Սոնա Մինասյան. « Քաղաքականության ողջ իմաստն այն է, որ յուրաքանչյուր քաղաքացի լինի երջանիկ»
Մեր զրուցակիցն է լրագրող Սոնա Մինասյանը, ով զբաղեցնում է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության համապետական ցուցակի 8-րդ հորիզոնականը:
–Ինչո՞ւ որոշեցիք առաջադրվել՝ որպես պատգամավորի թեկնածու և ինչպե՞ս եք պատկերացնում ձեր գործունեությունը խորհրդարանում:
–Հստակ կարող եմ պատասխանել, որ այդ որոշումն իմ աշխատանքային գործունեության շարունակությունն է, մասնագիտությամբ լրագրող եմ, 2011 թվականից «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության անդամ: Քաղաքական գործունեությունը նաև ամենօրյա աշխատանք է եղել իմ համար, բնականոն և օրինաչափ եմ համարում որպես պատգամավորի թեկնածու առաջադրվելը, անգամ այլընտրանք չէր կարող լինել: Իմ նպատակն է, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ապրի և արարի սեփական հայրենիքում՝ արժանապատիվ և մրցունակ Հայաստանում, որտեղ ամեն ինչ անելու եմ հանուն մարդու և նրա ապահովության համար:
-Որո՞նք են 3 առաջնահերթ խնդիրները մեր երկրի համար, որ կփորձեք լուծել՝ պատգամավոր ընտրվելու դեպքում:
-Ներքին և արտաքին բազմաթիվ խնդիրներ ու մարտահրավերներ ունենք այսօր, բայց կառանձնացնեմ հիմնական առաջնահերթությունները, որոնք ողղակիորեն փոխկապակցված են միմյանց հետ: Արտաքին քաղաքականության ուղեգծի փոփոխություն՝ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը դադարեցնել և ՀՀ դարձնել եվրոպական ընտանիքի լիիրավ անդամ, իսկ Ռուսաստանի հետ հարաբերությունները պետք է լինեն գործընկերային՝ իրավահավասարության սկզբունքի հիման վրա: Տնտեսության խորքային բարեփոխում՝ անզիջում պայքար կոռուպցիայի, մենաշնորհի և ստվերի դեմ: Անվտանգության ապահովվում՝ ԼՂ-ի հակամարտությունը լուծել բացառապես խաղաղ ճանապարհով, հասնել Արցախի Հանրապետության միջազգային ճանաչմանը: Այս խնդիրների լուծման համար անհրաժեշտ են հստակ քայլեր և լուծումներ, որոնք մենք ներկայացրել ենք Հայկական Երազանքի նախընտրական ծրագրում, որոնք հիմնված են հստակ հաշվարկների վրա և որոնց կարելի է հասնել իրատեսական ժամանակահատվածում: Եվ վերջապես, քաղաքականության ողջ իմաստը միտված է նրան, որ յուրաքանչյուր քաղաքացի լինի երջանիկ:
-Պատրաստ եք պաշտպանել կանանց շահերը խորհրդարանում:
-Կարևորելով կանանց դերակատարությունը ժողովրդավարության և արդյունավետ կառավարման համակարգի զարգացման գործընթացում, ոչ թե պատրաստ եմ, այլ պարտավոր եմ պաշտպանել կանանց շահերը, և աջակից լինել և՛ ֆիզիկապես, և՛ բարոյապես հանրային կյանքի բոլոր ոլորտներում կանանց դերն ու նշանակությունը բարձրացնելու:
-Ինչպես եք վերաբերվում կանանց նկատմամբ խտրականությանը եւ անհավասարության դրսեւորումներին:
-Լինելով ազատական մարդ՝ ընդհանրապես դեմ եմ խտրականությանը և անհավասարության դրսևորումներին: Նախ և առաջ, հենց կանայք պետք է անդրադառնան վերոհիշյալ խնդիրներին և պայքարեն այս իրավիճակի դեմ, իրենց իսկ կյանքը փոխելու համար վերագնահատելով իրենց տեղն ու դերը:
-Համաձայն եք, որ մեր պետությունը կանանց ներուժը արդյունավետ չի օգտագործում:
