնել նոր աշխատանք, ընդ որում ցանկացած՝ ոչ միայն մասնագիտությամբ, եղել է տարիքը:
«Մասնագիտությամբ կենսաբան եմ, երկար տարիներ աշխատել եմ Վանաձորի քիմիական տեխնիկումում, դրան զուգահեռ, համատեղության կարգով մի քանի տարի դասավանդել եմ դպրոցում որպես կենսաբանության և քիմիայի ուսուցչուհի: Այնուհետև՝ վերապատրաստում անցնելով ադմինիստրատիվ աշխատանքի ուղղությամբ, աշխատել եմ մասնավոր ընկերությունում որպես կադրերի բաժնի վարիչ: Վեց տարի առաջ աշխատանքս կորցրեցի և դրանից հետո բազմաթիվ գործակալությունների եմ դիմել, կարելի է ասել հարստացրել նրանց՝ վճարելով անհրաժեշտ գումարը, սակայն ինձ համար աշխատանք այդպես էլ չգտնվեց, թեպետ իմ մասնագիտական հմտություններն այնպիսին են, որ աշխատանք գտնելը չպետք է դառնար խնդիր»,-WomenNet.am-ի հետ զրույցում նշեց տիկին Գրիգորյանը:
Այս տարիների ընթացքում դիմելով և՛ աշխատանքի գործակալություններին, և՛ անհատ գործատուներին մեկ պատասխան է ստացել՝ ձեր տարիքը չի համապատասխանում մեր պահանջներին: Ասել են. «Մենք ձեզ չենք էլ ուզում գործատուին ներկայացնել, որովհետև պահանջում են մինչև 35 տարեկան», «Դուք կրթություն ստացել եք խորհրդային տարիներին, այսօր լրիվ այլ պահանջներ են», «Մեզ ձեր փորձը չի հետաքրքրում, մեզ անհրաժեշտ է մինչև 35 տարեկան աշխատակից» կամ էլ «Դուք ձեր տարիքում չեք դիմանա այդ աշխատանքին»: Եղել է մերժել են, նույնիսկ վիրավորելով. «Ձեր տարիքի մենք անգամ հավաքարար չենք վերցնի»: Այս արտահայտությունն, ի դեպ, արել է հանարապետությունում բավականին հայտնի ու հարգված ընկերության աշխատակիցը՝ հեռախոսազրույցի ժամանակ: Մինչդեռ այդ նույն ընկերության գովազդներում մշտապես նշվում է, որ պահանջվում են աշխատակիցներ մինչև 60 տարեկան, ու եթե հավատանք դրան, ապա ստացվում է , որ հայտարարություններին պատասխանող անձը զուրկ է ոչ միայն պրոֆեսիոնալ էթիկայից ու մարդկային վերաբերմունքից, այլև անտեղյակ է, թե ինչպիսի կադրային քաղաքականություն է վարում տվյալ ընկերությունը…
«Աշխատանքի գործակալությունների աշխատակիցներին, որոնց ծառայություններն, ի դեպ, վճարովի են, ասում էի՝ դուք ինձ տեղավորեք աշխատանքի, եթե ես իմ մասնագիտական որակներով կամ մնացած իմաստներով չեմ բավարարի գործատուին, ապա խնդիր չկա, ես ինքս կհեռանամ, քանի որ պատասխանատու եմ ու չեմ հանդուրժի անորակ աշխատանք երբեք: Բայց ինձ ընդհանրապես գործատուին չէին էլ ներկայացնում, միանգամից կտրուկ պատասխանում էին, թե գործատուի պահանջը երիտասարդներն են»,- պատմում է տիկին Գրիգորյանը: Նրա խոսքով , նման դեպքերում առարկել է՝ ասելով, որ ՀՀ Աշխատանքային օրեսնգրքում նման կետ չկա, որ աշխատակիցը պետք է լինի միայն մինչև 35 տարեկան: «Բացի այդ, դա իմ սահմանադրական իրավունքի ուղիղ խախտում է , չէ որ ըստ Սահմանադրության՝ «Յուրաքանչյուր ոք ունի աշխատանքի ազատ ընտրության իրավունք»: Հետևապես նման իրավիճակը, որ ինձ հետապնդում է արդեն վեց տարի, ոչ միայն վիրավորական է , այլև հակասահմանադրական», – ասում է նա:
Տիկին Թամարան նշեց, որ սկզբում փորձում էր աշխատանք գտնել իր մասնագիտությամբ կամ հմտություններին ու գիտելիքներին համապատասխան, սակայն շատ շուտով այդ ամենը մի կողմ դրեց և փորձեց ուղղակի ցանկացած աշխատանք գտնել, բայց դա էլ չհաջողեց: Օրինակ, փորձել է գովազդային գործակալ աշխատել, բայց գործակալության տնօրենը մերժել է իրեն ընդունել աշխատանքի, ձևակերպելով դա այնպես, որ իբր «իր տարիքում չի կարողանա աշխատել, քանի որ վազքը շատ է և անգամ երիտասարդները չեն դիմանում լարվածությանը»: Սա, ի դեպ, միակ դեպքն է եղել, երբ անձամբ գործատուի հետ է խոսել և մերժում ստացել:
Թամարա Գրիգորյանին անհանգստացնում է նաև ընդհանուր աշխատանքային շուկայի պատկերը, նրա խոսքով՝ ամեն քայլափոխի խախտվում են աշխատողների իրավունքները, նրանց որևէ մի կառույց չի պաշտպանում, իսկ դատարան միայն եզակիներն են կարողանում հասնել: Համատարած է արտաժամյա աշխատանքը, աշխատանքային պարտականությունները հաճախ ուժերի գերլարում են պահանջում, քանի որ երկու աշխատակցի փոխարեն մեկին են պահում, որոշ տեղերում անգամ ընդմիջման ժամ չկա: Երիտասարդներն էլ պաշտպանված չեն, այդ իսկ պատճառով երկու-երեք ամիսը մեկ աշխատանք են փոխում՝ չեն դիմանում լարվածությանը: Սրանք հարցեր են, ասում է մեր զրուցակիցը, որ արտացոլում են աշխատանքային շուկայի անմխիթար վիճակը, որը շուտափույթ լուծումներ է պահանջում:
«Ես թոշակառուի տարիքում չեմ, բայց փաստացի երկար տարիներ չեմ կարողանում աշխատանք գտնել: Այս խտրականությունը միջին տարիքի անձանց նկատմամբ համատարած է, այն ուղղակի վիրավորական է ոչ միայն իմ, այլև այն բոլոր քաղաքացիների համար, որոնք ինձ նման չեն կարողանում աշխատանք գտնել: Ի վերջո, ստացվում է, որ մենք իրավունք չունե՞նք աշխատելու և ապրելու, ժամկետա՞նց ենք»,- հարցնում է նա:
Ի դեպ, Թամարա Գրիգորյանը պատրաստվում է այս խնդրի շուրջ նամակով դիմել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հավատալով, որ նոր Հայաստանում իրավիճակ է փոխվել և գուցե այսօրվա Հայաստանում միջին և բարձր տարիքի քաղաքացիները «ժամկետանց» չեն համարվի ու կկարողանան արժանապատիվ ապրել մինչև թոշակի տարիքը: Եվ ոչ թե տարիներ շարունակ փնտրեն աշխատանք, սակայն ամեն մի նոր փորձի հետ վհատվեն՝ զգալով որ այլևս պետք չեն մեր հասարակությանը:
Լիա Խոջոյան
Դիտումների քանակը` 2292