Սուսաննա Մուրադյան. «Դեմ եմ ամեն տեսակի խտրականությանը»

«Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Սուսաննա Մուրադյանը «Օհանյան – Րաֆֆի – Օսկանյան» դաշինքի երկրորդ կին թեկնածուն է` ցուցակի 8-րդ հորիզոնականում է ներկայցված: Մասնագիտությամբ տնտեսագետ է, ավարտել է նաև  ՀՀ ԳԱԱ մագիստրատուրան՝ կառավարում մասնագիտությամբ։ Բազմիցս վերապատրաստվել է եվրոպական երկրներում՝ ստվերային տնտեսության և ստվերային զբաղվածության թեմաներով, երկար տարիներ Հանրային խորհրդի աշխատանքային իրավունքի հարցերով  ենթահանձնաժողովն է ղեկավարում:  Սուսաննա Մուրադյանի խոսքով` անելիք շատ ունի քաղաքական դաշտում, ասելիքն էլ պակաս չէ, այդ թվում  նաև առանձնահատուկ ուշադդրություն է դարձնելու կանանց խնդիրներին:

 

Տիկին Մուրադյան, քաղաքական գործունեությունը Ձեզ համար նորություն չէ, բայց այդուհանդերձ՝ ինչո՞ւ եք ուզում դառնալ պատգամավոր:

 

-Դեռ 1982 թվականին ընտրվելով մոտ 5000 աշխատող ունեցող հիմնարկության արհմիության միացյալ կոմիտեի նախագահ, տարիներ շարունակ հիմնականում զբաղվել եմ աշխատողների շահերի պաշտպանությամբ, նրանց աշխատանքային և այլ իրավունքների պաշտպանության գործով, այդ թվում` դատարաններում։ Ենթադրում եմ, որ եթե այդ գործը պատշաճ չանեի, ապա 4 անգամ, 16 տարի անընդմեջ  չէի վերընտրվի։ 1987-ին, երբ դեռ 29 տարեկան էի, Հայաստանի արհմիությունները (ՀԱՄԽ) ինձ առաջադրեցին ՍՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր։ Մտքովս անգամ չէի կարող անցկացնել, որ հենց ինձ կառաջադրեն և ես կընտրվեմ որպես թեկնածու, բայց ՀԱՄԽ-ի այն ժամանակվա ակտիվը և ղեկավարները հիմնավորեցին  ինձ ընտրելու հանգամանքը  իմ համարձակությամբ ու  ուղղախոսությամբ և ամենակարևորը՝ աշխատասիրությամբ։

Երկար տարիներ Հանրային խորհրդի աշխատանքի իրավունքի հարցերով ենթահանձնաժողովի նախագահ, «Ժառանգության» վարչության անդամ լինելով  տրամաբանական է, որ շատ մոտիկից գիտեմ մեր երկրում հետընթաց ապրող տնտեսության, գործազրկության, ոչ ֆորմալ զբաղվածների, աշխատանքային իրավունքի խնդիրների, աշխատանքի շուկայում կանանց նկատմամբ խտրականության և այլ երևույթների մասին։ Երբ «Ժառանգություն» կուսակցության խորհուրդն ու վարչությունը առաջադրեցին իմ թեկնածությունը, մտածեցի, որ օրենսդիր մարմնում ավելի արդյունավետ կարող եմ զբաղվել նշված  խնդիրներով, կարող եմ իմ ներդրումն ունենալ երկիրը կարգի բերելու գործին, հետևաբար ուրախ կլինեմ, եթե վստահության քվե ստանամ։

 

Որո՞նք են այն երեք առաջնահերթ խնդիրները, որ օրենսդիրում ներկայացված լինելու պարագայում կբարձրաձայնեք:

-Քաղաքական բանտարկյալներին օր առաջ ազատ արձակելը: Եթե, այնուամենայնիվ, այս ընտրություններով չձևավորվի լեգիտիմ իշխանություն, ապա ամեն ինչ կանեմ, որ իմ ներդրումն ունենամ Հայաստանում ազատ, արդար ընտրություններ անցկացնելու գործում: Նաեւ կարեւորում եմ  գանձագողերին գտնելը և օրենքով սահմանված կարգով գողունը վերադարձնելը պետական բյուջե, դրանից բխող իրավական հետևանքներով :

 

 

Նշեցիք, որ կանանց իրավունքների պաշտպանությունը Ձեր օրակարգում է եղել: Պատրա՞ստ եք պաշտպանել կանանց շահերը խորհրդարանում: Ինչպե՞ս եք վերաբերվում կանանց նկատմամբ խտրականությանը եւ անհավասարության դրսեւորումներին:

-Ընդհանրապես դեմ եմ ամեն տեսակի խտրականությանը, բայց հատկապես կանանց նկատմամբ խտրականության դրսևորումներին։ Մեր կուսակցության կանանց խորհրդի նախագահն եմ և արդեն շուրջ 3 տարի մեր քննարկումների թեման է եղել կանանց նկատմամբ խտրականության դրսևորումների, այդ թվում աշխատանքի, աշխատավարձի, երկրի կառավարմանը կանանց ներգրավվածությանը վերաբերող հարցերը։ Այդ հարցերով անպայման զբաղվելու եմ, եթե ընտրվեմ:

 

 

Համաձա՞յն եք, որ Հայաստանում կանանց ներուժը արդյունավետ չի օգտագործում: Եթե այո, ապա ո՞րն է խնդրի լուծումը:

-Այո, համաձայն եմ. մասնագետ կնոջը պետք է նայել որպես մասնագետի, լիդեր կնոջը՝ որպես լիդերի, կին քաղաքական գործչին՝ որպես քաղաքական գործչի, առանց սեռային պատկանելիությունը հաշվի առնելու։ Քաղաքական խոհանոցում կինը նույնքան հաջողակ կարող է լինել, որքան տան խոհանոցում, այն երկրները, որտեղ կանայք ծանրակշիռ ներկայություն ունեն կառավարման օղակներում, այդ երկրներում քաղաքականությունը սոցիալական ուղղվածություն է ունենում։

 

 

Ինչպե՞ս եք վերաբերվում քվոտավորմանը: Համամիտ եք բոլոր ոլորտներում կին-տղամարդ 50/50 գաղափարի հետ եւ պատրաստ եք այն պաշտպանել:

 -Քվոտավորման նկատմամբ երկակի վերաբերմունք ունեմ, և դեմ եմ, քանի որ գտնում եմ, որ դա նույնպես խտրականության դրսևորում է, թեկուզ եւ պոզիտիվ: Բայց նաև ելնելով մեր երկրի վերջին 25 տարիների այդ առումով տխուր փորձից` համամիտ եմ 50/50 գաղափարի հետ և պատրաստ եմ հարկ եղած դեպքում այն պաշտպանել։

 

Զրուցեց Լիա Խոջոյանը

Դիտումների քանակը` 4135

Գլխավոր էջ