-Պաշտոնական տվյալներնը վկայում են, որ կանայք զգալիորեն քիչ են ներկայացված խորհրդարանում և կառավարության կազմում, շատ ավելի տխուր վիճակ է ինքնակառավարման մարմիններում, կուսակցությունների ընտրական ցուցակումներում նրանց ընդգրկելու՝ օրենքով սահմանված քվոտարումը ևս կանանց համար օրենսդիր մարմնում ընտրվելու համար լիարժեք հավասար հնարավորություններ դեռևս չի ապահովում: Այսպիսի մոտեցումը անթույլատրելի է, նախ և առաջ հենց պետությունը պետք է շահագրգիռ լինի, իրավահավասար պայմաններ ստեղծի կանանց ներգրավվածությունն ապահովելու համար:
–Ձեր կարծիքով՝ ի՞նչ խնդիրներ են հուզում հատկապես երիտասարդ կանանց:
-Պատկերը բավականին տարբեր է, և տարանջատելն էլ է դժվար, ինձ մտահոգում է ավելի շատ ընտանիքի ինստիտուտը, որտեղ կանանց մի մասն անգամ չի կարողանում ինքնահաստատվել և ներկայանալ իր ամբողջ պոտենցիալով, արդյունքում, փաստացի ավելի շատ ինքնադրսևորման հնարավորություն տղամարդիկ են ունենում, քան կանայք: Կարծում եմ՝ հուզող խնդիրների մի ստվար մաս գալիս է հենց այստեղից:
– Կին քաղաքական գործչի հաջողության Ձեր բանաձևը : Ի՞նչ դժվարություններ եք տեսնում այդ ճանապարհին: Ի՞նչ հատկանիշներ են հարկավոր կնոջը՝ դրանք հաղթահարելու համար:
-Արեք, ինչ կարող եք, նրանով, ինչ ունեք, այնտեղ, որտեղ գտնվում եք: Հաջողությունն երկար սպասեցնել չի տա: Եթե անկեղծ, կանանց դերի վերաբերյալ հանրային մտածողությունը փոփոխության կարիք ունի, բայց պետք է փաստեմ, որ կարծրատիպերը հաղթահարելու ճանապարհին ենք, և այդ է վկայում այսօր երիտասարդ կանանց ակտիվությունը հասարակական և քաղաքական կյանքում: Անհնարին ոչինչ չկա և ոչ մի դժվարություն անհաղթահարելի չէ, եթե ունեք Նպատակ, Ցանկություն, Համառություն:
–Ինչպե՞ս եք վերաբերում քվոտավորմանը և ինչպիսի՞ն պետք է լինի Ձեզ համար ընդունելի քվոտան:
-Անձամբ դեմ եմ քվոտավորմանը, դա նույնպես խտրականության դրսևորում է, և գաղտնիք էլ չէ ոչ-ոքի համար, որ օրենքը շրջանցելու տարբերակներ էլ կան և դրա ականատես ենք եղել բազում անգամներ: Բայց հաշվի առնելով հայկական իրականությունը, չեմ կարող մերժել օրենքի անհրաժեշտությունը: Եվ պատահական չեմ համարում հիշեցնել, որ ՀՀ Ընտրական օրենսգրքի քննարկման ժամանակ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն է առաջարկել կանանց ներկայացվածության 70/30 հարաբերակցության մասին դրույթին իրավական ուժ տալ այս ընտրությունների ժամանակ, սակայն, ինչպես գիտենք օրենքի կիրառումն ամրագրվեց 2021թվականից:
«Ազատ Դեմոկրատներ»-ը ընտրություններին մասնակցող միակ քաղաքական ուժն է, որի ներկայացրած համապետական ընտրական ցուցակի 38%-ն իգական սեռի ներկայացուցիչներ են, այն էլ հիմնականում երիտասարդ, իսկ առաջին տասնյակում երեք կին: Ցանկանում եմ այս փաստով նշել, որ իրականում յուրաքանչյուր խնդրի լուծման համար անհրաժեշտ է հստակ սկզբունքային մոտեցում և քաղաքական կամք:
-Ինչ կպատասխանեք «Քաղաքականությունը կնոջ գործը չէ» արտահայտությանը:
Կներեք, անգամ վիրավորական եմ համարում այդ հարցին պատասխանել, նույն տրամաբանությամբ կարող եմ ասել քաղաքականությունը տղամարդու գործ չէ, և վերջ:
–Ձեր ուղերձն այն քաղաքացիներին, ովքեր մտադիր են մասնակցել ընտրություններին և ընտրել հենց Ձեզ:
-Մեր ամենամեծ կապիտալը ՀՀ քաղաքացին է, և մենք կարող ենք միասին իրագործել այն ապագան ու տեսլականը, որտեղ Հայաստանը լինելու է ինքնիշխան պետություն, իսկ Դուք՝ ՀՀ ազատ և անկախ քաղաքացի: Լինելու եմ պատրաստակամ և հաշվետու ոչ միայն ինձ ընտրողների, այլ յուրաքանչյուր քաղաքացու առջև:
Մ.Մարգարյան
Դիտումների քանակը` 3267