Սյունիքում կանայք առավել հաջողության են հասել ՏԻՄ-ընտրություններում:
Կանանց թիվը ավագանիների կազմում Սյունիքում ամենամեծն է – 17,4 տոկոս, այն դեպքում երբ ողջ հանրապետության կտրվածքով կանայք ավագանիներում՝ ընդամենը 8,3 տոկոս են :
Սեպտեմբերի 9-ին Սյունիքի մարզում կայացած ՏԻՄ ընտրություններին համեմատաբար մեծ թվով կանայք են մասնակցել. մարզում համայնքի ղեկավարի թեկնածություն է առաջադրել 21 կին ( 11%) , իսկ ավագանու անդամության կին թեկնածուների թիվը 125 էր( 17,5%): Համեմատության համար նշենք, որ ողջ հանրապետության կտրվածքով՝ համայնքի ղեկավարի պաշտոնին հավակնողներից կանանց թիվը 5-տոկոսից չի անցել, իսկ ավագանի անդամության թեկնածուներից կանայք 10 տոկոս են կազմել:
Համայնքի ղեկավար առաջադրված 21 կանանցից ընտրությունները հաջողությամբ ավարտվեցին միայն 3 կանանց համար՝ Հացավան, Շրվենանց, Քարահունջ գյուղերում վերընտրվեցին գործող գյուղապետեր ՝ Մարգարյան Շուշանը , Մանուկյան Արմինեն, Ավետյան Լուսինեն: Իսկ ավագանի անդամ առաջադրված 120 թեկնածուներից ընտրվել են 86-ը:
Համեմատության համար նշենք, որ սեպտեմբերի 9-ին և 23-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում՝
Արարատում ընտրված 614 ավագանու անդամից` 37-ը կին են;
Արմավիրում` 649-ից` 57-ը կին են;
Լոռիում` 574-ից` 72 կին են;
Շիրակում` 574-ից` 43-ը կին են;
Արագածոտնում ՝ 458-ից՝ 19 կին են;
Գեղարքունիքում 385-ից՝ միայն 8-ը կին են;
Կոտայքում՝ 468-ից՝ 36-ը;
Վայոց ձորում՝ 213—ից՝ 10-ը;
Տավուշում՝ 302-ից 28-ն են կին;
Սյունիքում` 494-ից` 86-ը կին են;
Այսպիսով Սյունիքը առաջատար է ավագանիների կազմում կանանց ներկայացվածության առումով: Ընդ որում ավանդաբար, քանի որ գրեթե նույն պատկերն էր ստացվել անցած ընտրությունների արդյունքներով: Սակայն խոսքը միայն գյուղական ավագանիների մասին է, քաղաքների դեպքում թեպետ առաջընթաց արձանագրվել է, բայց աննշան: Կարեւորը՝ սայլը տեղից շարժվել է, քանի որ անցած ընտրություններում Սյունիքի քաղաքային ավագանիներում ոչ մի կին չի եղել:
Ինչպես հաղորդում է մեր գործընկեր Իրինա Յոլյանը Գորիսից, թիվ 37 ընտրատարածքում, որն ընդգրկում է Գորիսի և Սիսիանի տարածաշրջանները, կին թեկնածուների հաջողության գործակիցը բավականին բարձր է եղել: Այստեղ է, որ ընտրություններին մասնակցած համայնքի ղեկավարի 7 կին թեկնածուներց 2-ը վերընտրվել են: Ավագանու անդամության 42 կին թեկնածուներից ընտրվել են 33-ը, որոնցից 19-ը Սիսիանում եւ հարակից համայնքներում, իսկ մնացածը` Գորիսում եւ կից համայնքներում:
Կին թեկնածուների քաղաքական ակտիվությունը այս ընտրատարածքում պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ տարածաշրջանում գործող կազմակերպություններն աջակցել են կանանց` տարբեր նախաձեռնություններ իրականացնելով: Մասնավորապես` Գորիսի Կանանց զարգացման “Ռեսուրս կենտրոն” հիմնադրամը , “Կանանց քաղաքական հզորացման աջակցություն` տեղական մակարդակում“ ծրագրի շրջանակներում, Սյունիքի մարզի Կանանց Ռեսուրս կենտրոնների ցանցի հետ համատեղ աջակցել են Գորիս, Խնածախ,Հալիձոր, Քարահունջ համայնքներում առաջադրված կին թեկնածուներին: Ծրագիրը իրականացվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ:
Նրանց մասին պատրաստվել են տեսանյութեր, քաղաքական գովազդներ, որոնք հեռարձակվել են տեղական և մարզային հեռուստաընկերություններով, բոլոր տեսանյութերն ու կանաց մասին պատմող այլ հոդվածներ տեղադրվել են նաև Womennet.am կայքում: Բոլոր այն կանայք , որոնց մասին պատրաստվել են տարբեր տեղեկատվական նյութեր ու տարածվել տեղեկատվական հարթակներում, ընտրվել են: Թերեւս այս փաստը անուղղակիորեն ապացուցում է, որ կանայք ՏԻՄ ընտրություններում գերխոչընդոտները հաղթահարելու խնդիր ունեն եւ լրացուցիչ աջակցություն ստանալու դեպքում, լինի դա բարոյական կամ տեղեկատվական, հասնում են հաջողության:
Դիտումների քանակը` 4805